HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրեաներ. միշտ էլ եղել են Հայաստանում

Ինչպես են հրեաները հայտնվել Հայաստանում

«Մ.թ.ա. առաջին դարում հայոց արքա Տիգրան Մեծը ( 95-55 մ.թ.ա. ) ուղեւորվեց Պաղեստին` Պտղոմեադ քաղաքը գրոհելու, որպեսզի վրեժխնդիր լինի Կլեոպատրայից նրա որդի Դիոնիսոսի հանցանքի համար ընդդեմ իր հոր` Արտաշես Առաջինի: Քաղաքի պաշարումն այդպես էլ տեղի չունեցավ. Տիգրան արքան հեռացավ եւ իր հետ Հայաստան բերեց գերեվարած հրեաներին: Արքան նրանց բնակեցրեց Արմավիրում եւ Քասախ գետի ափին»:

Այս մեջբերումը Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը երեք մասից» գրքից է եւ Հայաստանում հրեաների մասին առաջին հիշատակումն է: Հրեաների երկրորդ զանգվածային ներհոսքը Հայաստան, հայ միջնադարյան պատմիչի վկայությամբ, տեղի ունեցավ, երբ հրեական գահի երկու հավակնոդներից` Անտիգոնից եւ Գիրկանից, հայերը որոշեցին սատարել առաջինին: Անտիգոնը հաղթեց, իսկ արշավի ընթացքում գերեվարված հրեաներին Տիգրան արքան հրամայեց բնակեցնել Շամիրամ (Վան) քաղաքում:

Ըստ որոշ աղբյուրների` նրանք մոտ 300.000 էին: Հետագայում այդ տարածքները գնվեցին Շիմոն Պոկրատ առեւտրականների ընտանիքի կողմից եւ դարձան հրեական համայնքի զարգացման կենտրոն: Մինչ այժմ երբեմն կարելի է լսել կարծիք, թե Վանից եկվորներն այդ հրեաների հետնորդներն են: Այդ կարծիքը, այնուամենայնիվ, հիմնավորված չէ:

Խորենացին պատմում է, որ առասպելական Հրաչյա արքայի օրոք Հայաստանում ապրել է հրեա վաճառական` Շմբատ անունով: Խորենացին պնդում է, որ Շմբատից է սերվել Բագրատունի իշխանական տոհմը:

Այսպիսին են Հայաստանում հայտնված առաջին հրեաների մասին կցկտուր տեղեկությունները: Սակայն ոչ մի հինավուրց հրեական բնակավայր չի պահպանվել մինչեւ մեր օրերը: Չնայած` վերջերս Վայոց ձոր մարզի Եղեգիս գյուղում հայտնաբերվել է 11-13-րդ դարերի հրեական գերեզման, ինչպես նաեւ` ալրաղաց եւ կահ-կարասի: Երուսաղեմի համալսարանի գիտնականներն այժմ ուսումնասիրում են գտածոները. դեռ հայտնի չէ` ինչպես են հրեաները հայտնվել այդ մասում, արդյոք նրանք Տիգրան Մեծի` Հայաստան բերած հրեաների հետնորդնե՞րն են, թե՞ ավելի ուշ են եկել:

1840 թվականից Էրիվանի նահանգում կային հրեական երկու համայնքներ` աշկենազիներ` եկվորներ Եվրոպայից, հիմնականում Լեհաստանից, եւ սեֆարդներ` եկվորներ Պարսկաստանից: Հայտնի է, որ սեֆարդներն ունեին սինագոգ, որը կոչվում էր «Շեյխ Մորդեխայ». այն պահպանվել է մինչեւ 1924 թվականը:

Արդեն 1930-ականների սկզբներին, սակայն, այդ համայնքներից Հայաստանում մնացել էին միայն մի քանի տասնյակ մարդիկ:

Հայաստանում այժմ բնակվող հրեաների մեծ մասն աշկենազիներ են: Նրանք հիմնականում Հայաստան են եկել նախկին ԽՍՀՄ հանրապետություններից: Առաջին եկվորներն այստեղ հաստատվել են 30-ական թթ սկզբներին, հետագայում հրեաները տեղահանվել եւ Հայաստան են բերվել Երկրորդ աշխարհամարտի տարիներին:

Հրեաների հետագա զանգվածային ներհոսքը Հայաստան տեղի է ունեցել յոթանասունականների սկզբներին, երբ հակասեմիտիզմը դարձավ Խորհրդային Միության գաղտնի քաղաքականությունը: Հրեաների դեմ հալածանքներն իրականացվում էին ոչ թե ճնշումների, այլ ավելի «քաղաքակիրթ» մեթոդներով` նրանց չէին ընդունում աշխատանքի, որոշ ուսումնական հաստատություններ փակ էին հրեաների համար: Դա հանգեցնում էր նրան, որ շատերը փորձում էին մեկնել իրենց պատմական հայրենիք, նրանց թույլ չէին տալիս, իսկ փաստաթղթերն Անձնագրերի եւ վիզաների վարչություն տալով` նրանք դառնում էին «օտկազնիկներ» (մերժվածներ):

Այդ հրեաներից շատերը տեղափոխվեցին Հայաստան: Ինչու՞ հենց Հայաստան: Որովհետեւ, ինչպես պատմում են համայնքի անդամները, հրեաներին այստեղ լավ էին վերաբերվում, եւ հակասեմիտիզմի խնդիր չկար:

«Վերակառուցման» ժամանակ այդ մարդկանց` «յոթանասունականներին եկածների» մեծ մասը, հիմնականում երիտասարդությունը, մեկնեց Իսրայել:

Հրեաների եւ նրանց ընտանիքների հայ անդամների հաջորդ զանգվածային արտահոսքը եղավ 1992-93 թվականներին, Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով Հայաստանի շրջափակման ժամանակ: Հայաստանաբնակ հրեաների գլխավոր ռաբբի Գերշ Բուրշտեյնը պատմում է, որ այն ժամանակ մեկնած մարդկանց մեծ մասը երբեք չէր հեռանա սովորական պայմաններում. նրանք ապահովված էին, մեծ մասը բժիշկներ էին, ինժեներներ, ձեռնարկատերեր, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղված մասնագետներ:

Հրեական համայնք

Հայաստան տեղափոխված «օտկազնիկների» մեջ կային ակտիվ ընտանիքներ, որոնք իրենց տներում կազմակերպում էին հայրենակիցների հավաքներ:

Ութսունականների վերջին մի քանի ակտիվիստներ ստեղծեցին «Արեւ» հայ-հրեական բարեկամության կազմակերպությունը, որի նպատակն էր իր շուրջը հավաքել հայ եւ հրեա մտավորականությանը: Դրա հիման վրա հետո ձեւավորվեց հրեական համայնքը, որը պաշտոնապես գրանցվեց 1991 թվականին` Գերշ Բուրշտեյնի եւ Իգոր Ուլանովսկու համանախագահությամբ:

Քանի որ Հայաստանում հասարակական կազմակերպություններին արգելվում է զբաղվել կրոնական գործունեությամբ, մեկ տարի անց գրանցվեց Հրեական կրոնական համայնքը, որի նախագահը դարձավ ռաբբի Գերշ Բուրշտեյնը:

Հայաստանում ներկայումս ապրում է 800-900 հրեա: Նրանք մեծամասամբ կենտրոնացած են Երեւանում, Վանաձորում, մինչ երկրաշարժը` նաեւ Գյումրիում: Սեւանում նույնպես կա համայնք` ազգությամբ ռուսներ, ովքեր դավանում են հրեականություն: Դա փոքրաթիվ համայնք է` այժմ բաղկացած միայն տարեցներից:

Համայնքը գործում է ամերիկյան հովանավոր կազմակերպությունների եւ մասնավոր անձանց օժանդակությամբ: «Ջոյնթ» կազմակերպությունը Հրեական կրոնական համայնքի միջնորդությամբ իրականացնում է մշակութային նախագծեր, սննդային եւ բժշկական օգնություն մեծահասակներին, երեխաների օգնության ծրագրեր: «Սոխնուտ» կազմակերպությունը զբաղվում է Իսրայել վերադառնալ ցանկացողների հարցերով:

Հայաստանում այսօր ապրող հրեաների 99% -ը խառն ամուսնության մեջ է. հիմնականում կանայք հրեաներ են, ամուսինները` հայեր:

«Հրեական կրոնական համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա ՎարժապետյանըՀայաստան է եկել 1970 թվականին Ուկրաինայից եւ ամուսնացել հայի հետ:

Համայնքի անդամ Վալերիա Կալինսկայա-Ֆլջյանը մինչ 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունը Թբիլիսի տեղափոխված լեհական հրեաների ընտանքից է: Նրա պապը Թբիլիսիում հիմնել է հալվա եւ ձեթ արտադրող երկու գործարան: Հեղափոխությունից հետո իրենց մեծ տունն ու գործարաններն ազգայնացրել են: Չնայած` «Կարլինսկի» ազգանունը մինչ այժմ պահպանվել է երկհարկանի տան ճակատամասին: Վալերիան հիշում է իր տունը Թբիլիսիում, ուր կողք-կողքի ապրում էին մի քանի ազգություններ, եւ ոչ մի թշնամանքի մասին նրանց միջեւ խոսք անգամ լինել չէր կարող: Ինստիտուտն ավարտելուց հետո ֆրանսերեն լեզվի մասնագետ Վալերիա Կարլինսկայան ամուսնացել է հայ Դոնալդ Ֆլջյանի հետ եւ տեղափոխվել Երեւան:

Չնայած հայերն ու հրեաներն ընդհանուր շատ բան ունեն, որոշ ավանդույթներ միմյանցից ծայրահեղորեն տարբեր են:

Օրինակ` հայերի մոտ ազգությունը որոշվում է հոր, իսկ հրեաների մոտ` մոր կողմից: Հետաքրքիր է` ինչպե՞ս են ազգային պատկանելությունը որոշում հայ-հրեական ընտանիքում:

«Մեր ընտանիքներում այդ առումով լրիվ համաձայնություն է,- ծիծաղում է համայնքի անդամ Ադելինա Լիվշիցը, ով Հայաստան է եկել Օդեսայից եւ ամուսնացած է հայի հետ:- Մենք մեր երեխաներին համարում ենք հրեաներ, մեր հայ ամուսինները` հայեր: Իսկ եթե լուրջ, թող մեր երեխաները դառնան տասնութ տարեկան եւ իրենք որոշեն: Այ, իմ դուստրն Իսրայելում է ապրում, եւ որքան երկար է ապրում այնտեղ, այնքան շատ է իրեն հայ զգում»:

Մեկնաբանություններ (1)

Կարինա Ռաֆայելի Աթոյան
Գյումրեցի եմ,հայրիկւս ծննուդը եղել է հրյա տնական մանկաբարձի ձեռքով,անվանակոչել է Ռաֆֆի,հետոՌաֆիկ-Ռաֆաել,հայրս երիտասարդ է մահացել 28տարեկան,երիկամների անբավարարությունից,եվ նրա մանկաբարձ կինը որ անվանակոչել էր հորս Ռաֆֆի,տղան բժիշկ է եղել զինվորական հիվանդանոցում<<հոսպիտալում>> չգիտեմ ազգանունը Շտերնես,թե՞ Շթելիս,չեմ կարող ասել։Մանկաբարձ կինը շատ խորը ցավ է ապրել հայրիկիս մահով,հետո միշտ գնացել եկել են մեր տուն,տատիս հետ ընկերացել։Նրաք գնացել են Իսրաէլը 1992-93թվերին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter