
6 անչափահաս երեխաների մայր. «Թեկուզ դոմիկում, բայց սիրով ու ջերմությամբ ենք ապրում»
Մարինե Մարտիրոսյան
Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի փոսառատ ճանապարհին նախորդ օրվա անձրևից հետքեր են մնացել: Արմենի «հինավուրց» «Վոլգա» ավտոմեքենան չի հասցնում շրջանցել փոսերը: Մեքենան այնքան հին է, որ ամեն շարժի ժամանակ թվում է՝ մասերն անջատվելու են: Մեքենայի ներսում ճանճերի իսկական «թագավորություն» է: Արմենն ասում է՝ եղանակից են շատացել ճանճերը:
«Վոլգան» գնել է 7 տարի առաջ: Ճիշտ է, հին մեքենա է, ամեն օր մի բան փչանում է, բայց դրանով իր 6 երեխաների օրվա հացն է աշխատում: Համենայն դեպս, այսպես է ասում: Արմենի աշխատանքային օրն սկսում է առավոտյան 06:30-ից: Համագյուղացիների, իսկ եթե տարին բերքառատ է լինում, նաև իր աճեցրած բանջարեղենն է տանում Էջմիածնի շուկայում վաճառելու: Օր է լինում, որ զրո դրամով է հետ գնում տուն, օր է լինում՝ 2000-3000 դրամ է աշխատում: «Փառք Աստծուն, էլի ոչինչ»,- ասում է նա: Սև «Վոլգան» կանգնում է մետաղյա տնակի՝ «դոմիկի» բակում: Տնակի հետևում գրված է «վաճառվում է», իսկ անկյունում հողաթափեր ու կոշիկներ են դրված:
Արմենի 6 երեխաները կանգնել են «դոմիկի» առջև: Մեր բարևին ուշ են արձագանքում: Կինը՝ Էլմիրա Կարապետյանը, սա նկատելով, ասում է, որ երեխաները շատ ամաչկոտ են, չխոսկան: Անուններն ենք հարցնում, դարձյալ Էլմիրան է պատասխանում՝ Վեռա, Անահիտ, Գայանե, Անի, Նորայր, Նարեկ: Երեխաներից ավագը Վեռան է՝ սովորում է 5-րդ դասարանում, Անահիտը՝ 4-րդ, Գայանեն՝ 3-րդ, Անին՝ առաջին, Նորայրը՝ 4,5 տարեկան է, Նարեկը՝ 2,5:
Տնակի առջև գունավոր լվացքն է կախված, անմիջապես դիմացը փոքր անասնագոմն է, որտեղ մի կերպ, կարծես, խցվկել են 4 հորթերը: «Հիմա մեծացել են, ցուլիկներ են: Տեղը նեղ է, բայց ինչ արած: Հիմի կովը մեր դոմիկից թանկ ա, չենք կարա առնենք»,- ասում է Էլմիրան:
Երկաթյա «դոմիկի» ճակատային մասում գրված է՝ «СССР»: Ամիսներ առաջ Զաքարյանների տունը հրդեհվել է, նոր «դոիմկը» հատկացրել է մարզպետարանը:
8 տարուց կառուցած տունը մեկ օրում հրդհվել է
Արմեն Զաքարյանը 36 տարեկան է: Արմավիրի մարզի Ջրարբի գյուղից է: Կինը՝ Էլմիրա Կարապետյանը, 32 տարեկան է: Նա էլ նույն մարզի Ակնաշեն գյուղից է: Արմենի մայրը ևս ակնաշենցի է, և տատի տուն գնալ-գալուց հանդիպել է Էլմիրային: Նրանք ամուսնացել են 2004-ին: Ակնաշենում հաստատվել են 8 տարի առաջ: Այդ ժամանակ ապրում էին «դոմիկում», հետո Արմենը սկսել է «դոմիկի» կողքին տուն կառուցել: Ասում է՝ շինարարությունն ինքն է արել, քչից-շատից կարողանում էր հասցնել: 8 տարի հետո տունը կառուցել է, բայց դրանից ամիսներ անց՝ փետրվարի 11-ին, այն հրդեհվեց:
«Ես տանը չէի, երեխաները դպրոց էին գնացել, Էլմիրան էլ գնացել էր, որ Անիին բերի քոլեջից, մեկ էլ ճամփի կեսից ասել են՝ տունը վառվել է, հոսանքի ստայակից է եղել»,- նշում է ընտանիքի հայրը: Տունն այրվելու պահին ներսում են եղել Նորայրն ու Նարեկը: Էլմիրան ասում է՝ մինչև ճանապարհի կեսից տուն կհասներ, Նորայրը կարողացել է փրկել եղբորը՝ նրան գրկել է, տնից հանել: «Էրեխեն ծուխն ա տեսել, ման ա եկել կոշիկները գտնի, չի կարողացել, տենց էլ ոտաբոբիկ ախպորը գրկել-հանել է»,- նկատում է 32-ամյա կինը:
Մեր զրույցի ժամանակ այրված տանն եմ նայում: Արմենն ասում է՝ հին «դոմիկը» դրել էր, կողքն ուղղակի սենյակ էր սարքել, որ գոնե «էրեխեքի ոտքի տակը չոր լինի»: Արմավիրի մարզպետարանից երկաթյա «դոմիկ» են հատկացրել Զաքարյաններին: «Էնքան շփոթված էի, ամաչել եմ հարցնել՝ մե՞րն է լինելու, թե՞ հետո վերցնելու են: Բայց չէ՝ շատ հնարավոր է՝ մերն է»,- նկատում է Արմենը:
«Կարևորը երջանկությունն է նույնիսկ դոմիկում ապրելիս»
Զաքարյաններն առհասարակ քչախոս են: Ապրում են մի քանի մետր տարածքում, որտեղ տարվա յուրաքանչյուր եղանակն անցկանալի հյուր է նրանց համար:
Երկաթյա «դոմիկի» 3 մահճակալները հազիվ են տեղավորել: Երեխաները դեռ փոքր են, 3-ը մի մահճակալին են քնում, 3-ը՝ մյուս: Անձրևի ժամանակ ջուրը լցվում է ներս: Էլմիրայի խոսքով՝ «սաղ ներսը ցեխ է լինում»: Երբ առաստաղից անձրևաջուրն սկսում է կաթել, տաշտ են դնում: Արևոտ եղանակին էլ «դոմիկում» օդ չի լինում շնչելու:
Նրանց պատասխանները կարճ են: Խոսելիս հաճախ նայում են գետնին: Իրենց պայմաններից չեն ուզում բողոքել, ասում են՝ «լավ կլինի»: Կինն ասում է՝ օրեր են եղել, որ տանն ուտելիք չեն ունեցել: Դա լինում է այն ժամանակ, երբ Արմենը հիվանդանում է, չի կարողանում գնալ աշխատանքի: «Դե, Արմենն էլ հիվանդություն ունի…»,- կնոջ խոսքը միանգամից ընդհատում է ամուսինը, թե ուրիշ բանից խոսիր: Մենք լռում ենք: Քիչ անց լռությունը խախտում եմ. «Բայց ի՞նչ հիվանդ եք»: Արմենը լռում է, կինը պատասխանում է. «Շուտ-շուտ մեջքի ցավեր է ունենում: Մեկ-մեկ մեջքն էնպես է բռնվում, չի կարողանում շարժվել, սրսկում ենք»:
Թեև ապրում են կարիքների մեջ, բայց չեն բողոքում: Իրենք միշտ շեշտում են, որ աշխատում են: Նախորդ տարի տնամերձ հողամասում լոլիկ են աճեցրել, մոտ 25.000 դրամ են ծախսել դրա համար, իսկ ստացել են ընդամենը 2 արկղ լոլիկ: «Մեր ծախսը դուրս չեկավ, մի կիլո պոմիդորը 20-30 դրամով ենք վաճառել: Բա էդքան մեծ ծախս էինք արել՝ 25.000 դրամի, ու ստացանք 15.000 դրամի պոմիդոր»,- բացատրում է զրուցակիցս:
Էլմիրայի հետ քայլում ենք հողամասի փոքրիկ արահետով: Երեխաները հավաքվել են ծիրանենիների մոտ: «Դրանք արդեն մեր ծառերը չեն, մեր հողամասի սահմանը մինչև կուկուռուզներն են»,- ասում է մայրը:
Այս տարի հիմնականում սմբուկ ու եգիպտացորեն են աճեցրել: Չորային եղանակի պատճառով բերքը քիչ է լինելու: «Բայց ոչինչ, մի բան կլինի, ես լավատես եմ»,- ծիրանենիների մոտ հասնելով՝ նշում է Էլմիրան:
6 երեխաների համար այս ընտանիքը ստանում է 61.000 դրամ նպաստ: Սակայն, Էլմիրայի խոսքով, տունը հրդեհվելուց հետո 4 ամիս է՝ նպաստը չեն տալիս: «Գնացել ենք Էջմիածնի սոցապ, մահանա են բռնում թղթերը: Իրենք ասում են՝ թղթերը նորմալ բեր, կտանք: Ես էլ ասում եմ՝ դեպք է եղել, թղթերը վառվել են, դա հո մեզնից կախված չէր: Հիմա փորձում ենք պատրաստել, օրենքով հասնում է 4 ամսվա չտված նպաստը»,- նշում է նա:
«Մարդիկ կան, տան մեջ ապրում են, բայց իրար հետ համերաշխ չեն»
«Գիտես, մարդիկ կան, որ ինձ ասում են՝ որ դժվար եք ապրում, ինչի՞ եք էդքան երեխա ունեցել: Շատ ժամանակ չեմ պատասխանում, մեկ-մեկ էլ ասում եմ՝ ձեր ի՞նչ գործն է, բայց հոգուս խորքում մտածում եմ՝ էրեխեքս իմ հարստությունն են: Որ հիվանդ եմ լինում, աղջիկս որ ջան ա ասում, անցնում ա ցավս»,- հայացքը դեպի երեխաների խաղը՝ նշում է 32-ամյա կինը:
Մայրը պատմում է, որ եթե դպրոցում երեխաներից մեկը մի բան է գնում, բերում տուն, 6 հավասար մասի է կիսում: Եթե երեխաներից մեկը հիվանդանում է, ընտանիքի մյուս անդամներով իրենց «տեղը չեն գտնում»: Երեխաների հետ ենք խոսում: Վեռան ու Անին ասում են, թե բժշկուհի են դառնալու, Անահիտը՝ վարսահարդար, Գայանեն՝ լրագրող, Նորայրը՝ ոստիկան, Նարեկը չգիտի՝ ժպտում է:
«Մարդիկ կան, տան մեջ ապրում են, բայց իրար հետ համերաշխ չեն: Մարդիկ էլ կան, որ դոմիկում են ապրում, օրինակ, մենք… Էսքան ժամանակ ոչ վիճել ենք իրար հետ, ոչ բան: Թեկուզ դոմիկում ենք ապրում, բայց կարևորը դոմիկը չի, սերն ու ջերմությունն են»,- ժպտում է Էլմիրան:
Բակում 3,5 խմ փայտն է: Այն գնել են իրենց օգնած մարդկանց շնորհիվ: 1 խմ մետրը 20.000 դրամ է: «Դե, էլ ուրիշ ձև չկա տունը տաքացնելու»,- ասում է Արմենը: Բակի անկյունում՝ նախկին տան քարերին հենված՝ երկու պարկ եգիպտացորենն է: Արմենի այս տարվա բերքն է:
Արմենի երկու եղբայրներն աշխատում են Ռուսաստանում: Ասում է՝ ժամանակին առիթ եղել է գնալու, չի գնացել: Կինն ասում է՝ «Արմենն առանց էրեխեքի չի կարա»:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել