HY RU EN

Սամցխե-Ջավախքում հոգևորականի կողմից սեռական ոտնձգությունների դեպքերը կուսումնասիրվեն Վատիկանում

Սամցխե-Ջավախքի Ծղալթբիլա գյուղում տարիներ շարունակ խոսում են գյուղի հոգևորական, վարդապետ Անատոլի Իվանյուկի՝ գյուղի անչափահաս տղաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին։ Ծղալթբիլան Ախալցխայի շրջանի հայաբնակ կաթոլիկ գյուղ է, որտեղ 25 տարի է՝ ծառայության է ուղարկվել կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, ուկրաինացի Հայր Անատոլին։ 

Խոսակցությունները շշուկների տեսքով փոխանցվում են տեղացիների շրջանում, սակայն տղաները, որոնք ենթարկվել են սեռական ոտնձգությունների, չեն համարձակվել բարձրաձայնել այդ մասին հանրությանը, դիմել ոստիկանություն կամ Վատիկան։ Ավանդապաշտ և հավատացյալ գյուղում պեդոֆիլիայի և հոմոսեքսուալիզմի մասին պատմություններին նախ չէին էլ հավատա։ Ամոթն ու շրջապատում ծաղրի առարկա դառնալու վախը մյուս կողմից է ճնշել տղաներին, և նրանք ստիպված լռել են։ Լռել են նաև վարդապետից վախենալու պատճառով։   

Վարդապետ Անատոլի Իվանյուկին «Հետքի» ընթերցողներն արդեն ծանոթ են այլ դրվագից, երբ վերջինս հրաժարվել էր հուղարկավորել գյուղացիներից մեկին և հրահանգել էր չբացել եկեղեցու դռները հանգուցյալի վերջին հրաժեշտը կազմակերպելու համար։

Ծղալթբիլա գյուղը Գյուղի եկեղեցին

Մեր ձեռքի տակ են սեռական «փորձությունների» ենթարկված տղաներից մի քանիսի վկայությունները, որտեղ մանրամասնորեն նկարագրում են, թե Անատոլի Իվանյուկը ինչ գործողություններ է արել իրենց նկատմամբ 2001-2007թթ., երբ տղաները եկեղեցում սպասավոր են եղել և օգնել են Իվանյուկին պատարագների ժամանակ։ Անատոլի Իվանյուկը նրանց առաջարկել է լողանալ իր բաղնիքում, որտեղ էլ կատարվել է այդ ամենը։ Երիտասարդների անունները չենք հրապարակում հասկանալի պատճառներով։

 «Հետքի» հետ զրույցում տղաներից Արամը (անունը փոխված է) պատմեց, որ նմանատիպ ոտնձգություններ, ավելի կոնկրետ՝ իր սեռական օրգանների մերսում և ձեռնաշարժություն, Անատոլի Իվանյուկը ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ է իրականացրել։

«Պառիլկա է, ուղղակի բաղնիք չէ։ Ասում էր՝ գնացեք բաղնիքը վառեք լողացեք, գնում էինք տղաներով լողանալու, հետո ինքն էլ սկսեց գալ մեր հետ։ Մենք այն ժամանակ փոքր էինք, ընդհանրապես նման բաներ չէինք մտածում, ես հիմա եմ հասկացել, որ դա նորմալ չէր»,-ասում է Արամը։  

Երիտասարդն ասում է, որ վախենում է իր և իր հարազատների անվտանգության համար, քանի որ Անատոլի Իվանյուկն ամեն ինչի ընդունակ անձնավորություն է․ «Ինքն ամեն ինչի պատրաստ է, որ իր կեղտերը դուրս չգան։ Ինքն էլ լավ պաշտպաններ ունի։ Իրենից ավելի շատ պետք է վախենալ, քան մարդասպաններից, ում որ նստեցնում են»,-նշում է Արամը։

Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկեների թեմի առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, թեմայի մասին լսելով, անակնկալի չեկավ: Ակնհայտ էր, որ տեղյակ էր այդ մասին։ Սակայն Սրբազանի հետ այս թեմայով զրույցը կարճ տևեց․ ասաց՝ այդ տղաները չեն եկել իր մոտ և չեն պատմել իրեն եղելությունը, հետևաբար, ինքը չի կարող առաջնորդվել բամբասանքներով և առանց նրանց իրական վկայության որևէ քայլ ձեռնարկել։ «Փաստ չկա։ Փաստը՝ անձը կգա, գանգատ կներկայացնի և՛ կարտահայտի և՛ իր իրավունքները կպահանջի,-ասաց նա,- եթե փաստ չունեմ, չեմ կարող ո՛չ դատել, ո՛չ դատապարտել, ո՛չ պաշտպանել»։

Մեր հարցին, թե, այդուհանդերձ, իրեն հասած լուրերը փորձե՞լ է ստուգել կամ քայլեր ձեռնարկել, Հայր Ռաֆայելը պատասխանեց, որ քանի դեռ դիմում չի եղել, չեն արել, երբ որ դիմում լինի, այն ժամանակ կանեն։

Ձախից՝ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը
և 
Անատոլի Իվանյուկը

Հայր Ռաֆայելը «Հետքի» հետ զրույցում ժխտեց, որ ինքը որևէ վկայություն կամ այդ մասին բողոք ստացած լինի որևէ մեկից։ Սակայն, մեր տրամադրության տակ են Ծղալթբիլայի գյուղացիներից մեկի նամակագրությունը Ռաֆայել Մինասյանի հետ, ինչպես նաև Արևելյան եկեղեցիների միաբանությանն ուղղված նամակները, այդ թվում՝ երիտասարդների վկայությունները։ Ինչը նշանակում է, որ այս հարցն արդեն իսկ հասել է եկեղեցական տարբեր մարմինների և ղեկավարությանը։ Սակայն, մինչ օրս որևէ քայլ չի ձեռնարկվել՝ հաստատելու, կամ այդ փաստերը ներկայացնողին, եթե դրանք իրականությանը չէին համապատասխանում, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

«2001-2005թթ. Անատոլի Իվանյուկը իմ հետ սեռական հարաբերություն է ունեցել սեռական մերսման, ձեռնաշարժության և սեռական շփումների տեսքով: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2001թ. նրա բաղնիքում, որը գտնվում է եկեղեցու տարածքում: Ես, ևս մեկը և Անատոլի Իվանյուկը տկլոր էինք: Անատոլին խնդրեց իրեն մերսել, այնուհետև ինքը մեր սեռական օրգանները մերսեց և մեր սեռական օրգանները մաստուրբացիա արեց: Նմանատիպ գործողություններ իմ հետ կրկնվել են 6 անգամ 2001-2005թթ. ընթացքում: Բացի դրանից, նա բազմիցս գրկում, մարմնիս էր մոտենում և շոշափում սեռական օրգաններս եկեղեցու տարածքում պատարագից առաջ: Հետո լվացվում գնում էր պատարագի: Ինձ ցավալի ու դժվար էր ըմբռնել, որ նա հերթական անգամ ձեռք է տալու իմ սեռական օրգաններին, դրա համար ես հատուկ դանդաղ էի պատրաստվում պատարգին՝ այդպիսով ժամանակ ձգում: Մենք սպասավորներով խոսում էինք այդ մասին, բայց ոչ ոք դա դուրս չէր հանում: Մենք ամաչում էինք: Եթե մեզնից որևէ մեկ մերժում էր նրան, Անատոլին պատժում էր: Մասնավորապես, խփում էր ձեռքերով կամ գրքերով, չէր խոսում մեր հետ, սեռական բնույթի հայհոյանքներ էր տալիս»,-իր վկայության մեջ պատմել է մյուս երիտասարդը՝ Արմենը (անունը նույնպես փոխված է):

Վատիկանի Արևելյան եկեղեցիների միաբանությանը, մասնավորապես՝ միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի քարտուղար, արքեպիսկոպոս Ցիրիլ Վասիլին հասցեագրած «Հետքի» նամակին ի պատասխան, թե ինչ քայլեր են ձեռնարկել երիտասարդների նշած  փաստերը ճշտելու համար, ինչպիսի գործողություններ են իրականացվել, արդյոք որևէ գործողություն իրականացվե՞լ է Անատոլիի նկատմամբ, միաբանությունից ստացել ենք հետևյալ պարզաբանումը․ «Արևելյան եկեղեցիների միաբանությունը հաղորդում է, որ խնդրո առարկան անմիջապես փոխանցվեց իրավասու մարմնին՝ Միաբանությունը հավատի վարդապետության համար, ըստ եկեղեցական նորմերի»։  

Պատասխանը ենթադրում է, որ Վատիկանի Արևելյան եկեղեցիների միաբանությունը տեղյակ չէ խնդրին:

Նույնաբովանդակ հարցադրումներով դիմեցինք նաև Մարեկ Խմելևսկուն՝ Ռուսաստանի, Վրաստանի և Լեհաստանի սալեզյանների տեսուչին: Անատոլի Իվանյուկը սալեզյանների միաբանությունից է: Մամլո Խոսնակ Հայր Յարոսլավ Պիզոնից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Հայր Անատոլի Իվանյուկի դեմ մեղադրանքների մասին տեղեկություններ ստանալուց հետո բացատրական հետաքննություն է իրականացվել՝ նաև ներառելով այդ գործողությունների ենթադրյալ զոհերին, որոնք որևէ կերպ չեն հանգեցրել այդ անձի նկատմամբ նշված գործողությունների հիմնարար և միանշանակ վերագրման: Հետևաբար, վարույթը որևէ հիմք չի տվել այս անձին իր ծառայությունից հեռացնելու համար»:

Թե ինչպես է իրականացվել «բացատրական հետաքննությունը», եթե տղաների հետ չեն զրուցել ու վկայությունները հաշվի չեն առել, հայտնի չէ: Սակայն տղաները, որոնք արդեն չափահաս են, անհանգստանում են, որ իրենց նման շատ երեխաներ են նույն փորձություններով անցել և շարունակում անցնել Սամցխե-Ջավախքի հեռավոր գյուղում: