
Ալյուրի հարստացման կողմնակիցները չէին մասնակցում այդ թեմայով գիտաժողովին
Այսօր «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական (ՀԱՍՔ) նախաձեռնությունն ու Սպառողների ազգային ասոցիացիան ցորենի ալյուրի հարստացման թեմայով գիտաժողով էին կազմակերպել: Մեկ տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել երկու օրինագիծ՝ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացրումներ կատարելու մասին» (դեռևս 2011-ին կառավարությունը հավանություն էր տվել ցորենի հարստացման մասին հայեցակարգին):
Առաջին օրինագծի համաձայն՝ Հայաստանում օրական 30 տոննա և ավելի հզորություն ունեցող ալրաղացներում բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը հարստացվելու է պրեմիքսներով, այսինքն՝ վիտամինահանքանյութային հավելումներով: Մեր երկրում այդպիսի 7 ալրաղաց կա, որոնց օրական ընդհանուր հզորությունը 1395 տ է: Դրանց արտադրած ալյուրը կազմում է շուկայում իրացվողի 80-85 տոկոսը: Այսինքն՝ բնակչությանն իբրև այլընտրանք են թողել 15 տոկոսը բավարարող փոքր ալրաղացներին:
Ծրագրի նախաձեռնողը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն է՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը: Վերջինս հայտարարել է, որ անվճար տրամադրելու է սարքավորումներ և մեթոդաբանական գիտելիքներ: նախորդ տարվա դեկտեմբերին ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն էլ «Հետքի» հետ զրույցում ասել էր, որ սարքավորումներն արդեն ներկրել են: Սա՝ այն դեպքում, երբ այս տարվա հունվարին օրինագծի քննարկումը ԱԺ-ում 1 տարով հետաձգվել է:
«ՀԱՍՔ» նախաձեռնության անդամ Աննա Սարգսյանն ասում է, որ այսօրվա գիտաժողովը նպատակ ուներ մեկտեղել բոլորին, լսել կողմ-դեմ կարծիքները: Սակայն գիտաժողովին ներկա չէին ալյուրի հարստացմանը կողմ արտահայտվող գերատեսչական, միջազգային կառույցների ներկայացուցիչները: Աննայի խոսքով՝ մասնակցության հրավեր էին ուղարկել խորհրդարանական խմբակցություններին (ներկա էին միայն ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը), առողջապահության, էկոնոմիկայի նախարարություններին, գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայությանը, կրթության և գիտության նախարարությանը (որոշ դպրոցներում ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից տրամադրվող հարստացված սննդի մասին հարցերին պետք է պատասխաներ), Առողջապահության համաշխարհայաին կազմակերպության հայաստանյան գրասենյակին, ՅՈւՆԻՍԵՖ-ին:
«Մենք ակնկալում էինք, որ նրանք չեն մասնակցելու, քանի որ չունեն հզոր հակափաստարկներ, որոնք կարողանան ներկայացնել, և բանավիճել մասնագետների հետ»,- նշում է Ա. Սարգսյանը: Իսկ թե ինչու չկան շատ բժիշկներ, վերջինս ասաց, որ բժշկական համալսարանի անդամներից ոմանց հրաժարվելը միանշանակ խոսում է այն մասին, որ առողջապահության նախարարությունը պրեսինգի է ենթարկում իր մասնագետներին:
Գիտաժողովը նաև հարստացված ալյուրի ռիսկերի մասին տեղեկացնելու միջոց է: Մասնակիցներին, ըստ մեր զրուցակցի, տրամադրվել էին տպագիր, էլեկտրոնային նյութեր, ապացուցողական բժշկության փաստարկներ, տեսանյութեր:
«Առողջապահության նախարարության ներկայացուցիչները խոսում են ՍՍՀՄ տարիներին ալյուրի հարստացման մասին, ասում են, որ այդ ժամանակ ոչ ոք չէր բողոքում: Այդ տարիներին հարստացվում էր միայն առաջին և բարձր տեսակի ալյուրը, որն օգտագործվում էր գրեթե միայն հրուշակեղենի և մակարոնեղենի արտադրության մեջ, իսկ հացը թխվում էր չտեսակավորված ալյուրից, այսինքն՝ այդ հավելանյութերը չէին մտնում շուկայում մեծ քանակությամբ սպառվող հացի մեջ»,- ասում է նա:
Աննան ասում է, որ ՅՈւՆԻՍԵՖ-ն ունի հետաքրքիր վերլուծություններ, որտեղ հաշվի են առնվել ՀՀ օրենսդիր մարմնի, ՀՀ սպառողների և ալյուր արտադրողների բոլոր թույլ կողմերը: «Նրանք նույնիսկ օրենսդիր մարմնի սեռային, տարիքային պատկանելությունն են հաշվի առել, թե ինչ մարդկանց հետ պիտի գործ ունենան, ինչպես պետք է ներազդեն նրանց վրա, որպեսզի ընդունվի օրինագիծը, անգամ ինչ սերիալների ժամանակ պետք է օրենքի այդ գովազդն անեն, որպեսզի մարդիկ դրական ընդունեն: Նրանք նշում են ալյուր արտադրողների թույլ կետերը, որ չկա ոչ մի մոնիտորինգ: Այսինքն՝ հսկայական օրենք են անցկացնում, որի համար ոչ մի մոնիտորինգ չի արվել»,- նշում է Ա. Սարգսյանը:
Ըստ նրա՝ օրինագծի ընդունումը միանշանակ հնարավոր է կանխել, եթե լինի պատգամավորների, հանրության, լրատվական միջոցների ակտիվ աշխատանքը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել