
Փայլակ Հայրապետյան. «Աշոտ Սուքիասյանի կողքին հիմա 8 հոգի էլ պիտի նստած լիներ»
«Ես համաձայնել եմ իմ ունեցվածքը ներդնեմ, քանի որ գործ ունեի պետական կառույցների, վարչապետի, նախարարի հետ: Ես վստահել եմ պետությանը: Եթե չլիներ վարչապետը, նախարարությունը, չէի վստահի»,- ցուցմունք տալով դատարանում՝ ասաց «Օֆշորային» անունը ստացած հայտնի գործով տուժող ճանաչված գործարար Փայլակ Հայրապետյանը:
Դատավարության սկզբում նա միջնորդեց դատարան հրավիրել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի կնոջը, նրա հաշվապահին, էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանին, ֆինանսների նախարարության վերահսկողության ծառայության պետին, ֆինանսների նախկին նախարարին, «Ամերիաբանկի» 5 պատասխանատու անձի, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ պատասխանատուների: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստը նախագահող Վարդան Գրիգորյանը հայտնեց, որ միջնորդությունը կքննարկի դատաքննության վերջում:
Հիշեցնենք, որ հայտնի օֆշորային պատմության գործով մեղադրանք է առաջադրվել միայն մեկ անձի՝ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանին, ով գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախնական կալանքի տակ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ երեք հոդվածներով: Ըստ մեղադրանքի, նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
Իսկ նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի մասով գործն առանձնացվել է և դեռ նախաքննության փուլում է: Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ Հայաստանում ադամանդագործությունն ու ոսկերչությունը զարգացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով իր կողմից գրավադրած 12 մլն դոլարը չի ծառայել նպատակին, փոխարենը նախ փոխանցվել է կիպրոսյան օֆշորային գոտում գտնվող մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին:
Ըստ «Հետքի» կատարած հետաքննության պարզվել է, որ այդ ընկերության բաժնետերերն են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Սամվել Կճոյանը: Սակայն ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը պնդում է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու արքեպիսկոպոս Կճոյանը որևէ առնչություն չունեն այս պատմության հետ: Ավելին՝ նա հայտնել է, որ նախկին վարչապետ Սարգսյանի ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել: Իրենց առնչությունն այս գործարքին հերքում են նաև իրենք՝ ԱՄՆ-ում ՀՀ ներկայիս դեսպանն ու արքեպիսկոպոսը:
Փայլակ Հայրապետյանը, ցույց տալով «Հետքի» հրապարակումը, նշեց. «Եթե այստեղ գրվածը սուտ լիներ, հիմա շատերը նստած կլինեին»:
Ամեն ինչ, ըստ գործարար Փայլակ Հայրապետյանի, սկսվել է այն բանից հետո, երբ ներկա է եղել այն ժամանակվա Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի մոտ հրավիրված ժողովին, որին մասնակցել են նաև 23 ընկերությունների տնօրեններ: Այնտեղ էլ նախարարը ներկայացրել է Աշոտ Սուքիասյանին, ով ներկայացրել է, որ Աֆրիկայում Սիեռա Լեոնե հանրապետությունում 850 հա տարածք ունի, որը հարուստ է ոսկով ու ալմաստով:
«Աշոտ Սուքիասյանը տեսագրություններ էր ցույց տալիս, թե տեսեք ոսկին ոնց ենք հանում, քարտեզներ էր ցույց տալիս, ասում էր՝ ես Հայաստանի համար կարող եմ դառնալ հումքի թիվ մեկ ներկրողը, կբերենք կմշակենք: Ասեց, որ Հայաստանը կդառնա ադամանդագործության կենտրոն: Մտածեցի, որ 3 տարում կհանեմ իմ ներդրած գումարները, աշխատատեղեր կբացվեն» ,- ասաց Փայլակ Հայրապետյանը՝ նշելով, որ որևէ պայմանագիր ո՛չ Աշոտ Սուքիասյանի, ո՛չ էլ ՀՀ կառավարության հետ չի կնքել, պարզապես վստահել է պետությանը: Նա անգամ լիազորագիր է տալիս Աշոտ Սուքիասյանին, որ գրավադրում կատարի իր անունից:
Ըստ տուժողի ցուցմունքի, Աշոտ Սուքիասյանի թելադրանքով «Ամերիա» բանկում կազմվում է բիզնես ծրագիր, որտեղ նշվում է, որ ծրագրի արդյունքում Հայաստանում պիտի բացվի 10.000 աշխատատեղ: Փայլակ Հայրապետյանի գրավադրած գույքի գումարով պիտի Աշոտ Սուքիասյանը ձեռքբերեր անհրաժեշտ տեխնիկա, սակայն գումարները նպատակին չեն ծառայել: Չնայած սկզբնական փուլում Աշոտ Սուքիասյանը վստահեցրել է, որ գործերը շուտով կսկվեն:
Փայլակ Հայրապետյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն այսօր դատարանում հայտնեց, որ ձեռք է բերել փաստաթղթեր, որոնց համաձայն, բացի մեղադրական եզրակացության մեջ ներկայացրած Հայրապետյանի գրավադրված գույքից, բանկում գրավադրված են եղել նաև Աշոտ Սուքիասյանին պատկանող այլ ընկերություններ. «Բանկը պետք է վերահսկեր, թե գրավի առարկա գումարներն ուր են գնում»,- ասաց Հայրապետյանի ներկայացուցիչը:
Փայլակ Հայրապետյանը, պատասխանելով կողմերի հարցերին, ասաց, որ 5-րդ ամսից զգացել է, որ իրեն խաբել են. «Աշոտ Սուքիասյանի կողքին հիմա 8 հոգի էլ պիտի նստած լիներ»,- ասաց ունեզուրկ գործարարը:
Դատախազ Դավիթ Վեքիլյանը
Տուժողին հարցեր տվեց նաև ամբաստանյալի աթոռին նստած Աշոտ Սուքիասյանը: Նա նշեց, որ Փայլակ Հայրապետյանը Էկոնոմիկայի նախարարի մոտ կազմակերպված ժողովին հրավիրված չի եղել. «Ես միտում եմ տեսնում այստեղ»,-ասաց նա՝ նշելով, որ իրենից բիզնես խլելու մասին է խոսքը. «Դուք ուզում էիք խլել իմ բիզնեսը»,-ասաց Աշոտ Սուքիասյանը: Ի պատասխան՝ Հայրապետյանն ասաց. «Դուք եք խլել, ձեր վարչապետը, ձեր Կճոյանը»: Նա հավելեց, որ եթե գրավադրած գումարների 50 տոկոսը նպատակային ծախսվեին, այսօր դատարանում չէին լինի:
Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը դեռ 2 տարի առաջ «Հետքին» գրած նամակում հայտնել է. «Աֆրիկայի Սիեռա Լեոնե Հանրապետությունում իմ գործընկերները ինձ հետ ազնիվ չեն վարվել և բառիս բուն իմաստով յուրացրել են ուղարկված միջոցներս, ինչի հետևանքով էլ վարկային պարտավորությունները չենք կարողացել սպասարկել: Ես հիմա Աֆրիկայում դատական գործերի մեջ եմ: Դրա մասին քաջ տեղյակ է Փայլակ Հայրապետյանը: Գիտեմ նաև, որ նա Աֆրիկայի իմ հակառակորդների հետ համագործակցել և համագործակցում է ինձ վնասելու և ինձ պատժելու համար: Բայց ոչինչ, իմ վերաբերմունքը հանդեպ Փայլակ Հայրապետյանի չի փոխվել, ես վերականգնելու եմ նրա վնասները: Իհարկե գաղտնիք չէ, որ Փայլակ Հայրապետյանը իր շահն է ունեցել այս գործարքի մեջ, և բանկից ստացված վարկային առաջին գծի 1.000.000 ԱՄՆ դոլարից մոտ 860.000 ԱՄՆ դոլարը Փայլակ Հայրապետյանը մարել է իր պարտքերը, իսկ բանկի հետ խնդիրը ծագել էր հենց այդ առաջին վարկային գծից, որը տրամադրված է եղել մեկ տարի ժամկետով»:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել