
Վայքի քաղաքապետի ընկերության հետ առանց մրցույթի ոռոգման ջրագծի կառուցման պայմանագիր է կնքվել
Վայոց ձորի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները, համեմատած Հայաստանի մյուս մարզերի, ըստ ամենայնի, ամենաքիչն են: 2014թ. այս մարզում իրականացվել է ընդամենը 5 հրատապ ծրագիր: Պետության կարիքների համար իրականացված ծրագրերի համար պետական բյուջեից հատկացվել է 197,6 մլն դրամ:
Բանակցային ընթացակարգով և առանց հայտարարության այդ ծրագրերին մասնակցել է նաև Վայքի քաղաքապետի ընկերությունը: Վայոց ձորի մարզպետարանը պայմանագիր է կնքել «Սաղաթելյան եղբայրներ» ՍՊԸ–ի հետ, որն էլ իրականացրել է Վայոց ձորի մարզում Խնձորուտ գյուղի ոռոգման ջրագծի կառուցումը: 28 մլն դրամ է արժեցել այդ նախագիծը, որի կառուցման իրավունքը տրվել է քաղաքապետի ընկերությանը:
Համաձայն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, «Սաղաթելյան եղբայրներ» ՍՊԸ –ի միանձնյա բաժնետերը Արագած Սաղաթելյանն է՝ Վայքի քաղաքապետը: Ընկերությունը գրանցված է Արագած Սաղաթելյանի տան հասցեում: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 250 մլն դրամ է:
Արագած Սաղաթելյանի ընկերությունը հիմնադրվել է 2005թ.-ին, երբ վերջինս «Վայք» ՋՕԸ-ում զբաղեցնում էր գործադիր տնօրենի պաշտոնը: Իսկ քաղաքապետ Արագած Սաղաթելյանը դարձել է այս տարվա հունվարին: Ա.Սաղաթելյանը Հայաստանի իշխող՝ Հանրապետական կուսակցության անդամ է:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2011թ. սեպտեմբերին վարույթ է հարուցել «Սաղաթելյան եղբայրներ» ՍՊԸ-ի նկատմամբ: Մետաղական թիթեղների ձեռքբերման, արտադրության և իրացման բնագավառում ուսումնասիրություն իրականացնելու նպատակով հանձնաժողովի նախագահի գրությամբ դիմել է ընկերությանը` 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պահանջով: Ընկերությունը օրենքով սահմանվածից 7 օր ուշացումով է ներկայացրել տեղեկատվությունը, ինչի համար էլ ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոց է կիրառել՝ երկու հարյուր հազար դրամի չափով տուգանք նշանակելով:
Խնձորուտի գյուղապետ Ժիրայր Նազարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ջրագիծ գյուղը չի ունեցել, այն նոր է կառուցվել: Ծրագիրը, սակայն, ըստ գյուղապետի շուրջ 40 մլն է արժեցել, որից 28 մլն-ը պետական բյուջեից է հատկացվել, իսկ մնացյալը՝ խողովակների տեսքով տրամադրել է Ջրային տնտեսության պետական կոմիտեն:
«Մոտ երկու կմ երկարությամբ գետից բերել ենք գյուղ: Ջրագիծը միայն տնամերձերի համար է,-ասաց Ժիրայր Նազարյանը և հավելեց,- մենք շատ գոհ ենք ջրագծից»: Նախկինում տնամերձների համար Խնձորուտը ջուր չի ունեցել, խմելաջրից են ոռոգել, ինչը չի բավարարել ողջ գյուղին: 517 բնակիչ ունեցող գյուղը 38 հա տնամերձ է ոռոգում։
Փորձեցինք զրուցել նաև քաղաքապետ Սաղաթելյանի հետ: Նա աշխատավայրում չէր եւ հետ զանգելու մեր խնդրանքներին այդպես էլ չարձագանքեց:
Նշենք, որ Վայքի քաղաքապետի պաշտոնը 2008-2014թթ. զբաղեցրել է Վայոց ձորի ներկայիս մարզպետ Հարություն Սարգսյանը: Դրանից հետո այն ստանձնել է Արագած Սաղաթելյանը: Եվ մարզպետը, և քաղաքապետը իշխող՝ Հանրապետական կուսակցության անդամ են:
Լուսանկարը՝ 1in.am-ից
Մեկնաբանել