
19 տարեկանից 23-րդ տարին բանտում գտնվող քաղաքացին դարձել է հաշմանդամ
Վանաձորի բնակիչ Վահագն Մարուքյանը կալանավորվել է 1993 թ.-ին՝ 19 տարեկանում: 1994 թ.-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով նա դատապարտվել է մահապատժի (2003թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ): Մարուքյանը մեղավոր է ճանաչվել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի դիտավորյալ,կանխամտածված սպանության մեջ:
Դատավճռի հիմքում դրվել է նաև նրա ինքնախոստովանական ցուցմունքը: «Ոստիկանության քաղաքային վարչությունում բռնելուց հետո էնքան են խոշտանգել, որ գրել եմ՝ ես եմ սպանել: Եկան ասեցին՝ Վահրամ Խորխոռունին իրա շքախմբով եկել ա ու հրաման ա տվել, որ եթե չի ասում, որ ինքն ա, ուրեմն քաղմասից հանեք ու խփեք: Առավոտ գիշերով հանեցին դռան դեմը, հրեցին ու կրակեցին հետևիցս: Հիմա էլ գնդակը մարմնիս մեջ ա: Դրանից հետո ասեցի՝ ինչ կասեք, էն էլ կգրեմ: Ու իմ վրա վերցրեցի սպանությունը: Էլ ուրիշ ճար չունեի»,- պատմեց 42-ամյա Վահագն Մարուքյանը, ով արդեն 23-րդ տարին գտնվում է անազատության մեջ:
«Խցի պատերը խոնավությունից բառիս բուն իմաստով թափվում են, հոդերի հիվանդություն ունեմ, մատներիս ոսկորները ծռվել են, պատերից բռնվելով հազիվ ոտերս քարշ եմ տալիս»,- ասաց «Հետքին» «Դատապարտյալների հիվանդանոցից» ահազանգած 23-րդ տարին բանտում գտնվող ցմահ բանտարկյալ, 2-րդ կարգի հաշմանդամ Վահագն Մարուքյանը: 2,4 տարի «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող դատապարտյալն ասաց, որ մշտապես խցային վատ պայմանների հարցը բարձրացրել է:
Դատապարտյալը արդեն 3-րդ տարին բարձրաձայնում է նաև ռեժիմի փոփոխության ու պայմանական վաղաժամկետ ազատման հարցերի մասին. «Ո՛չ իմ ռեժիմն են փոխում, փակից անցնեմ գոնե կիսափակ ռեժիմ, ո՛չ էլ առավել ևս պայմանական ազատման հարց են լուծում: Անընդհատ հետաձգում են ազատման հարցը 1 տարով»:
Եթե քաղաքացիական հայցն է չազատելու պատճառը, ապա դատապարտյալը նշում է, որ պատրաստ է իր հաշմանդամության թոշակից հրաժարվել և այդ գումարով վճարել հայցը: «Էստեղ բոլորի պատասխանն էն ա, որ նախագահը համաձայնություն չի տվել, որ մեզ պայմանական ազատեն: Մինչև նախագահը հրաման չտա, մենք չենք կարա ազատենք: Լավ, բայցգոնե ռեժիմը կարան փոխեն»,-ասաց դատապարտյալը՝ նշելով, որ այդ հարցով դիմել է ՄԻՊ գրասենյակ:
ՄԻՊ-ից հարցում են արել արդարադատության նախարարություն, որտեղ, ըստ Մարուքյանի, նշված է, որ ինքը որևէ միջոցառման չի մասնակցում, չի աշխատում և այլն. «Ես երկար ժամանակ ա ասում եմ, ինձ տարեք զոնի եկեղեցին մի հատ գոնե մոմ վառեմ: Մինչև հիմա չեն տարել: Աշխատանքի մասին՝ ո՞նց աշխատեմ, որ հազիվ եմ քայլում»:
Հ.Գ. ՀՀ դատարանների արխիվում Վահագն Մարուքյանի վերաբերյալ քրեական գործին ծանոթանալու նպատակով «Հետքը» դիմել է ՀՀ դատական դեպարտամենտ: Իսկ Վահագն Մարուքյանի հետ հարցազրույց անցկացնելու համար դիմել ենք ՀՀ ԱՆ ՔԿՎ պետին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել