
Սինթետիկ կենսակտիվ սննդային հավելումների օգտակարության առասպելը
Գոհար Ջրբաշյան
Մաս 1
Վիտամինային համալրումները շատ տարածված են ամբողջ աշխարհում: ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում մուլտիվիտամինները հասանելի են դարձել 1930-ականների կեսերին: Դա երանելի ժամանակներ էին, երբ այդ հավելումները պատրաստվում էին բնամթերքի խտանյութերից: Հետագայում, վաղ 1940-ականներին, որոշ արտադրողներ սկսեցին արտադրել սինթետիկ հաբեր, սկիզբ դնելով մի խելացնորության, որն արդեն վաղուց դարձել է համաշխարհային մակարդակի հանրային առողջապահության խնդիր: Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ցանկանում են ճիշտ սնվել վիտամիններով և հանքանյութերով հարուստ սննդակարգով, որը կօգնի իրենց ապրել առողջ ու երկար, և լինել ֆիզիկապես ակտիվ ամբողջ ժամանակ ու դրա հետ մեկտեղ գեղեցիկ տեսք ունենալ՝ լինել ձիգ ու սլացիկ: Բայց այդ անմեղ, միամիտ, և սնուցիչների բուն էության մասին տարրական գիտելիքներ չունեցող մարդիկ որևէ ընկալում չունեն այն մասին, որ մեծ «ապրանքանիշերի» վիտամինահանքային հավելումներն իրականում լեցուն են սինթետիկ տոքսիններով, որոնք ոչ միայն չեն նպաստում քաջ առողջությանը, այլև կարող են մուտացիաներ ու քաղցկեղներ, և այլ հիվանդություններ դրդել: Սա նշանակում է, որ դրանք կարող են թունավորել մարմինը, նպաստելով հիվանդությունների և խանգարումների առաջացմանը, այդ թվում արթրիտ, օստեոպորոզ, փխրուն ոսկորներ, քաղցկեղ, կաթված, և Ալցհեյմերի հիվանդություն՝ ի թիվս այլոց: Սինթետիկ սնուցիչների և սննդային հավելումների հետ կապված այս մղձավանջի մեջ հայտնվելը շատ հեշտ է, եթե մարդը մանրամասն տեղյակ չէ հավելումների մասին: Այնինչ դրանք կարող են հանգեցնել ակնկալվածի ճիշտ հակառակ արդյունքին։ Օրինակ՝ խմիչքների, աղանդերների, քաղցրավենիքի, կաթնամթերքի, ծամոնների, քաշը վերահսկող ապրանքների մեջ թույլատրված է օգտագործել ասպարտամ՝ առանց հաշվի առնելու դրա պոտենցիալ տոքսիկությունը (1): Այնինչ, բարակ աղու բակտերիաներն այն տրոհում են ասպարտաթթվի (aspartic acid), ֆենիլալանինի (phenylalanine), և մեթանոլի (methanol): Մեթանոլը, որն առավել հայտնի է որպես փայտի սպիրտ, իր հերթին տրոհվում է ֆորմալդեհիդի (formaldehyde) և մրջնաթթվի (formic acid): Վերջինը համարվում մեթանոլի թունավորման հիմնական գործոն, իսկ ֆորմալդեհիդը հայտնի քաղցկեղածին է (2):
Հստակ պետք է հասկանալ, որ ալյուրի սինթետիկ պրեմիքսներով «հարստացումը» շատ քիչ բանով է տարբերվում վիտամինահանքային հավելումից՝ արդյունքը նույնն է լինելու, ընդամենը ժամանակի հարց է, քանի որ և՛ չմետաբոլացված ֆոլաթթուն և՛ երկաթը կուտակվում են մարմնում: Միայն թե, եթե կամավոր հավելման դեպքում մարդը գիտի թե օրական ինչ չափաբաժնով է այս կամ այն վիտամինահանքային հավելումն ընդունում և կամայական պահի կարող է ընդհատել, ապա ալյուրի պարտադիր հարստացման պարագայում, հատկապես քաղաքաբնակները գրեթե վստահաբար զրկված են լինելու ընտրության հնարավորությունից, անգամ եթե ֆոլաթթուն կամ երկաթի որևէ միացություն հակացուցված լինեն իրենց՝ թերևս միայն հացաբուլկեղենից, հրուշակեղենից, մակարոնեղենից և բարձր ու առաջին կարգի ալյուրից պատրատված որևէ սննդամթերքից լիովին հրաժարվելու գնով, ինչը հաց շատ ուտող հայերի համար շատ բարդ է:
Սննդի պարտադիր հարստացումն անթույլատրելի է քանի, որ վիտամինների և հանքանյութերի ավելցուկը նույնքան և իրականում նույնիսկ ավելի վտանգավոր է, քան դրանց անբավարարությունը: Սա հատկապես ճիշտ է սինթետիկ վիտամինների և հանքանյութերի համար: Եվ քանի որ բոլորի մոտ չէ, որ վիտամինահանքային անբավարություն կա, ապա հավելումները պետք է անհատական լինեն` ըստ կարիքի: Երկրորդ, «ֆորտիֆիկացման» նյութերը արհեստական ծագում ունեն և տեղից էլ սինթետիկ պարարտանյութերով աճեցված մեր սնունդն էլ ավելի լցոնել քիմիայով՝ անթույլատրելի է, առավել ևս, որ մարդու լյարդը ֆոլաթթուն օգտագործելի տեսակների ֆոլատների փոխարկելու նվազ ունակություն ունի, ինչի պատճառով չմետաբոլացված ֆոլաթթուն հայտնվում է արյան շրջանառության համակարգում և բացասական հետևանքների հանգեցնում։
Հարկ է նշել, որ առ այսօր որևէ հետազոտություն չկա ֆոլաթթվի երկարաժամկետ օգտագործման հետևանքների մասին: Մեծ Բրիտանիայի «Առողջապահության, սոցիալական ծառայությունների և հանրային անվտանգության դեպարտամենտի» և «Սննդի ստանդարների գործակալության» հանձնարարությամբ իրականացված «Սննդակարգի և սնուցման ազգային հետազոտությունը» (2015թ.) վերահաստատելով Սնուցիչների գիտական խորհրդատվական կոմիտեի «Ֆոլատ և հիվանդությունների կանխարգելում» (2006թ.) զեկույցում արտահայտած հստակ դիրքորոշումը, պնդում է. «չմետաբոլացված ֆոլաթթվի երկարաժամկետ կենսաբանական ազդեցությունները մարդկանց վրա անհայտ են» (3): Նույն կարծիքի է նաև ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների Սննդային հավելումների գրասենյակը. «Գրեթե բոլոր 1-8 տարեկան երեխաները սննդային հավելումների միջոցով օրական ընդունում են առնվազն 200մկգ ֆոլաթթու որը գերազանցում է նրանց տարիքային առավելագույն թույլատրելի չափաբաժինը: ԱՄՆ պատասխանատուներն այնուհետև նշում են. «Սակայն, պարզ չէ, թե արդյոք սա մտահոգիչ է թե՞ ոչ, քանի որ քիչ բան է հայտնի ֆոլաթթվի բարձր չափաքանակների երեխաների վրա ունեցած երկարաժամկետ հետևանքների մասին (4, 5, 6)»: Հատկանշական է, որ 100գ հաց ուտելու հետ յուրաքանչյուր հայաստանաբնակ կստանա 100մկգ ֆոլաթթու։ Քանի որ հայերը հաց և հացամթերք շատ են ուտում, հատկապես երեխաները և ծերերը, ապա շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանում ևս երեխաներից շատերի օրական ստացած ֆոլաթթվի քանակը կգերազանցի նրանց տարիքային առավելագույն թույլատրելի չափաբաժինը՝ հանգեցնելով անցանկալի հետևանքների։
«Սնուցում» ամսագրում (Journal of Nutrition) 2014թ. դեկտեմբերին հրապարակված NHANES 2007-2008թթ. տվյալների հիման վրա արված հետազոտությունը նշում է, որ չմետաբոլացված ֆոլաթթու հայտնաբերվել է ԱՄՆ-ում ≥1տ. տարիքի ողջ բնակչության 95%-ի արյան մեջ (7): Իսկ ահա «Սնուցման բրիտանական ամասագրում» (British Journal of Nutrition) 2015թ. հրապարակված NHANES 2011-12թթ. տվյալների վերլուծության համաձայն՝ չմետաբոլացված ֆոլաթթու հայտնաբերվել է ԱՄՆ բնակչության 99,9%-ի մոտ (8):Նորածնային շրջանից սկսած արյան մեջ չմետաբոլացված ֆոլաթթվի առկայության (9) իրական հետևանքները հնարավոր կլինի գնահատել տասնամյակներ անց, առնվազն 2-3 սերունդ դրա ազդեցությանը ենթարկվածների հետազոտությամբ միայն։
Մեկնաբանել