
Կաթնամթերքի շուկան՝ նոր թվերով
Այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալներով, կաթնամթերքի արտադրության ծավալները 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զգալի ավելացել են։
Նախորդ ամիսների վիճակագրական տվյալներից երևում է, որ Հայաստանում կաթնամթերքի արտադրության նման արագ տեմպերով աճ է նկատվում դեռևս 2014-ի նոյեմբերից։ Հունվար-դեկտեմբերին, օրինակ, թթվասերի արտադրության պաշտոնական վիճակագրական ծավալները 2013-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 14,7%-ով, մածունինը՝ 33%-ով, պաղպաղակինը՝ 48,8%-ով և այլն։ Իսկ հունվարին թթվասերի արտադրության արձանագրված ծավալները նախորդ տարվա համեմատ 2,4 անգամ են աճել, մածունինը՝ 2,1 անգամ, պաղպաղակինը՝ միանգամից 30,5 անգամ։
Իհարկե, քչերը կհավատան, թե կաթնամթերքի արտադրության ծավալների պայմանավորված է պահանջարկի մեծացմամբ։ Այնպես չէ, որ քաղաքացիները հանկարծ սկսել են շատ կաթնամթերք օգտագործել։ Դա ավելի անտրամաբանական է երկրում առևտրաշրջանառության ծավալների նվազման ֆոնին։ Ոչ էլ երկրից կաթնամթերքի արտահանման ծավալներն են այդ տեմպով աճել։
Իրականում պատճառը դրոշմապիտակավորման պարտադիր պահանջն է։ Անցած տարվա սեպտեմբերից փաթեթավորված կաթնամթերքի համար պարտադիր դրոշմապիտակավորման պահանջ սահմանվեց։ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարվեցին, ըստ որոնց՝ ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված՝ շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված` կաթնեղենի, սուրճի, թեյի, ձեթի, քացախի, պատրաստի կամ պահածոյացված մսեղենի և ձկնեղենի, բանջարեղենից և մրգերից պատրաստված կամ պահածոյացված արտադրանքի, ինչպես նաև կոսմետիկայի, օճառի վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է:
Դա հանգեցրեց նրան, որ կաթնամթերք արտադրող ընկերությունները ցույց տվեցին իրենց շրջանառության իրական կամ իրականին մոտ ծավալները։ Արտադրողներն իրենց արտադրած կաթնամթերքի բոլոր տուփերի վրա հիմա դրոշմապիտակներ են փակցնում: Գործադիրն ու օրենսդիրը դրոշմապիտակավորման պահանջ են ներկայացնում, որպեսզի տվյալ ոլորտում գործող ստվերը «ջրի երես դուրս գա»։ Այսինքն՝ թե՛ այս տարվա մայիսին, թե՛ դրան նախորդող ամիսներին կաթնամթերքի արտադրության արձանագրված աճը ոչ թե իրականում արտադրության ծավալների աճ է, այլ պաշտոնական մարմիններին ներկայացված թվերի աճը։ Օրինակ, եթե պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ հունվար-մայիսին 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ պաղպաղակի արտադրության ծավալներն աճել են 83,2%-ով և կազմել 3 579 հազ. լիտր, դա դեռ չի նշանակում, որ 2014-ի հունվար մայիսին արտադրությունը 83,2%-ով քիչ է եղել, այլ՝ որ այդ ժամանակ չկար դրոշմապիտակավորման պարտադիր պահանաջ, ու արտադրողները կարողանում էին թաքցնել արտադրության իրական ծավալները։ Սա ցույց է տալիս, թե կաթնամթերքի շուկայում ինչ շոշափելի ծավալների է եղել ստվերային գործունեությունը։
Այս թեմայի շուրջ բազմիցս զրուցել ենք կաթնամթերք արտադրող տարբեր ընկերությունների աշխատակիցների ու ղեկավարների հետ։ Սակայն տրամաբանական է, որ արտադրողը չի ընդունում այն, որ նախկինում իր գործունեության մեջ շոշափելի ստվեր է եղել։
Դրոշմապիտակավորման պարտադիր պահանջից հետո արտադրության ծավալների աճին զուգահեռ զգալիորեն աճել են նաև կաթնամթերք արտադրող ընկերությունների վճարած հարկերը։ Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության «2015թ. հունվար-մարտ ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մեծությունների» վերաբերյալ ցանկի՝ «Դուստր Մարիաննա» ընկերությունն, օրինակ, վճարել է մոտ 124,5 մլն դրամ, մինչդեռ 2014-ի նույն ժամանակահատվածում վճարել է 77,8 մլն դրամ, «Աշտարակ-Կաթը»՝ 262,8 մլն դրամ (2014-ի առաջին եռամսյակում՝ մոտ 89,9 մլն դրամ), «Թամարան»՝ 42,6 մլն դրամ (2014-ի առաջին եռամսյակում՝ 27,7 մլն դրամ) և այլն։
Ստվերային գործունեության ծավալների կրճատումը կամ վերացումը նպաստում է, որ արտադրողները իրենց արտադրության իրական ծավալներին համապատասխան հարկեր վճարեն պետբյուջե։ Այսինքն՝ ստվերի կրճատումը դրական արդյունքներ է տալիս։ Բայց մեզ՝ սպառողներիս համար դա այլ արդյունք տվեց։ Դուրս գալով ստվերից՝ կաթնամթերք արտադրողները սկսեցին թանկացնել արտադրանքը։ Դրոշմապիտակավորման պահանջը մտցնելուց արդեն 2 ամիս անց՝ նոյեմբերին, կաթնամթերքը, ըստ պաշտոնական վիճակագրության, թանկացավ մոտ 7%-ով, իսկ արդեն դեկտեմբերին՝ 13 %-ով։
Վերջին տվյալների համաձայն՝ 2015-ի մայիսին 2014-ի մայիսի համեմատ կաթնամթերքի հայաստանյան շուկայում գրանցվել է 5,9% գնաճ։ Ճիշտ է՝ այս տարվա ապրիլի համեմատ 1,2% գնանկում է արձանագրվել, բայց դրոշմապիտակավորման հետևանքները հասկանալու համար մեզ տարեկան համեմատություն է պետք։ Այսինքն՝ ստացվում է, որ արտադրողները ստվերի կրճատման հարցը լուծել են սպառողի գրպանի հաշվին։ Չմոռանանք, որ այդպես եղավ նաև 2013-ին, երբ հանքային ջրերի, գարեջրի, ըմպելիքների, հյութերի և այլ ապրանքների համար ևս պարտադիր դրոշմապիտակավորման պահանջ դրվեց։ Ընդամենը մի քանի ամիս անց դրանց արտադրության ծավալները պաշտոնական վիճակագրությամբ աճեցին, զուգահեռաբար այդ ապրանքները թանկացան։ Արտադրողները թանկացման հաշվին լուծեցին ավելի շատ հարկեր վճարելու իրենց խնդիրը։
Կաթնամթերք արտադրողներն այսօր չեն կարող պնդել, որ իրենց ապրանքները թանկացել են հումքի հաշվին, քանի որ թե՛ կաթի մթերման գներն են նվազել և թե՛ կաթի փոշու համաշխարհային գները։ Արտադրության ծավալների աճի և կաթի փոշու ներկրման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար «Հետքը» դեռևս մեկ ամիս առաջ դիմել է «Աշտարակ-Կաթ» ընկերություն, որտեղից ուղղորդեցին գրավոր հարցում ուղարկել, սակայն մինչ օրս ընկերությունն ակնհայտորեն խուսափում է պատասխանել հարցմանը։
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել