
Անձեռոցիկ վաճառելուց մինչև «դոմիկ» ունենալու երազանք
Մարինե Մարտիրոսյան
11-ամյա Արմանին երբեմն կարելի է հանդիպել Երևանի կենտրոնական փողոցներում անձեռոցիկ վաճառելիս: Հիմա դպրոցում դասերն սկսել են, տղան ավելի քիչ է զբաղվում առևտրով: Արմանի վաճառասեղանը ստվարաթղթե արկղն է:
Արմանի մայրը 30-ամյա Նաիրա Մանուչարյանն է: Հեռախոսով խոսում եմ նրա հետ, ասում է՝ չենք ուզում, որ մեր ընտանիքի կարիքների մասին հոդված գրվի: Հեռախոսափողից լսում եմ Նաիրայի կենսառատ ձայնը: Նաիրայի ամուսինը ազատամարտիկ Գագիկ Անտոնյանն է: «Մենք, ճիշտ ա, լավ չենք ապրում, բայց կամաչենք, որ էդ մասին գրվի: Ամուսինս չի թողնի»,- ասում է Նաիրան: Լսում եմ նրան առանց համոզելու փորձերի: Հեռախոսափողը վայր եմ դնում ու շարունակում աշխատանքս: Քիչ անց դարձյալ զանգահարում եմ Նաիրային: Վերջինս բրոնխիալ ասթմա ունի, 5 տարի առաջ բժիշկներն ասել են, որ նրա մոտ կրծքի քաղցկեղ կա, իսկ ամուսինը պատերազմի ժամանակ ցնցակաթված է տարել, ձեռքից, ոտքից վիրավորվել է, կնոջ ասելով, երբեմն հիշողության կորուստ է ունենում: Ընտանիքը վարձով է ապրում: Նաիրան համաձայնեց խոսել միայն երեխաների համար՝ դարձյալ կրկնելով, որ իրենց պայմաններից նվնվալ չեն սիրում:
«Ուզում եմ բժշկուհի դառնալ, որ մամայիս բուժեմ»
Զովունի տանող ճանապարհի աջ հատվածում շինարարարական աղբն է, խոշոր քարեր են թափված: Լռությունը խախտում է հատուկենտ ավտոմեքենաների անցուդարձը: Նրանց տուն տանող երակը, կարծես, կտրվել է թաղամասից: Կեսօրի արևի շողերն ընկնում են մեզ սպասող 5-ամյա Մարինայի աչքերին: Նա շան հետ խաղում էր, երբ մոտեցանք: Աչքերը արևից բացուխուփ է անում: Հարցնում եմ՝ հոգնեցի՞ր սպասելուց: Նայում է աչքերիս մեջ, ավելի շատ զննողական հայացքով: «Հա, շատ հոգնեցի»,- պատասխանում է: մենք քայլում ենք տուն տանող ավազոտ ճանապարհով: Շունը՝ Արջուկը, հետ է ընկնում, Մարինան հաճախ պտտվում է՝ համոզվելու, որ Արջուկը գալիս է:
Ասում է՝ որ մեծանամ, ուզում եմ բժշկուհի դառնալ: Հարցնում եմ՝ ինչո՞ւ: Ձեռքի տոպրակը այս ու այն կողմ տանելով՝ մի պահ լռում է, հետո թե՝ որ մամայիս բուժեմ: «Մամաս հիվանդ ա: Ես տանը գործ եմ անում, իրեն օգնում եմ: Մեկ-մեկ ավլում եմ, շորերն եմ ծալում, դասավորում»,- նշում է 5-ամյա աղջիկը:
Տան դարպասի դուռը բացում է Նաիրան: Մեզ ժպիտով է դիմավորում: Բակում մեզ է միանում 2,5-ամյա Էմիլը: Մայրն ասում է՝ Արմանը ամուսնու ծնողների տանն է: Տան բակը մաքուր է, կոկիկ, սեղանին ասեղնագործ սփռոց է:
«Իմ ձագերիս կպահեմ իմ թևերի տակ, իմ մսից կկերակրեմ, բայց կպահեմ»
Նաիրա Մանուչարյանի պատմությունը բազմաթիվ հանգույցներ ունի, որոնց մասին ձայնագրությունից դուրս խոսեցինք: Նաիրան 30 տարեկան է, ծննդով Կապանից է: Ասում է՝ փոքր ժամանակից «տուժած են ապրել»: Ծնողները հաշմանդամ են, ինքը «լավ կյանքի երազանքով» փախել է, եկել Երևան: «Ծնողներս դեմ էին իմ որոշմանը, բայց ես մտածում էի, թե Երևանում լինելով՝ լավ կապրեմ»,- նշում է Նաիրան, հետո լռում: Երկու երեխաները խաղում են բակում: Նա նայում է դեպի նրանց՝ շարունակելով խոսքը. «Գիտեք, մենք շատ դժվար պահեր ենք ունեցել, բայց էն, ինչ ունեմ հիմա, գոհ եմ»:
Նաիրան ասում է՝ Գագիկն իր երկրորդ ամուսինն է: Ավագ որդին առաջին ամուսնուց է: «Մինչև Արմանը ես մի երեխա էլ եմ ունեցել, որը թոք-սրտային անբավարարությունից 1,5 տարեկանում մահացավ»,- Նաիրայի ձայնը խզվում է, աչքերն անթարթ են, կարծես, ինչ-որ կետի շուրջ հավաքում է հիշողությունները: Երեխայի մահը, կնոջ ասելով, փոխել է իրեն: Նախկին աշխույժ, կենսուրախ կնոջից վերածվել է ներփակ, մարդկանց հետ չշփվող մեկի:
Պատմում է՝ երկրորդ երեխայի ծնվելուց հետո կրծքի քաղցկեղ է հայտնաբերվել: Էրեբունու հիվանդանոցում իրեն զգուշացրել են այդ մասին, ասել են, որ վիրահատել է պետք: Բացի դրանից, բրոնխիալ ասթմայով է հիվանդ, օրվա ընթացքում հաճախ կարող է վատանալ: «Ամուսինս շատ է օգնում ինձ… շատ»,- ձայներանգը փոխվում է, դեմքին ժպիտ է հայտնվում: «Հիմա էլ երեք ամսական հղի եմ»,- ասում է նա:
Մինչ հղիությունը, Նաիրայի պատմելով, օգնում էր ամուսնուն շինարարության գործում: Գագիկը մասնավոր շինարարական գործեր է անում, օրական 3.000 դրամ է ստանում: Գործը մշտական չէ: Երբեմն Վերնիսաժում հին հագուստ է վաճառում 200 դրամով: «Երբ հին հագուստ են տալիս մեզ, մեծերը պահում եմ, որ էրեխեքը հետո հագնեն, որը չենք հագնելու, ամուսինս տանում է վաճառում»,- նշում է կինը:
Ամռանը Նաիրան երեխաների հետ մոշ էր հավաքում վաճառելու համար: Ասում է՝ թաղամասի մոտ մոշի «քոլեր» կան, բայց դրա համար էլ էին խոսում իր վրա: Մեկ դույլը 2.000 դրամով էր վաճառում: Հիմա չի կարողանում օգնել ամուսնուն:
«Թեկուզ սոված՝ իմ ձագերիս կպահեմ իմ թևերի տակ, իմ մսից կկերակրեմ, բայց կպահեմ: Այ տենց ուժեղ եմ, կարող է կոտրեն ինձ մի պահ, բայց իմ էրեխեքը պիտի լավ լինեն ու վերջ»,- ասում է 30-ամյա մայրը: Մենք դարձյալ լռում ենք: Նաիրան հիշում է նախանցյալ ձմեռը, երբ ոչ վառարան ունեին, ոչ լույս: Լույսը պարտքի պատճառով անջատել էին:
«Ես չեմ մոռանա դա: Էմիլս փոքր էր, մի քանի ամսական էր: Իմ էրեխեքը ոչ մի բան չեն կերել ոչ փլավ կար, ոչ մի բան: Էրեխեն «Նան» էր ուտում, շատ պեսոկ էինք լցնում, որ շուտ կշտանա: Դրանից գազեր էին առաջացել, մի կերպ ենք փրկել Էմիլին: Գնում էինք հացի փուռը, ասում էինք՝ խնդրում ենք, ձեր հին հացերը տվեք, տանենք ուտենք, սոված ենք,- ասում է նա, հետո ավելացնում,- շատ դժվար էր: Հիմա էնքան կուշտ եմ լինում, էնքան լավ եմ քնում, գիշերն էլ եմ վեր կենում, քնում, վախենում եմ, որ կարող է վերջանա էդ ամեն ինչը»,- նշում է Նաիրան:
Երեխաների համար նպաստ չի ստանում: Ասում է՝ նույնիսկ Էմիլի ծննդյան համար միանվագ գումարը չի ստացել: «Աղջկաս ծնվելուց միանվագ գումար ստացա՝ 50.000 դրամ: Դրա կեսը տարել եմ Խարբերդի մանկատանը տվել: Հավատացեք, եթե Էմիլի միանվագ գումարը ստանայի, դրա հալալ կեսն էլ էի տալու մանկատանը: Կապ չունի, որ ես չունեմ, բայց պիտի անեմ: Ծերերն ու երեխաներն իմ թուլությունն են»,- նշում է նա: Ասում է՝ երեխաների համար նպաստ չի կարող ստանալ, որովհետև փաստացի գրանցում չունի:
Անձեռոցիկ վաճառող տղան
Արմանն իր նախաձեռնությամբ է սկսել անձեռոցիկ վաճառել: Մեր այցելության ժամանակ տանը չէր: Նաիրան ասում է՝ տատիկ-պապիկի տանն է ապրում դպրոց գնալու օրերին: Այնտեղից դպրոցը մոտ է: Նաիրայի վատառողջության պատճառով Արմանը մեկ տարի ուշացումով է դպրոց գնացել: Այժմ տղան 4-րդ դասարան է: Իր նախաձեռնությամբ էլ սկսել է անձեռոցիկ վաճառել: Մայրն ասում է՝ տեղյակ է այդ մասին, բայց ուրիշ ելք չունեն: Ամուսինն ազատամարտիկ է, պատերազմի տարիներին ցնցակաթված (կոնտուզիա) է տարել, ոտքից-ձեռքից վիրավորվել է: «Ամուսինս երբեմն կորցնում է հիշողությունը, իմ առողջական վիճակն էլ լավ չի: Մի քանի անգամ երեխային բռնել են քննիչները, զանգել են ինձ, ասել են՝ փոքր է, չի կարելի, ասել եմ՝ բաց թողեք, ես չեմ կարող գալ հասնել, ի վիճակի չեմ: Երեխան էլ վախկոտ է: Բերել են տուն, ասել են՝ փոքր է երեխան, չի կարելի, դու աշխատիր, ոչ թե երեխան, ես էլ ասել եմ՝ դե փող տուր հաց առնենք»,- նշում է նա:
Ասում է՝ մի քանի օր առաջ երեխան ստիպված էր նորից գնալ անձեռոցիկ վաճառել, որովհետև դպրոցից ֆոնդի համար 3100 դրամ էին ուզել, իսկ տանը գումար չունեին: Այդ օրը Արմանը բացի այդ գումարից 6000 դրամ ավել է աշխատել: Այդ գումարով, Նաիրայի ասելով, հավ, բադ են գնել:
Կինն ասում է՝ ձեռքն ընկած գումարով փորձում են հավ կամ բադ առնել: «Իմ կյանքի պատմությունը շատ բարդ է, հավատացեք, գուցե կողքից լսողը կամ կարդացողը չհասկանա ինձ: Ես ուղղակի երազում էի լավ ապրել»,- նշում է նա: Հարցնում եմ՝ ի՞նչ երազանք ունի: Ժպտում է. «Մի հատ դոմիկ եմ ուզում, ուրիշ բան չեմ ուզում: Մեկ էլ ուզում եմ, որ էրեխեքիս փորերը կուշտ լինեն, տեղները՝ տաք»:
«Որ ինձ ճիշտ հասկանան»
Ձայնագրիչն անջատելուց հետո Նաիրայի հետ շարունակում ենք խոսել: Գուցե կուշտ, իրենց գլխին ծածկ ունեցող մարդիկ չհասկանան իրեն, ասում է, իսկ գուցե գտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն:
Մենք քայլում ենք Նաիրայի հետ դեպի այգի: Այգում քարերին շոր են դրել, փոքրիկ սեղան կա: Էմիլը հոր գրկից ձգվում է դեպի դեղին ամանը, որտեղ սալոր ու կտրտած խնձոր կա: Նաիրան ճանապարհին ասում է. «Գագոն երբեք չի ասի, թե մենք վատ ենք ապրում: Մենք էդ բնավորությունը չունենք: Ինքը կասի՝ ամեն բան լավ ա»:
«Պատերազմ չէի գնացել գնահատվելու համար»
42-ամյա Գագիկ Անտոնյանի հետ մենք խոսում ենք պատերազմի, այսօրվա երկրի, անկախության մասին: Գագիկն ասում է՝ 17 տարեկանում կամավոր մասնակցել է պատերազմին: Ստեփանակերտի հատուկ հետախուզական ջոկատում էր:
«Դա կյանք էր, որ ապրեցինք: Հիմա էլ որ պատերազմն սկսի, գնալու եմ առանց մի վայրկյան էս կողմ, էն կողմ մտածելու: Դրանից հետո եկել եմ, 97-ին գնացել եմ բանակ Նոյեմբերյանի զորամասում: 23 տարեկան էի էդ ժամանակ»,- նշում է Գագիկը: Հակիրճ է խոսում: Ասում է՝ 1993-ին Մարտակերտն ազատագրելու ժամանակ մի օրում իր աչքի առաջ երկու ընկեր կորցրեց: «Մի օրվա մեջ մազերս սպիտակեցին»,- նշում է նա՝ հայացքը հառելով գետնին:
Ասում եմ՝ սեպտեմբերի 21-ին երկրի անկախության օրն էր: Նայում է ինձ, ժպտում. «Ես հավ եմ պահում: Մարդիկ ուրախանում են, ես գնամ հրապարակ ի՞նչ անեմ, Դավթաշեն գալու համար մի կես ժամ պետք է»:
«Գնահատվե՞ց Ձեր արածը»,- հարցնում եմ Գագիկին: Պատասխանում է մի քանի վայրկյան լռությունից հետո. «Չի գնահատվել, ոչ էլ պետք է, որ գնահատեն: Շատ մարդիկ կան, որ թղթեր են հանում, որ կարող է մի օր եղած կամ չեղած լինեն կռվի դաշտում, տեսած լինեն էդ կռիվը, բայց պաշտոններ են ունենում: Ինձ դրանք հետաքրքիր չեն, ես չեմ գնացել դրա համար: Ես իմն եմ արել, ինձնից ինչ հասնում էր, դա եմ արել»:
Մեր զրույցի ավարտին ամուսիններով նայում են Էմիլին: Գագիկն ասում է՝ իր զբաղմունքը հիմա Էմիլն է, ուժեղ տղա է, սպորտսմեն է դառնալու, աշխարհի չեմպիոն:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել