HY RU EN

Սողոմոն Քոչարյանը 15 օր ապրեց ազատության մեջ

Գիշերը 2-ին մոտ զանգահարեց Սողոմոն Քոչարյանի մայրը. «Սողոմոնը մահացավ, գնաց աղջկա ու կնոջ մոտ»: Զինա Քոչարյանն ասաց, որ իր միակ մխիթարությունն այն է, որ որդին մահացավ որպես ազատ մարդ. «15 օր ապրեց ազատության մեջ, բայց ուշացած ազատություն էր. գոնե ոտով ման գար, արև տեսներ»:

Սողոմոն Քոչարյանի մայրն իր ընտանիքի անունից երախտագիտության խոսքեր ասաց «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրինությանն ու սրտաբանական բաժանմունքի ողջ անձնակազմին մարդկային, պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար, նաև բոլոր այն մարդկանց, ովքեր եղել են իրենց կողքին ու Սողոմոնի վերջին օրերին ուրախություն պարգևել նրան:

Սողոմոն Քոչարյանի մայրն ասաց, որ վերջին երեք օրերին Սողոմոնն անտանելի սուր ցավերի մեջ է եղել, անընդհատ շունչը կտրվել է, օրական մի քանի անգամ նրան ցավազրկողներ են ներարկել: «Վերջում զգում էր, որ մահանում է, ջոկատի տղաներին ասեց` զինվորական շորեր առեք իմ համար»,- պատմեց տիկին Քոչարյանը` նկատելով, որ որդին վերջին օրերին մտքերով անընդհատ կնոջ ու աղջկա հետ էր, ասում էր, որ երկու մարդ իրեն կանչում են, որ ինքը պիտի գնա նրանց մոտ:

Վերջին անգամ այս շաբաթվա սկզբին Սողոմոն Քոչարյանի փաստաբան Գրիշա Բալասանյանի հետ այցելեցինք Սողոմոնին հիվանդանոցում: Ցավազրկողներ էին ներարկել, համեմատաբար հանգիստ էր ու այդ երեկո երկար խոսեցինք: Նա մոտ երկու ժամ պատմում էր պատերազմի տարիներից ու ամենայն մանրամասնությամբ նկարագրում, թե ինչպես է այդ ժամանակ` 1993-ին, ծանոթացել ապագա կնոջ հետ, կարոտով հիշում էր աղջկան` Սյուզաննային, ում 19 տարվա մեջ տեսել էր ընդամենը 4 անգամ:

Հիշեցնենք, որ 20 տարի անազատության մեջ անցկացրած Սողոմոն Քոչարյանը դատապարտվել էր մահապատժի 1995 թ-ին` մեղադրվելով ԻԻՀ քաղաքացի Իրաջ Փուր Միրզաբեկի սպանության մեջ: Սակայն 20 տարի անց «Հետք»-ին հայտնի էր դարձել, որ մահապատժի դատավճիռը եղել էր ՀՀ գլխավոր դատախազության վրա Իրանի դեսպանի կողմից քաղաքական ճնշման հետևանք: Պատժի կրման 20 տարիների ընթացքում Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ, 2-րդ կարգի զինվորական հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը կորցրել էր ողջ ընտանիքը: Կինը մահացել էր ծանր հիվանդությունից, աղջիկը` 19 տարեկան Սյուզին, ինքնասպանություն էր գործել 2014 թ-ի մարտի 1-ին: Աղջկա մահից հետո մեկ տարվա ընթացքում վատացել է Սողոմոն Քոչարյանի առողջությունը: Թե՛ «Հետք»-ը, թե՛ Սողոմոնի մայրը վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար բարձրաձայնել են նրան հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտության մասին: Սակայն միայն այս տարվա օգոստոսի 18-ին է նա տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ` ստացիոնար բուժման: Ապա օգոստոսի 25-ին տեղափոխվել էին «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղից էլ մեկ օր անց մոր ու փաստաբանի դիմումի հիման վրա`  «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Այս տարվա հոկտեմբերի 22-ին դատարանի որոշմամբ Սողոմոն Քոչարյանն ազատվել էր պատժի հետագա կրումից` ծանր հիվանդությունների հիմքով: Սա առաջին դեպքն էր անկախ Հայաստանի պատմության մեջ, երբ ցմահ բանտարկյալը ազատվում էր պատժի հետագա կրումից: Նրա մոտ ախտորոշվել էր Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի սրտի իշեմիկ հիվանդություն, 3-րդ աստիճանի սրտային անբավարարություն և արագ զարգացող լիմֆոմա` քաղցկեղ: Վերջին հիվանդության մասին «Հետք»-ը չէր գրում, քանի որ Սողոմոն Քոչարյանը պարբերաբար ցանկանում էր կարդալ իր մասին հրապարակումները:

Սողոմոն Քոչարյանի ընտանիքը դեռ չի որոշել, թե որտեղ է կազմակերպվելու հոգեհանգստի ու թաղման արարողությունը: