HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուժող. «Եթե ունենայի գումար, պաշտոնական դիրք, ամեն ինչ ուրիշ ձևով կլիներ»

Մասիսի բնակչուհի Սաթենիկ Գևորգյանը, ով ութ տարի պայքարում է աղջկա` 19-ամյա Սուսաննա (Սյուզի) Գևորգյանի մահվան իրական հանգամանքները պարզելու համար, ևս մեկ դատական մերժում ստացավ:

Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Լևոն Ավետիսյան) մերժեց Սաթենիկ Գևորգյանի և նրա ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանի բողոքն ընդդեմ ՀՔԾ-ի կարճման որոշման:

Սուսաննա Գևորգյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին «Հետքը» գրել է դեռ մեկ տարի առաջ` մեկ հատորանոց (107 թերթ) գործի նյութերն ուսումնասիրելով Արարատի ու Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակում (Արտաշատ քաղաքում), որտեղ տեղակայված է նաև դատական արխիվը:

Սուսաննա Գևորգյանը

Ըստ գործի նյութերի, 19-ամյա Սուսաննան մահացել էր 2007 թ-ի մարտի 9-ի երեկոյան 22:45-ին, երբ Նորամարգ-Մասիս ավտոճանապարհին Մասիսի բնակիչ Արարատ Կաֆյանի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան (որում գտնվել է Մասիսի բնակչուհի 19-ամյա Սուսաննա (Սյուզի) Գևորգյանը), բախվելով հողաթմբին, վթարի էր ենթարկվել: Արարատի ու Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը Արարատ Կաֆյանին մեղավոր էր ճանաչել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ կետով՝ դատապարտելով 2 տարվա պայմանական պատժի. նա մեկ օր անգամ չի ազատազրկվել: Տուժողի իրավահաջորդ Սաթենիկ Գևորգյանը մինչ օրս չի հավատում, որ աղջիկը զոհվել է վթարի հետևանքով: Փաստերն ու հանգամանքները վերլուծելով` նա եկել է այն եզրակացության, որ հնարավոր է աղջկա նկատմամբ բռնություն է եղել, իսկ վթարը «բեմադրվել» է, որպեսզի կոծկվի ծանր հանցագործությունը: Ամենամեծ կասկածը մոր մոտ հարուցել է այն, որ դեպքից հետո կորել են աղջկա ներքնաշորերը, որոնք կարող էին վկայել հնարավոր սեռական բռնության մասին:  Մահացած աղջկա մայրը՝ Սաթենիկը, մինչ օրս պնդում է, որ Կաֆյանին պատասխանատվությունից փրկել է նրա քննիչ աներձագը՝ Սամվել Անդրեասյանը, ով փեսայի զանգով դեպքից հետո առաջինն է եկել դեպքի վայր ու օգնել ազգականին` տեղափոխել դիակը: 

Քրեական գործի ողջ նյութերը կարդալով՝ հասկանալի դարձավ, որ «Օպել-Վեկտրայի» վարորդ, Մասիսի բնակիչ, ՌԴ քաղաքացի Արարատ Կաֆյանի նկատմամբ իրավապահները ցուցաբերել էին ծայրաստիճան բարեհաճ վերաբերմունք, ինչի մասին վկայում էին փաստերը

Մամուլի հրապարակումները հիմք դարձան, որպեսզի Սուսաննայի մոր` Սաթենիկ Գևորգյանի հաղորդման հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում դեպքից յոթ տարի անց` 2014-ի հունիսի 27-ին հարուցվի նոր քրեական գործ`ՔՕ 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Սակայն ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Գուրգեն Հակոբյանն իր գործընկեր՝ մեկ այլ քննիչ Կ. Թադևոսյանի արարքներում այդպես էլ հանցակազմ չի տեսել ու մեկ տարի անց կայացրել քրեական գործը կարճելու որոշում: Այդ որոշման մեջ նշված է, որ քննիչ Գ.Հակոբյանը որոշում է կայացվել դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական և դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննություն նշանակելու մասին, հարցաքննել է հիմնական գործը քննած քննիչին, Կաֆյանի աներձագ-քննիչ Սամվել Անդրեասյանին, նրանց առերես հարցաքննություն անցկացրել Սաթենիկ Գևորգյանի հետ: Հենց կարճման որոշումն էլ բողոքարկում էին Սաթենիկ Գևորգյանն ու նրա ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը: Մինչդեռ դատարանը մերժեց նրանց բողոքը` հրապարակելով միայն որոշման ներածական ու եզրափակիչ մասերը:

Մինչ դատավոր Լևոն Ավետիսյանի խորհրդակցական սենյակ անցնելը, Սաթենիկ Գևորգյանը պնդեց բողոքը.

-Պարոն Ավետիսյան, Դուք տեղյակ եք, ես 8 տարի պայքարում եմ իմ իրավունքների համար` որպես տուժողի իրավահաջորդ: Օրենքն ասում է, որ որպես տուժող ես կարող եմ ստանալ իմ հարցերի պատասխանները, բայց 8 տարի է` չեմ ստանում դրանք: Եթե ունենայի պաշտոնական դիրք, ժամանակի ընթացքում կստանայի իմ հարցերի պատասխանները:

Սաթենիկ Գևորգյանը դատարանից պահանջեց նաև գրավոր պատասխանել, թե ինչու է նույն դատարանում իր գործով երկու բողոք ընդունվել` մեկը ստորագրված, մյուսն` անստորագիր:

- Հուլիսի 22-ին է ստացվել բողոքն ու մակագրվել է ինձ, հետագայում ուղարկվել է նաև բողոքի պատճենը և այս անգամ մակագրվել է դատավոր Արմեն Խաչատրյանին: Սա ձևական, ոչ էական խախտում է իմ կարծիքով, խախտում էլ չէ,- պատասխանեց դատավոր Լևոն Ավետիսյանը:

Դատարանի մերժումից հետո Սաթենիկ Գևորգյանն ասաց, որ դիմելու են վերաքննիչ դատարան. «չնայած ոչ մի վստահություն չունեմ դատարանի նկատմամբ: Ուղղակի ուրիշ ճանապարհ չկա: Եթե ունենայի գումար, պաշտոնական դիրք, ամեն ինչ ուրիշ ձևով կլիներ»,- ասաց 19-ամյա աղջկան կորցրած կինը:

Ինչպե՞ս է անստորագիր բողոքը մուտք արվել դատարան

«Հետքը» զրուցեց նաև Սաթենիկ Գևորգյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանի հետ, ով մեր լուսաբանումներին ու Սաթենիկ Գևորգյանի կոչին արձագանքելով` դեռ 2014 թ-ից ստանձնել է նրա շահերի պաշտպանությունը:

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը

Փաստաբան Գյոզալյանը տեղեկացրեց, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն դատարանում  իրենց բողոքը ստացվել է հուլիսի 22-ին: «Հուլիսի 27-ին կայծակնային արագությամբ նիստ է նշանակել դատավոր Արմեն Խաչատրյանը: Ծանուցումը ստացել ենք նույն օրը, բնականաբար չենք մասնակցել: Օգոստոսի 12-ին էլ ենք ստացել ծանուցում, բայց արդեն Լևոն Ավետիսյանի օգնականից: Օգոստոսի 12-ին էր նիստը նշանակված, բնականաբար չենք հասցրել գնալ: Հետո նիստ է նշանակվել սեպտեմբերի 16-ին: Իսկ հոկտեմբերի 22-ին նորից ծանուցում եմ ստացել, բայց այստեղ արդեն գործի համար էր փոխված»,- պատմեց փաստաբանը:

Դատավոր Արմեն Խաչատրանը հոկտեմբերի 27-ին նիստ է նշանակել, բայց հոկտեմբերի 30-ին է որոշում կայացրել, որ բողոքը մնում է առանց քննության և վերադարձվում է, քանի որ ստորագրված չէ բողոքաբեր Սաթենիկ Գևորգյանի ու նրա ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանի կողմից:

Փաստաբան Գյոզալյանը դիմել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին ու Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահին: Հարցերի հարցը մնում է այն, թե ինչպես է անստորագիր բողոքը մուտք արվել դատարան:

«Դատարանի գրասենյակի աշխատակիցները հրաժարվում են ընդունել այնպիսի բողոքներ, դիմումներ, երբ այնտեղ կան անճշտություններ, անստորագիր են: Ցանկացած գրասենյակ մտեք, փորձեք բողոք ներկայացնել, որտեղ շեշտված չէ «պատճենը» բառը, կասեն` գրեք, որ բողոքի պատճենն է ներկայացվում»,- ասում է Գևորգ Գյոզալանը` հիշելով, որ դատավորի օգնականը խնդրել է էլեկտրոնային փոստով ուղարկել իրենց բողոքի պատճենը: Երկու հասցե են իրեն տվել, երկուսով էլ ուղարկել է. «հնարավոր է` գրասենյակի աշխատակիցը տպել է այդ անստորագիր բողոքն ու տվել դատարանի նախագահին»,- պարզաբանում է փաստաբանը,- «Իրենց պատճառաբանությունը հետևյալն է` անփույթ աշխատանքի հետևանք է: Ես կարծում եմ`եթե դիտավորություն լիներ, մինչև վերջ կտանեին: Բայց քանի որ բացահայտ է փնթիությունը, հակված եմ հավատալ, որ միայն փնթիություն է: Սակայն սա որևէ կերպ չի արդարացնում նրանց, որովհետև այս գործով բոլորը այսպիսի փնթի աշխատանք են տարել, որի հետևանքով Սաթենիկ Գևորգյանը մինչ օրս բողոքում է»:

Առաջին լուսանկարում Սաթենիկ Գևորգյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter