HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ պիտի անի դատապարտյալը դրական բնութագիր ունենալու համար

Անի Հովհաննիսյան, Զարուհի Մեջլումյան

20 տարի բանտում պատիժը կրող, վերջին 5 տարիներին տույժ ու տուգանք չունեցող, նախկին մահապատժի դատապարտված Ստեփան Գրիգորյանը Վերաքննիչ դատարանում վիճարկում էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով դատարանը մերժել էր նրա բողոքն ընդդեմ բանտի վարչակազմի:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի` իր պայմանական ազատման հարցի քննարկումը մեկ տարով հետաձգելու որոշումը: Վերաքննիչ դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը արտագնա նիստ էր հրավիրել հենց քրեակատարողական հիմնարկում` ապահովելով Ստեփան Գրիգորյանի ներկայությունը:

Ստեփան Գրիգորյանը ձերբակալվել է 1996թ.: 1997 թ. դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի որոշմամբ դատապարտվել է մահապատժի՝ 1961թ. Քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1-ին և 7-րդ կետերով: Նա մեղադրվել է սպանության գործով` որպես մասնակից: «Ինքս ոչ մեկի չեմ զրկել կյանքից: Հարկ եղած դեպքում Ձեր դատին կարող եմ ներկայացնել քննիչների կողմից անհեթեթ եզրակացությունների հիման վրա կայացված դատավճիռս: 2003-ի օգոստոսի 1-ին Ա-103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռ. Քոչարյանը «ներման հրամանագրով» առավելագույն պատիժը փոխարինեց մեկ այլ առավելագույն պատժատեսակով»,- մեզ հասցեագրված նամակում գրել է Ստեփան Գրիգորյանը:

ՔԿՀ-ի Վարչական հանձնաժողովը Ստեփան Գրիգորյանին բնութագրել է որպես միջին ռիսկայնություն ունեցող դատապարտյալ և այդ հիմքով այս տարվա մայիսին նրա պայմանական ազատման հարցի քննարկումը հետաձգել մեկ տարով: Մերժման որոշումը նա վիճարկել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում, մերժում ստացել, ապա դիմել Վերաքննիչ դատարան:

Արտագնա նիստում Ստեփան Գրիգորյանը նշեց, որ իր միջնորդությունը` առաջին ատյանի դատարանի նիստում հրավիրել հոգեբանին, ով և կազմում է դատապարտյալների բնութագրերը, մնացել է առանց քննության: «Ի՞նչ չափորոշիչների հիման վրա է հոգեբանը կազմում այս կամ այն դատապարտյալի բնութագիրը, ու որտե՞ղ են այն մատյանները, որոնցում գրառումներ են կատարվում դատապարտյալների հետ նրա հանդիպումների մասին» հարցին ՔԿՀ ներկայացուցիչը նախորդ նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, թե դրանք ոչնչացվել են:

«Ոչ մի հոգեբան ինձ չի ընդունել, գոնե այս երեք ամսվա մատյանները բերեն, տեսեք, հոգեբանին 2-3 տարի առաջ եմ տեսել պատահական՝ առաջին հարկում: 104 ցմահ դատապարտյալ կա, ցանկը վերցրեք, պատահական մեկին հարցրեք` բանտի հոգեբանին ճանաչո՞ւմ եք, վերջին անգամ ե՞րբ եք տեսել նրան»,-ասաց Ստեփան Գրիգորյանը` նշելով, որ սոցիալ-հոգբանական բաժնի աշխատակիցն իրենց ապահովում է զանգերով ու դիմումներն է հավաքում:

 

Դատախազ Հայկ Մովսեսյանն ու ՔԿՀ ներկայացուցիչ, իրավաբան Արմեն Պետրոսյանը համակարծիք էին, որ բանտի վարչական հանձնաժողովը գործել է օրենքի ու Կառավարության համապատասխան որոշման համաձայն: Այսինքն, նրանց դիտարկմամբ՝ Գրիգորյանի պայմանական հարցի հետաձգումը մեկ տարով ճիշտ է, քանի որ միջին ռիսկայնության դատապարտյալի հարցը ենթակա է հետաձգման Կառավարության որոշման համաձայն:

«Իսկ ի՞նչ աշխատանքներ պիտի անի դատապարտյալը այս մեկ տարվա ընթացքում, որ նրան դրական բնութագրեք»,- հարցրեց դատավոր Սևակ Համբարձումյանը ՔԿՀ իրավաբանին: Նա պատասխանեց, որ աշխատանքը, ուսումը, ընտանիքի հետ կապը կարևոր չափորոշիչներ են, միջոցառումներին մասնակցելը: «Իսկ հոգեբանի հետ հանդիպումները կատարվում են ըստ ցանկության»,- ասաց իրավաբան Պետրոսյանը:

«Աշխատանքի համար ասում եմ, պատասխանում են՝ փակ ռեժիմ է, չեն կարող օգնել աշխատանքի հարցում… 20 տարվա մեջ մի միջոցառում եմ հիշում` շախմատը, էն էլ, որ ես շախմատ խաղալ չգիտեմ, արդեն մեղավոր եմ: Սկսել եմ նկարներ անել, որ ուղարկեմ Վերնիսաժ, բայց դա էլ լուծում չի, հիմա էլ պետությունը շահութահարկ, եկամտահարկ կուզի»,- ընդգծեց դատապարտյալը:

Հեռանալով խորհրդակցական սենյակ` Սևակ Համբարձումյանը մի քանի րոպե անց հրապարակեց մերժման որոշում:

Ըստ քրեական օրենսգրքի հոդված 76-ի կետ 5-ի՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի և, փաստորեն, կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին: Մինչդեռ  դատապարտյալները, այդ թվում նաև՝ պատժի առավելագույն չափի դատապարտվածները պարբերաբար «Հետքին» ահազանգում են, որ կա հոդվածային խտրականություն, չգրված օրենք, ըստ որի՝ մի խումբ հոդվածներով դատապարտվածները, այդ թվում և ծանր ու առանձնաապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվածները չեն ներկայացվում պայմանական ազատման: Այսպես՝ մոտ 10 ցմահ դատապարտյալի պատժի կրման 20 տարին թեպետ լրացել է, այդուհանդերձ, պայմանական ազատման որևէ նախադեպ դեռ չկա: Նրանց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննարկումը կամ հետաձգվում է, կամ վարչական հանձնաժողովը մերժում է նրանց ներկայացնել ազատման:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter