
«Էսօր կարող ա հաց չունենամ ուտելու, բայց ցույց չեմ տալիս, վրոդե ամեն ինչ լավ ա»
Մարինե Մարտիրոսյան, Դավիթ Բանուչյան
Լոռու մարզի Շահումյան գյուղի սառցապատ, տեղ-տեղ ցեխառատ ճանապարհով գնում ենք դեպի Կոնսուլյանների տուն: Մեզ ուղեկցում է ընտանիքի հայրը՝ Սամվելը: Խոսելիս գլուխը հաճախ կախում է, պատասխանները կարճ են: Երբ գյուղապետարանում հետաքրքրվել էինք գյուղի սոցիալական վիճակով, ասել էին, որ կարիքավոր ընտանիքները շատ են, սակայն մեծ մասը տուժում է սեփական խելքից: Այնուհետ նշել էին մի քանի ընտանիքներ, այդ թվում՝ Կոնսուլյաններին՝ ասելով, որ աշխատասեր են, բայց սոցիալապես վատ վիճակում են:
Անտառը՝ 5 երեխաներին պահելու միջոց
Գյուղում շատ ցուրտ է, բայց Սամվելը բարակ բաճկոնով է: Ասում է՝ սովորել են ցրտին: Կայուն աշխատանք չունի, հիմնականում իր տունը պահում է անտառի բարիքներով, ինչպես ինքն է ասում: «Եթե անտառը չլինի, չգիտեմ՝ ինչ է լինելու մեր վիճակը»,- ասում է Սամվելը: Երբ հասնում ենք տան բակ, հավերն այս ու այն կողմ են ցրվում:
Ձմեռը Սամվելի ընտանիքի համար ամենադաժան եղանակն է: Անտառից միայն փայտ է կարողանում տանել: Առավոտյան սովորաբար արթնանում է 4-ն անց կես, երկու ժամ քայլում է մինչև անտառ հասնելը: Երբեմն կինը՝ Մարինեն, խնդրում է ամուսնուն, անտառ չգնալ, գազանները շատ են: Սամվելն ասում է՝ եթե լսի կնոջը, «էրեխանցը» սոված կթողնի, գոնե անտառից մի բան բերում է:
Ամառվա սեզոնին անտառից բերում է սունկ, կանաչեղեն, ազնվամորի: Երեկոյան ընտանիքով սկսում են «դաստա» անել, որպեսզի տանեն Վանաձորի շուկա՝ վաճառելու: Եղածը «ջրի գնով» է վաճառում, ստիպված է, որովհետև երեխաների համար սնունդ է գնում այդ գումարով:
16 հավ ու մի հորթ է պահում: Հորթը 2 տարի առաջ է գնել կնոջ մատանու գրավադրումից ստացած գումարով: «Ամբողջ օրը վազ-վազ եմ անում մոզու առաջը, խոտն էլ ձեռքով եմ քաղում»,- ասում է Սամվելը: Մեզ խնդրում է իրեն ու կնոջը չլուսանկարել բակում, ամաչում է հարևաններից: Հավերը երբեմն փորձում են տուն մտնել, երեխաներն արագ քշում են դուրս:
51.000 դրամ նպաստի մեջ «տեղավորվելով»
Կոնսուլյանների տունը գտնվում է անտառի փեշին: Սամվելն ասում է՝ հիմա ապրելու համար հարմար չէ, կիսաքանդ է: Արդեն 7 տարի առանց վարձի ապրում են հարևաններից մեկի տանը: Երկու փոքր սենյակում հազիվ են տեղավորվել, բայց դրանից էլ են գոհ:
Սամվելը 45 տարեկան է: 1990-ականներին 5 տարի աշխատել է Վանաձորի կոշիկի ֆաբրիկայում: Հայրը վարսավիր է եղել, նրանից վարսավիրություն է սովորել: Ասում է՝ ձեռքից ամեն ինչ էլ գալիս է: Երեխաների մազերն ինքն է կտրում, կոշիկներն ինքն է նորոգում: Կինն ասում է՝ հիմա ձմեռ է, բայց երեխաները կոշիկով են դպրոց գնում: «Չենք կարողացել սապոգ առնենք»,- նշում է 35-ամյա Մարինե Աղեկյանը:
Երեխաների համար 51.000 դրամ նպաստ են ստանում: Այդ գումարի մեջ, ամուսինների ասելով, «տեղավորվում են»:
Տան գույքը տանտիրոջինն է, ինչպես նաև սենյակ ելումուտ անող կատուն: Կոնսուլյանները խոսում են կաշկանդված:
Երեխաներից ավագը՝ 15-ամյա Ծաղկանուշը, լսում է մեր զրույցը: Ասում է՝ երազում է դերասանուհի դառնալ: Քույրը՝ 14-ամյա Մարիամը, շարունակում է, թե ինքն էլ դիզայներ է դառնալու, 8-ամյա Արթուրն ավելացնում ՝ «ես էլ ոստիկան եմ դառնալու: 4-ամյա Արենն ու 2,5-ամյա Օվսաննան ուշադիր նայում են ավագներին:
Երբ երեխաները դուրս են գալիս բակ, Սամվելը հոգոց է հանում. «Շատ դժվար է, կասեի՝ եթե իմ տեղն ուրիշ տղա լիներ, հիմի կթողներ, կփախներ: Էս նեղությունից, էս ապրուստից մարդ կարող է թողնի, գնա, բայց հանուն իմ էրեխեքի մնում եմ: Մինիմալն էլ ինձնից խնայելով՝ տալիս եմ նրանց»:
«Որ չասեն՝ ինչ տղամարդ ա, տունն էլ չի կարողանում պահի»
5 երեխաները Սամվելի ու Մարինեի ամենամեծ հարստությունն են: Սա ասելիս ժպտում են: «Աշխատում ենք, որ գյուղացիք չզգան, թե դժվար ենք ապրում, օրինակ, էսօր կարող ա հաց չունենամ ուտելու, բայց ցույց չեմ տալիս, վրոդե ամեն ինչ լավ ա, իր քույրն էստեղ ա ապրում, բայց դաժե իրան ցույց չենք տալիս: Ինչի՞ համար ցույց տամ, որ ասեն՝ ինչ տղամարդ ա, տունն էլ չի կարողանում պահի: Բախտս բերել ա, որ էրեխեքս դիմանում են, ուրիշ էրեխանցը պես չեն»,- այս անգամ առանց ժպիտի ասում է ընտանիքի հայրը:
Շարունակում է՝ եթե ինչ-որ մեկն իր ընտանիքին ձեռք մեկնի, կուզենար անասնաֆերմա ունենալ՝ խոզեր պահել, այծեր, հավերը շատացներ: Խոստանում է, որ երկու տարի անց արդյունքները կտեսնեն:
Սամվելը նորից շեշտում է, որ տան տղամարդ լինելով, ստիպված է խոսել իր խնդիրներից: Նա շիկնում է իր վիճակից, ձեռքերն իրար մեջ է առնում: Ես լռում եմ: Երեխաների ծիծաղն է լսվում բակում: Աշխատելուց չի դժգոհում, ձմեռը գործ չի կարողանում գտնել: Ասում է՝ եթե պահակության գործ լինի, դա էլ կանի, բայց չի կարողանում գտնել:
Մեր զրույցից հետո նա մտնում է հարևան սենյակ: Ամառն անտառից բերածով պատրաստած պահածոներն է ցույց է տալիս: Ասում է՝ կինը լավ ճաշեր է պատրաստում, լավ խմորեղեն է թխում, լավ կարուձև է անում: «Չեմ ուզում գովել, բայց Մարինեն ձեռից հունարով ա,- նշում է նա, ապա ավելացնում,- խնդրում եմ, եկեք, մի բանկան բացեմ, փորձեք»: Մենք հրաժարվում ենք, ինքը շարունակում է. «Դե, գոնե մի կամպոտ բացեմ»: «Փակոցը» նրանց ունեցած հոգեպահուստն է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել