Ցմահ դատապարտյալների հարազատները դժգոհ են նախագահի նստավայրից ստացած պատասխանից
Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի ազատ արձակման վճիռը ցմահ դատապարտյալների հարազատները լսեցին ծափահարություններով, բայց նաև նշելով, որ դատավճիռն ուշացած է:
Դատապարտյալների հարազատները ասում են, որ չեն ցանկանում, որ իրենց զավակներն էլ ծանր հիվանդություններ ձեռք բերեն` մինչև ազատ արձակվելը:
Նրանք Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին շարժվել Կառավարության շենքի մոտից, որտեղ տեղեկացրել էին, որ միացել են իրենց հարազատների կողմից ՀՀ նախագահին ուղղված 10 կետանոց դիմումին և այժմ ստորագրահավաք են սկսել: Ստորագրություններով դիմումը մոտ ժամանակներս դարձյալ մուտք են անելու նախագահի նստավայր:
«Շատ անգամ ենք ստորագրահավաքներ կազմակերպել, տարբեր ատյաններ դիմել, բայց այդպես էլ սայլը տեղից չի շարժվել: Այս անգամ չենք նահանջելու, մինչև որ հարցերի գոնե մի մասը չլուծվի»,- «Հետքի» հետ զրույցում ասել է ցմահ դատապարտյալներից նախկին զինվոր Արթուր Քոչարյանի մայրը:
Կառավարության շենքի մոտ նրանց դարձյալ չհաջողվեց հանդիպել Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին: Ակցիայի մասնակիցները շարժվեցին Բաղրամյան 26` ստանալու իրենց դիմումի պատասխանը, որը մուտք էր արվել անցյալ հինգշաբթի:
Քաղաքացիների ընդունելության բաժնից նրանց տեղեկացրին, որ դիմումը հասցեագրվել է Արդարադատության նախարարությանը, և իրենք պետք է սպասեն մեկ ամիս` պատասխան ստանալու համար:
Ցմահ դատապարտյալների հարազատները նշում են, որ իրենք չեն կարող հավատալ այս խոստմանը, քանի որ նման մեկ այլ դիմում` 13 հազար ստորագրություններով, ներկայացրել են նախագահի նստավայր դեռ 2009 թ-ից, և մինչ այժմ պատասխան չունեն:
Նրանք տեղեկացրին, որ կշարունակեն պայքարը` մինչև կոնկրետ փոփոխություններ լինեն: Հնարավոր է` ցմահ դատապարտյալները վերսկսեն հացադուլը, որը ժամանակավորապես դադարեցրել էին հոկտեմբերի 16-ին` որոշելով սպասել ՀՀ նախագահի նստավայր մուտք արված դիմումների պատասխաններին:
Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ավելի քան 5 տասնյակ ցմահ դատապարտյալներ հոկտեմբերի 12-ին հացադուլ էին հայտարարել` դիմումներ ուղղելով ՀՀ նախագահին, որտեղ ոչ միայն մատնանշել են տարիներով կուտակված խնդիրները՝ ձևակերպելով դրանք 10 կետով, այլև տվել են դրանք լուծելու իրավական, օրենսդրական ճանապարհները:
Մեկնաբանել