
«Փոքր երազանքից դեպի մեծ երջանկություն». մի տան պատմություն
Երասխի ավազոտ ճանապարհով քայլում ենք դեպի ազատամարտիկ Սերգեյ Ստեփանյանի նոր տուն: Նրա՝ նախկինում պրկված, նյարդային վիճակը փոխարինվել է հանդարտությամբ: Մի պահ կրկին նայում ենք նրան՝ մտածելով, թե գուցե շփոթել ենք մեկ այլ մարդու հետ: Սերգեյն ինքնավստահ է քայլում, երբեմն ժպտում է: Հարցնում ենք նրան, թե արդյոք հարմարվել է նոր տանը: Պատասխանում է՝ այո: Հարցերին սովորաբար կարճ պատասխաններ է տալիս:
Երկհարկանի տան մոտ ենք հասնում: Այդտեղ բնակվում է 4 ընտանիք: Սերգեյի նոր տունն առաջին հարկում է գտնվում: Շքամուտքի մոտ մեզ դիմավորում է Սերգեյի մայրը՝ 77-ամյա Ռոզա Խաչատրյանը: Մեզ է մոտենում, համբուրում, գրկում, մենք ժպտում ենք: Ասում է՝ «դուք չգիտեք էլ, թե ինչ եք արել մեզ համար»: Հակադարձում ենք, թե ընդամենը մեր աշխատանքն ենք արել: Ռոզա տատը, որ մեր նախորդ հանդիպմանն արտասվում էր, ձայնը խզվում էր, այս անգամ փայլուն աչքերով նայում է ուղիղ մեզ, տեղից տեղ գնում, հետո կողքից հետևում մեր ու Սերգեյի զրույցին:
Այս ընտանիքին «Հետքն» անդրադարձել էր մայիսի 9-ին: Սերգեյ Ստեփանյանը մի քանի «շիֆեր» էր խնդրում տան տանիքը նորոգելու համար, որպեսզի մայրն անձրևաջրերի տակ չքնի: Սերգեյն ասում է՝ այդ հոդվածից մեկ շաբաթ անց իրենց զանգահարել են «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական ՀԿ-ից: Այնուհետ գնացել են իր տուն՝ պայմաններին ծանոթանալու համար: Սերգեյը սա մանրամասնորեն է պատմում: «Երբ եկան նայեցին, ասացին՝ սա հնարավոր չէ վերանորոգել, եկեք նոր տուն գնենք»,- հիշում է երասխցի ազատամարտիկը:
Կենտրոնի ծրագրերի բարերարներից Հրանտ Քենդենի աջակցությամբ 9.000 դոլարով տուն են գնել գյուղում: Այդ գումարով նաև բարեկարգման աշխատանքներ են կատարել, եվրապատուհաններ են տեղադրել, բաղնիքն են բարեկարգել: Սերգեյը, սակայն, պարտավորվել է առաջիկա 20 տարիներին ամսական 18.000 դրամ վճարել՝ որպես փոխհատուցում: Ասում է՝ շահավետ առաջարկ էր իր համար, ամսական այդ գումարը դժվար չէ փակելը, կարևորը՝ հիմա լավ տուն ունի: «Առանց տոկոսների, առանց նախնական գումարի էսպիսի տուն են տվել մեզ»,- ասում է նա:
Տունն ունի 3 սենյակ, երկու պատշգամբ, բաղնիք, կից ավտոտնակ, անասնագոմ, թոնրատուն և տնամերձ փոքր հողամաս: Այստեղ հիմա ապրում են Սերգեյը, կինը, մայրն ու 3 տղաներից մեկը՝ ընտանիքով:
«Այս տունն ինչ-որ բան փոխե՞ց ձեր կյանքում, նախորդ անգամ չթաքցրեցիք, որ հուսալքված եք, իսկ հիմա՞»,- ցածրաձայն հարցնում ենք: «Հուսալքություն այլևս չկա: Հիմա ուրախ եմ, ճիշտ եմ ասում»,- սա ասելուն պես ժպտում է՝ հայացքը հառում գետնին, ապա բարձրացնում, նայում մեզ ու ժպտում:
Ճանապարհին հիշեցինք «Ֆուլեր տնաշինական բարեգործական կենտրոն» ՀԿ-ից ստացած անակնկալ նամակը «Հետքին», որ վերնագրված էր «Փոքր երազանքից դեպի մեզ երջանկություն»: Սերգեյի հետ հանդիպումից հետո մենք կրկին քայլում ենք Երասխի ավազոտ ճանապարհով: Կեսօրի արևը տաքացրել է մեր կոշիկները հալչելու աստիճան: Մենք հպանցիկ ենք խոսում այս մասին, դեռ քննարկում ենք Սերգեյի ուրախությունը: Սերգեյը շարունակելու է աշխատել ձմերուկի ու սեխի դաշտերում օրավարձով, մեկի այգին ջրելով, այսինքն՝ այն, ինչ արել է նաև նախկինում: Աշխատանքը, որ նախորդ անգամ մեզ նկարագրում էր՝ տաժանակիր, չնչին վարձատրվող, այսօր այլևս արտասովոր բան չէ: Նրանք, իհարկե, 20 տարի ամսական 18.000 դրամ են վճարելու, բայց դա խոչընդոտ չէ: Համենայն դեպս, այդպես է ասում Սերգեյը:
«Եթե ես չհասցնեմ, մեռնեմ, տղաս կշարունակի վճարել, կարևորը՝ մայրս անրձաջրերի տակ չի քնելու»,- նշում է ազատամարտիկը: Հետո նրանց խնդրում ենք կանգնել տան մոտ՝ լուսանկարվելու համար: Նա գրկում է մորը, հետո միասին ժպտում են:
Սերգեյի ընտանիքը սահմանամերձ Երասխ գյուղի կարիքավորներից է: Երբ համայնքի ղեկավարին հարցնում ենք սոցիալապես անապահով ընտանիքների մասին, ասում է՝ ո՞ր մեկին ասեմ: Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող գյուղը դեռ խորհրդային տարիներից հայտնի էր իր աշխույժ եռուզեռով: Դրան նախ նպաստում էր «եղբայրական» երկրների միջև սահմանի չգոյությունը, ոչ պակաս կարևոր էր Երևան-Նախիջևան-Մեղրի երկաթգծի առկայությունը, որը նաև Խորհրդային Միությունն էր կապում Իրանին: Ներկայիս գյուղապետ Ռադիկ Օղիկյանը կեսկատակ-կեսլուրջ ասում է. «Էն ժամանակ Երասխում օձի ձու էլ կգտնեիր»: Արտադրական ենթակառուցվածքներ ունեցող Երասխն այն ժամանակ ավան էր, իսկ հիմա գյուղը երկաթուղու վերջին կայարանն է, այստեղից այն կողմ հայ-ադրբեջանական շփման գիծն ու խրամատներն են, որտեղ պարբերաբար կրակոցներ են հնչում, բայց գնացքը շարունակում է Երևանից գալ Երասխ: Այդուհանդերձ, այսօր Երասխի գործարանները չեն գործում, բնակչության միակ զբաղմունքը գյուղատնտեսությունն է: Հարևան Արմաշի ու Երասխի տարբերությունն ակնհայտ է նույնիսկ անծանոթի համար:
Հետդարձի ճանապարհին, կիզիչ արևից շիկացած, մաշված ասֆալտով քայլելիս նայում ենք սահմանամերձ գյուղի տներին, որոնցից շատերի հին, կիսախարխուլ պատերն ու փոշուց անթափանց դարձած պատուհաններն աղքատություն են խորհրդանշում: Երասխը, կարծես, Հայաստանի աղքատության մանրակերտն է: Ու այդ միտքը լրացնելու է գալիս հետևյալ պատկերը. գյուղ հասնելու ճանապարհին տեղեկացանք, որ խոշոր ավտովթար է եղել Երասխի հրապարակի մոտ, որով անցնում է միջպետական ճանապարհը: Իրանցի վարորդի՝ վառելիքով լցված բեռնատարի կիսակցորդը՝ ցիստեռը, դեպի հրապարակ իջնելու ճանապարհին պոկվել էր ու, ճանապարհին հարվածելով մի քանի մեքենաների, դարձել խոշոր հրդեհի, մեկ զոհի ու ինը վիրավորի պատճառ: Մոտ 150 մ գլորվելով՝ ցիստեռն ավերել էր նաև հրապարակում տեղադրված դրոշները: Դրանից թափված նավթի հոտը մինչև Արմաշ էր հասնում: Իսկ նավթը հրապարակից հոսել էր մինչև երկաթգիծ, որտեղ երասխցիներն ինքնամոռաց շտապում էին հավաքել «սեւ ոսկին»՝ գործի դնելով գոգաթիակները («սավոկ»): Մեր հրաժեշտից հետո որդու հետ այնտեղ էր շտապում նաև Սերգեյը:
Լուսանկարները՝ Դավիթ Բանուչյանի
Մեկնաբանել