
Սողոմոն Քոչարյանն ազատության մեջ է (լուսանկարներ, տեսանյութ)
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ այսօր ծանր հիվանդությունների հիմքով ազատություն ստացավ 21-րդ տարին անազատության մեջ գտնվող, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանը:
Սա առաջին դեպքն է անկախ Հայաստանի պատմության մեջ, երբ ցմահ բանտարկյալը ազատվում է պատժի հետագա կրումից: Ինքը` դատապարտյալը, սակայն, չէր կարող ներկա գտնվել իր ազատման վերաբերյալ միջնորդության քննությանը. նա գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում` անկողնային վիճակում: Որդու ազատման լուրը չկարողացավ լսել նաև Սողոմոն Քոչարյանի մայրը, ով նրան խնամում է հիվանդանոցում:
Դատարանի դահլիճում էին Սողոմոն Քոչարյանի քույրերը, հարազատները: Հուզված հետևում էին դատավորի ամեն բառին: Ներկա էին նաև քաղաքացիներ, նրա մարտական ընկերները:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սողոմոն Քոչարյանի փաստաբան Գրիշա Բալասանյանը ներկայացրեց Սողոմոն Քոչարյանի դիմումը` ուղղված դատարանին: «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մոտ երկու ամիս գտնվող դատապարտյալը խնդրել էր դատարանին առանց իր ներկայության լսել ազատման միջնորդությունը` նշելով, որ ի վիճակի չէ մասնակցել, քանի որ անշարժ է, անկողնային վիճակում:
«20 տարի է սպասում եմ ազատությանը, ուստի խնդրում եմ որոշումը կայացնել նույն օրը` հոկտեմբերի 22-ին»,- նշված էր Քոչարյանի նամակում: Իր ազատման վճռի լուրը Սողոմոն Քոչարյանին հայտնել է մայրը: Վերջինս տեղեկացրեց, որ որդին հուզված է:
«Սողոմոն Քոչարյանը առաջին ցմահ դատապարտյալն է, ում գործը այդ հիմքով հասել է դատարան, ինչը մի կողմից ուրախացնող, մեկ այլ կողմից տխրեցնող փաստ է»,- նշեց Գրիշա Բալասանյանը:
Հիշեցնենք, որ Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը հոկտեմբերի 8-ի նիստում դրական եզրակացություն էր տվել ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ` ընդունելով, որ նա տառապում է Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի մի քանի հիվանդություններով` սրտի իշեմիկ հիվանդություն, 3-րդ աստիճանի սրտային անբավարարություն: Դրական եզրակացությունն ուղարկվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
«Այս պահին մի կողմ թողնենք, թե ինչու, ինչի հետևանքով է Սողոմոն Քոչարյանը ազատազրկման վայրում ձեռք բերել ծանր հիվանդություններ: Արդյոք պատշաճ բժշկական օգնության պարագայում հնարավոր չէր լինի կանխել ծանր հիվանդությունների առաջացումը: Կամ՝ առաջին 7 տարիներին, մինչև ՀՀ Եվրոպայի Խորհրդի անդամ դառնալը, մահապատժի դատապարտվածի կարգավիճակում խցերի պայմանները, որտեղ առհասարակ արևի լույս չի եղել, չի օդափոխվել, պատուհանները գիշեր-ցերեկ փակված են եղել երկաթե շերտավարագույրներով և այլն իրենց հետքը չեն թողել դատապարտյալի առողջության վրա: Եվրոպայի Խորհրդի անդամ դառնալուց հետո Հայաստանի Հանրապետությունում որոշ դրական փոփոխություններ իհարկե կատարվել են, սակայն դրանք իմ գնահատմամբ, կոսմետիկ փոփոխություններ են եղել: Ցայտուն օրինակներից մեկն էլ այն է, որ անկախությունից ի վեր ոչ մի ցմահ դատապարտյալ հիվանդության պատճառով չի ազատվել պատժի կրումից»,- իր խոսքում նշեց Սողոմոն Քոչարյանի փաստաբանը` խնդրելով դատարանին ազատել Քոչարյանին:
Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արա Հովհաննիսյանը հրապարակեց և պնդեց միջնորդությունը: ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Հայկ Խաչատրյանը չառարկեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Արսեն Աֆրիկյանի կողմից ներկայացված` Սողոմոն Քոչարյանին ազատելու միջնորդությանը:
Սողոմոն Քոչարյանը դատապարտվել է մահապատժի 1995թ. իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով: 20 տարի անց հայտնի է դարձել, որ մահապատժի դատավճիռը եղել է ՀՀ գլխավոր դատախազության վրա Իրանի դեսպանի կողմից քաղաքական ճնշման հետևանք: Պատժի կրման 20 տարիների ընթացքում կորցրել է ողջ ընտանիքը: Կինը մահացել է ծանր հիվանդությունից, աղջիկը` 19 տարեկան Սյուզին, ում Սողոմոնը ընդամենը 4 անգամ էր տեսել, ինքնասպանություն է գործել անցյալ տարի: Աղջկա մահից հետո մեկ տարվա ընթացքում վատացել է Սողոմոն Քոչարյանի առողջությունը:
21-րդ տարին անազատության մեջ գտնվող, Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը օգոստոսի 26-ից բուժում է ստանում «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Բժիշկները շարունակում են նրա վիճակը գնահատել ծանր: Քոչարյանը օգոստոսի 18-ից գտնվել էր «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ օգոստոսի 25-ին տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղից էլ մեկ օր անց մոր ու փաստաբանի դիմումի հիման վրա, նրան տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ և գտնվում է մինչ օրս:
Հ. Գ. Սողոմոն Քոչարյանի հետ այս հարցազրույցը «Հետքը» տեսանկարահանել է 2015 թ.-ի ապրիլին նրա մասին պատմող «Պատերազմից վերադարձած հետախույզը. 20 տարի բանտում» ֆիլմի համար: Այժմ հրապարակում ենք հարցազրույցի տեսագրությունը գրեթե ամբողջությամբ:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել