
Փաստաբան. «Նպատակն այն է, որ Վարդան Պետրոսյանը հնարավորինս երկար մնա անազատության մեջ»
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով Վճռաբեկ բողոքը վերադարձվել է ձևական սխալները շտկելու համար: Դրա համար Վճռաբեկ դատարանը սահմանել է այն ստանալու պահից 5-օրյա ժամկետ (ըստ ՔԴՕ 414.1-րդ հոդվածի 4-րդ մասի, Վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ՝ ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար):
Ձևական սխալն, ըստ Վճռաբեկ դատարանի որոշման, այն է, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհի վրա տեղի ունեցած վթարի գործով տուժող ճանաչված Հակոբյանների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը Վճռաբեկ բողոք ներկայացնելիս բողոքին չի կցել բողոքի պատճենը, գործը քննած դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկված լինելը հավաստող փաստաթղթերը, այսինքն` փոստային կտրոնները։ Սա համարվում է ՔԴՕ 407 հոդվածի 21-րդ մասի խախտում:
Բացի այդ, «վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից երևում է, որ բողոք բերած անձը փաստարկելով, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ վերանայվող դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի հիշատակված որոշումներին, բողոքին չի կցել այդ որոշումները»,- նշված է վերադարձի որոշման մեջ, որը տեղադրված է դատական տեղեկատվական համակարգի կայքում։
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ոչ Վարդան Պետրոսյանը, ոչ էլ ինքը չեն ստացել տուժող կողմի ներկայացրած Վճռաբեկ բողոքի պատճենը: Իսկ մի քանի շաբաթ առաջ փաստաբան Բաղդասարյանը գրավոր դիմել է Վճռաբեկ դատարան, որպեսզի կարողանա ծանոթանալ ներկայացված փաթեթին, սակայն որևէ պատասխան չի ստացել:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքում թույլ տրված ձևական սխալներին` փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց. «Ժամանակ շահելու համար են թույլ տրվել ձևական սխալները: Նպատակն այն է, որ Վարդան Պետրոսյանը հնարավորինս երկար մնա անազատության մեջ, և բաց ռեժիմ դուրս գալու հարցը հետաձգվի: Վճռաբեկ դատարանը նման դեպքերում կարող է մինչև մեկ ամիս ժամանակ տալ սխալներն ուղղելու համար: Կարծում եմ, տուժող կողմի ներկայացուցիչը դիտավորյալ է այդ ձևական սխալները թույլ տվել, մտածել է, որ մինչև մեկ ամիս ժամկետ կարող են շահել: Ցանկացած ողջամիտ մարդ այստեղ դիտավորություն կտեսնի»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը` նշելով, որ այս հրապարակումը կարող է կարգապահական վարույթ հարուցելու հիմք հանդիսանալ ՀՀ փաստաբանների պալատի համար:
Մենք խոսեցինք նաև տուժողների և տուժողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանի հետ, ով ասաց, որ դեռ չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը: Հարցին, թե արդյոք թյուրիմացություն է եղել այն, որ դատավարության կողմերին ու վերաքննիչ դատարանին բողոքի պատճենը ուղարկելու փոստային կտրոնները չի կցել Վճռաբեկ բողոքի փաթեթը մուտք անելիս, Ռուբեն Բալոյանը պատասխանեց. «Վերադարձի որոշումը կստանամ, հետո կանդրադառնանք այդ հարցին»: Իսկ այն, որ մյուս կողմի փաստաբանը ձևական սխալներ թույլ տալը դիտավորություն է համարում, Ռուբեն Բալոյանն ասաց, որ դա փաստաբան Բաղդասարյանի կարծիքն է:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր դատախազի ու տուժողների ներկայացուցչի բողոքները՝ թողնելով անփոփոխ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով դերասան Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման: Իսկ հունիսի 5-ին տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը Վճռաբեկ բողոք էր ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան:
Մեկնաբանել