
10 տարի առաջ կարգալույծ արված թեմի առաջնորդը պատրաստվում է դատի տալ «Արմենիա TV»-ին
Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի նախկին առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը (ավազանի անունը` Ղազարոս Կյուրեղյան) պատրաստվում է դատի տալ «Արմենիա TV» հեռուստաընկերությանը:
Հոկտեմբերի 23-ին Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիրի Մայր տաճարի գմբեթի խաչերի օրհնության եւ օծման արարողություններն էին: Այդ օրը «Արմենիա TV»-ի «Ժամը» կիրակնօրյա թողարկումը նույն թեմայի մասին ռեպորտաժ է հեռարձակել` նշելով, որ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի նախկին առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի պատճառով է ձգձգվել եկեղեցու կառուցումը, քանի որ վերջինս յուրացրել է եկեղեցու կառուցման համար նախատեսված նվիրատվության գումարից 3 մլն դոլար:
Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի նախկին թեմակալ առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանին 2000 թ. հոկտեմբերի 6-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն պաշտոնից ազատել է: Նրան փոխարինող նշանակել է իր եղբորը` Եզրաս Ներսիսյանին, որը մինչ այդ Սանկտ-Պետերբուրգի հոգեւոր հովիվն էր: Իսկ Տիրան Սրբազանին առաջարկել է Ուկրարինայի թեմը ղեկավարել: Այդ տարիների հայկական եւ ռուսական մամուլը գրել է, որ Տիրան Սրբազանը չի ցանկացել թողնել իր պաշտոնը, չի ենթարկվել կաթողիկոսին, հրաժարվել է փոխանցել իր ղեկավարած թեմի կառավարումը Եզրաս Ներսիսյանին, հայտարարել է, որ առանձին կրոնական կառույց է ստեղծում` «Մոսկվայի հայ առաքելական եկեղեցիների միություն» անվամբ: Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի համախոհները բողոքի ակցիաներ են կազմակերպել, սակայն կաթողիկոսը որոշումը չի փոխել: Գարեգին Բ-ն 2001-ի մայիսին «անկարգությունների եւ անհնազանդության» համար կարգալույծ է արել Տիրան Սրբազանին: Մինչ այդ արդեն սկսվել էին Սուրբ Խաչ եկեղեցու կառուցման աշխատանքները, դրանք նախատեսվում էր ավարտել 2002-ին, սակայն ավարտվել են միայն այս տարի:
2004 թ. հոկտեմբերի 18-ին ռուսական «Կոմերսանտ» թերթը հոդված է հրապարակել Մոսկվայում հայերի կողմից հոգեւոր կենտրոն կառուցելու մասին: Շինարարության ձգձգումը թերթը կապել է Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի նախկին առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի հետ` նշելով, որ նրան մեղադրել են եկեղեցու շինարարության համար նվիրատվությունից 3 մլն դոլարը յուրացնելու մեջ եւ 2001-ին կարգալույծ են արել: «Նոր եպիսկոպոս Եզրասը ստիպված է եղել կրկին միջոցներ հավաքել»,- գրել է «Կոմերսանտը»:
Այս հրապարակման համար Ղազարոս Կյուրեղյանը դատի է տվել «Կոմերսանտին»: Մոսկվայի քաղաքային դատարանը ապացուցված է համարել այդ տեղեկատվության՝ իրականությանը չհամապատասխանելը եւ վճռել է պարտավորեցնել «Կոմերսանտին» հերքում տպագրել: Պարբերականը 2005-ի սեպտեմբերի 16-ին տպագրել է հերքումը` հաստատելով, որ «այդ տեղեկությունները դատարանի կողմից ճանաչվել են իրականությանը չհամապատասխանող»:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Կադրեր «Ժամը» լրատվական հաղորդման կիրակնօրյա (23.10.2011թ.) թողարկումից |
«Կոմերսանտի» նույն հերքումը «Արմենիա TV» հեռուստաընկերությանն է ուղարկվել հոկտեմբերի 24-ին: Հեռուստաընկերությունը այդ օրը երեկոյան` հաղորդման ավարտին, հրապարակել է հերքումը, կայքից էլ հանել է նախորդ օրվա սյուժեն, սակայն դեռեւս մնացել է հաղորդավարի կարդացած նախաբանը` Ղ. Կյուրեղյանի լուսանկարով եւ 3 մլն դոլարի անհետացման մասին հարցադրումով:
«Ցավալին այն է, որ 1,5 տարի մենք աշխատանք էինք կատարել, հիմքը դրված էր, որտեղ շուրջ 108 մ լայնքն էր, 117 մ՝ երկարությունը, 7 մ՝ խորությունը, հիմքը փորված էր, կոմունիկացիոն աշխատանքները լրիվ կատարված էին, քարերը բերված էին Հայաստանից, առաջին քարը շարված էր, եւ պետք է հիմքն օրհնվեր, եւ այս խնդիրը մեջտեղ եկավ իմ անձի նկատմամբ»,- ասում է Ղ. Կյուրեղյանը:
Նա նշում է, որ եկեղեցուն նվիրաբերված գումարների հետ ինքը բացարձակապես կապ չի ունեցել, քանի որ այդ գումարները տնօրինում էր հատուկ ստեղծված քաղաքային ֆոնդը, իսկ իրեն ազատելուց հետո Մոսկվայի քաղաքապետ Յ. Լուժկովը լուծարել է նաեւ այդ ֆոնդը: «Այդ հոդվածների եւ հաղորդման մեջ խոսվում է, որ 3 մլն դոլարի համար ինձ Գարեգին Ներսիսյանը կարգալույծ արեց: Որտեղի՞ց այս տեղեկությունը «Արմենիա TV»-ին: Սա բոլորովին ուրիշ եւ նոր հայտարարություն, նոր մեղադրանք է: Շուրջ 10 տարի անցել է, նորից այսպիսի հերյուրանքներ իմ հասցեին: Նշանակում է, որ ինչ-որ մեկն այդ տեղեկությունը տվել է հաղորդավարին, հաղորդավարը մեղավոր չէ, ինչ-որ տրվում է, այն էլ հաղորդվում է»,- ասում է Ղ. Կյուրեղյանը:
Վերջինս պնդում է, որ անհնազանդ չի եղել կաթողիկոսին, Գարեգին Բ-ն կարգալուծության որոշումն ընդունել է այն ժամանակ, երբ հովվապետական այցով գտնվել է Միացյալ Նահանգներում եւ Կանադայում եւ բջջային հեռախոսով խոսելով եղբոր հետ` տվել է իր կարգալուծության հրամանը: «Որեւէ բարձրաստիճան հոգեւորականի նկատմամբ այդպիսի քայլ չէր արվել: Պետք է համապատասխան կարգ ու կանոն լինի, օրինավոր ձեւով: Կարգալույծ է արվում միմիայն, երբ դավանաբանական լուրջ մեղադրանքներ կան այս կամ այն հոգեւորականի հասցեին»,- ասում է Ղ. Կյուրեղյանը:
Նա իրեն կարգալույծ անելու՝ Գարեգին Բ-ի որոշումը ապօրինի է համարում եւ հիմնավորում, որ եթե իր անձի նկատմամբ կային մեղադրանքներ, պետք է քննիչ ատյան կազմվեր, գար եւ ստուգեր՝ իսկապես մեղադրանքները տեղի՞ն էին, եթե այո, ապա պետք է հարցը դրվեր Գերագույն հոգեւոր խորհրդի նիստին, ապա եւ եպիսկոպոսական ժողովը քննարկեր: Եթե եպիսկոպոսական ժողովը 2/3 ձայնով որոշում է, որ տվյալ եպիսկոպոսը կամ արքեպիսկոպոսը մեղավոր է, այդ ժամանակ է, որ նա պատժվում է. «Իմ դեմ հերյուրանքներ կային, որ մեծ գումարներ եմ յուրացրել, բայց երբ դրանք հօդս ցնդեցին, իրենք գրեցին, որ կաթողիկոսին անհնազանդ է գտնվել: Ես անհնազանդ չեմ գտնվել, դա նույնպես չի համապատասխանում իրականությանը: Առաջին իսկ ամիսներից Գարեգին Ներսիսյանը խախտեց մեր եկեղեցու կարգ ու կանոնը»:
Ղ. Կյուրեղյանը նաեւ ասում է, որ հեռախոսով կարգալույծ անելուց հետո Գարեգին Երկրորդը, երբ Ամերիկայից վերադարձել է Հայաստան, Գերագույն հոգեւոր խորհրդի մի քանի անդամների հետ հետին ամսաթվով կարգալույծ անելու որոշում է կայացրել: Գերագույն հոգեւոր խորհրդի երկու անդամները` Երուսաղեմի Հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանն ու Պոլսո հայոց պատրիաք Մեսրոպ Մութաֆյանը, կտրականապես դեմ են եղել եւ չեն ստորագրել որոշման տակ` այդ որոշումը անօրինական համարելով:
Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 2000 թ. նոյեմբերի 3-ին նամակ է ուղարկել Գարեգին Բ-ին` 4-րդ կետում անդրադառնալով Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանին կարգալույծ անելու հարցին. «Թեմակալ առաջնորդ մը ազատ արձակելու «ձեւն» ալ կարեւոր է: Այսօր Սրբազան Պապն իսկ իրավունք չունի իր ուզած եպիսկոպոսը հանկարծակի պաշտոնանկ ընելու, Ամենայն հայոց կաթողիկոսն ալ պետք է ընկալեալ կարգ-կանոնով եւ ավանդությամբ առաջնորդվի: Նման պարագաներուն պետք է հստակ եւ փաստացի ըլլա ազատ արձակվողի, առաջնորդի դեմ բերված ամբաստանությունները, պետք է քննիչ ատյան կազմել, ենթակային ինքնապաշտպանության առիթ տալ եւ ապա արդյունքը հրապարակել»:
«Արմենիա TV» հեռուստաընկերության դեմ դատական հայցը կլինի 5-րդը, որտեղ որպես կողմ հանդես կգա նախկին առաջնորդ Տիրան Կյուրեղյանը: «Կոմերսանտի» դեմ դատական հայցից հետո Մոսկվայի հարկային մարմինները նրան մեղադրել են կառուցվելիք եկեղեցու տարածքի համար հարկերից խուսափելու մեջ, նրա դեմ քրեական գործ է հարուցվել, որը, սակայն, կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով. եկեղեցական համալիրի տարածքը հարկից ազատելու մասին հատուկ որոշում է եղել: Հեղինակային իրավունքի խախտման մեկ այլ դատական գործով Ղ. Կյուրեղյանը նույնպես պատասխանող է հանդես եկել, «Մոսկվայի հայ առաքելական եկեղեցիների միության» օրինականության հարցը նույնպես վիճարկել է ՌԴ բոլոր ատյաններում, բայց ապարդյուն:
Հ. Գ. Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցու շինության, նշյալ դատական գործերի եւ Գարեգին Բ-ի հետ նախկին Սրբազանի փոխհարաբերությունների մանրամասները կարող եք կարդալ Ղազարոս Կյուրեղյանի հետ հարցազրույցում` «Հետքի» էլեկտրոնային տարբերակում:
Մեկնաբանություններ (26)
Մեկնաբանել