
Դեյվիդ Բոուի. «Չգիտեմ, թե ուր եմ գնում, բայց խոստանում եմ՝ ձանձրալի չի լինելու»
Նաիրա Հայրապետյան
«Նրա մահը կյանքից տարբեր չէր. արվեստի գործ էր,- ասել է Թոնի Վիսկոնտին,- մեզ համար, որպես հրաժեշտի նվեր, նա ստեղծեց «Blackstar»-ը: Ես գիտեի, որ այս ամենը մեկ տարվա պատմություն ուներ ու, այնուամենայնիվ, պատրաստ չէի դրան»:
Նրան անվանում էին ռոքի քամելեոն: Շուրջ հինգ տասնամյակ կրելով այս անունը՝ Դեյվիդ Բոուին մնաց որպես ամենաինքնատիպ և եզակի ձայներից մեկն աշխարհում, իր երաժշտությամբ՝ համարձակ, նորարար և ինտելեկտուալ խորությամբ, իր կերպարով՝ անսովոր, անկանխատեսելի և առեղծվածային: Նա ոչ միայն երգիչ էր, այլև նկարիչ, փայլուն դիզայներ, դերասան և պրոդյուսեր:
Չգիտեմ, թե այստեղից դեպի ուր եմ գնում, բայց խոստանում եմ, որ այն ձանձրալի չի լինելու
![]() |
Դեյվիդ Բոուի. «Heroes»… և արգելված ծափեր, որ հնչում էին Բեռլինյան պատի հակառակ կողմից |
Դ. Բոուիի առաջին ալբոմը լույս տեսավ 1967 թ` «Դեվիդ Բոուի» խորագրով: Այն շատ բան չէր հուշում ապագա աստղի երաժշտական այն կերպարի մասին, որն ավելի ուշ պետք է նրան հայտնի ու խորհրդանշական դարձներ: Բայցևայնպես, առաջին մուտքն անգամ հասցրեց երաժշտական որոշ շրջանակների մոտ «մի տեսակ տարօրինակ» լինելու մասին ասել: Երկու տարի անց թողարկվեց «Space Oddity»-ն, որը դարձավ Բոուիի առաջին հիթը: Նրան հաջորդող հիթային վերելքները, սակայն, տեղափոխվեցին 70-ականներ, որտեղ էլ Բոուին հիմնովին հաստատվեց՝ ազդարարելով բոլորովին նոր և ուրիշ աստղի հայտնությունն ու վերելքը: Հաջորդ՝ «Suffraged City» և «Five Years» սինգլները պիտի դառնային ունկնդիրների ամենասիրելի երգերը, իսկ «The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders from Mars» կամ առավելապես հայտնի կարճ տարբերակով «Ziggy Stardust»-ը ԱՄՆ-ում արդեն 1974թ. պիտի ոսկե ալբոմ ճանաչվեր.:
Զիգգի Սթարդասթ անունով հորինված ռոք կերպարը մշտապես ուղեկցելու էր Բոուիին՝ նույնացնելով գլեմ- ռոքի խորհրդանիշին իր հետ: Մասնագետների կարծիքով՝ Բոուիի այս գործը շրջադարձային եղավ 70-ականների ռոք երաժշտության մեջ: Նրա կենսագիր Դ. Բաքլիի նկարագրությամբ՝ «Վառ գույնի, տպավորիչ հագուստով, կարմրա-շիկավուն մազերով Բոուին մեկնարկեց իր Զիգգի Ստարդասթի բեմական շոուն «The Spiders from Mars» խմբի հետ (երաժիշտներ՝ Մ. Ռոնսոն, Թ. Բոլդեր և Մ. Վուդմենսի). Դա «Toby Jug» փաբում էր՝ Թոլուըրֆում, 1972 թվականին»: Շոուն չափազանց մեծ ճանաչում ունեցավ՝ Բոուիին փառքի դափնով պսակելով և ազդարարելով իր մուտքը դեպի աստղային աշխարհ: Երբ դրան հաջորդած վեց ամիսների ընթացքում նա համերգներով շրջում էր Մեծ Բրիտանիայում, արդեն Դեյվիդ Բոուի անունը կուլտային համատեղում էր ձեռք բերել Զիգգիի կերպարի հետ, քանի որ, ինչպես Բաքլին է նկարագրել, ռոքի նոր առաջնորդը «ինքնատիպ էր և գրեթե առավել կրետիվ, քան մինչ այդ եղած որևէ մեկը կամ այլ ուժ փոփ աշխարհում »:
Ես միշտ էլ ցանկացել եմ լինել ավելին, քան սովորական մարդն է
Այս փառահեղ հաջողության մեջ, սակայն, Բոուին կանգ չառավ միայն սեփական դեմքը պսպղացնելու ճանապարհին: Ստեղծագործական փայլուն գործունեությունը այս փուլում ուղեկցվում էր, այսպես ասած, հետնաբեմում ծավալվող աշխատանքներով: Զուգահեռաբար Բոուին աշխատում էր իր մի քանի ընկերների համար՝ նրանցից ոմանց օգնելով անգամ կրկին ոտքի կանգնել և հանրությանը ներկայանալ նախկին փայլով: Երգիչը նույն տարվա ընթացքում, որպես պրոդյուսեր, աշխատեց իր ամենասիրելի խմբերից մեկի՝ «Velvet Underground»-ի նախկին մենակատար Լու Ռիդի երաժշտական կարիերան վերակենդանացնելու ուղղությամբ, որի արդյունքը եղավ «Transformer» սոլո ալբոմը: Այս համագործակցությանը մասամբ արդեն անդրադարձել ենք «Perfect Day» երգին նվիրված նյութում:
Բոուին այս ալբոմում հանդես է եկել ոչ միայն որպես պրոդյուսեր, այլև բեք-վոկալ և երաժիշտ (ստեղնաշարային գործիքներ, ակուստիկ կիթառ): 1972թ. նա 60-ականներին հայտնի անգլիական «Mott the Hoople» խմբի համար գրեց և թողարկեց «All the Young Dudes» երգը, որը համանուն ալբոմի հիթը դարձավ: 1973թ. շարունակելով համագործակցությունը հին ընկերների հետ՝ Բոուին նույն սկզբունքով աշխատեց Իգի Փոփի հետ՝ ստեղծելով ամերիկյան «Iggy and the Stooges»-ի «Raw Power» ալբոմը: Լեգենդար Քըրթ Քոբեյնը մի առիթով նշել է, որ այն իր համար բոլոր ժամանակների ամենասիրելի ալբոմն է եղել: Իգի Փոփի հետ Բոուին հետագայում ևս համագործակցել է իր ստեղծագործական կյանքում շատ հայտնի բեռլինյան շրջանի ընթացքում:
«Կարծում եմ, որ ինձ համար, որպես արտիստի, պարզապես իմ ստեղծածը արտահայտելը չէ միայն եղել էական, ես իրապես ուզում էի ավելին. Ինչ-որ կերպ իմ ներդրումն ունենալ այն մշակույթում, որում ես ապրում էի»,- ասել է Բոուին:
1975թ. Դեյվիդ Բոուին թողարկեց իր իններորդ ստուդիական ալբոմը՝ «Young Americans» խորագրով, որը մեծ հաջողություններ ունեցավ ԱՄՆ-ում: Մինչ այդ նա հասցրել էր ամերիկյան ունկնդիրներին տպավորել իր ևս մեկ հայտնի աշխատանքով՝ «Diamond Dog»-ով, որտեղ ընդգրկված էր հանրահայտ հիթերից մեկը «Rebel Rebel»-ը:
«Young Americans» ալբոմում Բոուին կտրուկ փոփոխություն էր կատարել երաժշտական իր նախկին տրամադրության մեջ. այս անգամ նա ներկայանում էր սոուլի, ֆանքի և դիսկո ոճի խառնուրդում՝ անցյալում թողնելով գլեմ-ռոքը: Ջոն Լենոնի հետ համագործակցության արդյունքում ստեղծվեց նրա հանրահայտ «Fame»-ը, որը գլխավոր հորիզոնական նվաճեց ամերիկյան լավագույն սինգլների հիթ-շքերթում:
Գերհագեցած այս երաժշտական-ստեղծագործական կյանքում փոփոխությունները տարբեր ուղղություններով էին: Այս արտիստը երբեք նույն տեղում երկար չի մնացել և նրա յուրաքանչյուր նոր երգ, նոր ալբոմ բոլորովին անսպասելի նոր քայլ էր իր երաժշտության տարածքում, նույնքան փոփոխական ու հետաքրքիր, որքան նրա բեմական կերպարները: Բոուին նկարահանվում էր նաև ֆիլմերում, տարված էր թատերական էքսպերիմենտներով և … իհարկե, թմրանյութերով, որոնք ակնհայտորեն ազդում էին արդեն նրա և՛ աշխատանքի, և՛ մտածողության վրա: 1976թ. թողարկված «Station to Station» ալբոմն արդեն ակնարկում էր նրա անկայուն հոգեվիճակի մասին, և Բոուին որոշեց կանգ առնելու փորձ անել: Այս կանգառը ևս լի էր փորձություններով, բայց ծնունդ տվեց հրաշալի մի եռագրության, որտեղ արդեն մարդ-անկանխատեսելին առաջ է մղում մարդ-հերոսի գաղափարը: Ծնվեց բեռլինյան եռերգություն շարքը ՝«Low», «Heroes» և «Lodger» անուններով:
««Heroes» -ը ինձ համար միշտ եղել է Բոուիի լավագույն գործերից մեկը,- գրել է Փիթեր Գեբրիելը,- հերոսություն՝ ի դեմս ճնշումների և հուսահատության»:
Այս ընթացքում նա աշխատեց լեգենդար երաժիշտների՝ Բրայան Էնոյի, կիթառահար Ռոբերտ Ֆրիփի, Իգի Փոփի և պրոդյուսեր Թոնի Վիսկոնտիի հետ, ով նրա երկարամյա պրոդյուսերը դարձավ: «Բեռլինն իր մի մեջ մի տարօրինակ ունակություն ունի՝ ստիպելու գրել միայն կարևոր բաների մասին,- ասել է Բոուին,- և ուրիշ ոչինչ դու չես կարողանում նկատել… իսկ արդյունքում ստեղծում ես ՝«Low»-ն »:
Մեկ այլ առիթով, անդրադառնալով այս շարքին, նա ասել է. «Դա իմ ստեղծած լավագույն գործերից մեկն է, հատկապես «Low»-ն: Այն սկիզբ էր, ինձ համար. հավանաբար, սկիզբ՝ կյանքին նոր հայացքով նայելու»:
Բոուին այս էտապում հասցրեց նաև երգեր գրել Իգի Փոփի «The Idiot» և «Last for Life» ալբոմների համար, ինչպես նաև աջակցել դրանց թողարկմանը: «Դեյվիդի հետ մեր ընկերությունը իմ կյանքի լույսն էր,- ասել է Իգի Փոփը,- ես երբեք նրա նման փայլուն անձնավորության չեմ հանդիպել: Նա եղել և մնում է լավագույնը»:
« Ես երբևէ չեմ պնդել, թե երաժշտությունն իմ կյանքի միակ ուղեկիցն է, այլ բաներ էլ կան, որոնք ինձ հետաքրքրում են, օրինակ՝ թատրոնը»:
1980-ականների սկիզբն արդեն Բոուի կյանքում ապրում էր թատերական շնչով: 1980թ. նա խաղաց բրոդվեյյան «The Elephant Man» (Փիղ-մարդը) ներկայացման մեջ, որտեղ նա հանդես էր գալիս առանց բեմական դիմահարդարման և իր տպավորիչ խաղով հիացրեց անգամ քմահաճ քննադատներին: Մեկ տարվա ընթացքում Բոուին այս ներկայացման մեջ խաղաց ավելի քան 157 անգամ: Հաջորդ դերը նա մարմնավորեց «The Hunger» սարսափ ֆիլմում, որտեղ իր խաղընկերներն էին Կատրին Դընյովն ու Սյուզըն Սարանդոնը: Մինչև 1986թ. նա տարբեր դերերով հանդես եկավ մի քանի ֆիլմերում՝ կատակերգակից մինչև դիցաբանական գերբնական արարածների արքա, իսկ 1988թ. Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի վերջին չարչարանքները» ֆիլմում Բոուին Պիղատոսի կերպարում էր:
80-ականները սակայն հետ չմնացին նրա երաժշտական կերպավորումներից. այս ընթացքում Բոուին իր հիթային ձայնադարանը համալրեց «Ashes to Ashes», «Under Pressure» («Queen»-ի հետ դուետ), «Let’s Dance» (Սթիվ Ռեյ Վոոնի հետ համագործակցելով) հիթերով:
Դեյվիդ Բոուին նոր երաժշտական իմիջով իր երկրպագուներին կրկին անակնկալի բերեց 90-ականներին: Նրա ծայրահեղ տարբեր կերպարանափոխությունները երբեմն նույնիսկ անհասկանալի էին երաժշտասերներին, դրանք ամեն անգամ կտրուկ փոփոխությունն ընկալելու, տեղ-տեղ լարվելու ջանքներ էին ենթադրում: Մինչդեռ Բոուին մի առիթով ասել է. «Զարմանում եմ, թե մարդիկ ինչու են այդքան լուրջ մոտենում: Երբեմն նույնիսկ ես ինձ լուրջ չեմ վերաբերվում»:
«Դեյվիդը մեծագույն աստղ էր, և ինձ համար թանկարժեք գանձ էր նրա հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը,- գրում է Փոլ Մաքարթնին,- նրա երաժշտությունը մեծ դեր է խաղացել բրիտանական երաժշտության պատմության մեջ, և ես հպարտ եմ ինձ զգում, երբ մտածում եմ, որ նա մարդկանց վրա խորապես ազդել է նաև ողջ աշխարհում »:
Բազմաթիվ երգեր, համերգային հսկայածավալ նախագծեր, որոնց մեջ, ի դեպ, մեծ թիվ են կազմում բարեգործական ծրագրերը, շրջագայություններ, ալբոմներ, հավաքածուներ. Բոուիի ողջ ստեղծագործական կյանքը լի է եղել այս երևույթներով: Այս արտիստը, մեծ իմաստով, աշխատանքի, ստեղծագործելու, նոր գաղափարների մտաղացման բացառիկ օրինակ է… և կենսագրությանը ծանոթանալիս՝ այնպիսի տպավորություն ես ստանում, որ երբևէ ազատ վայրկյան իսկ թույլ տվել չի հենց այնպես թռչել իր կյանքում: 2000-ականները, սակայն, Բոուիի մոտ փոքր-ինչ այլ ընթացք ունեցան: Երգիչը առողջական խնդիրներ ուներ, որի պատճառով ժամանակավորապես հեռացավ հանրության տեսադաշտից: Նա ստիպված եղավ 2004թ. Գերմանիայում դադարեցնել «Reality Tour» համերգային համաշխարհային շրջագայությունը: Բոուին սրտի վիրահատության ենթարկվեց, և չնայած երկրպագուները գրեթե վստահ էին, որ շուտով, ապաքինվելուց հետո երգիչը շարունակելու էր «Reality Tour»-ը, այն տեղի չունեցավ: Դրանից հետո նա մեկ անգամ համերգային կատարմամբ հանդես է եկել 2005թ., ապա 2006թ. փետրվարին մանկական մի բարեգործական ծրագրի ժամանակ և վերջինը՝ մայիսին, Դեյվիդ Գիլմըրի համերգին՝ որպես հատուկ հյուր: Բոուին այդ օրը երգեց «Arnold Layne» և «Comfortably Numb» փինքֆլոյդյան հանրահայտ երգերը, որով էլ համերգը փակվեց:
«Մի քանի անգամ ես նրան տեսա Լոնդոնում ելույթ ունենալիս, 60-ականների ժամանակ էր, դա հավերժ դրոշմված կմնա իմ հիշողության մեջ, մտքումս:- ասել է Բոուին Սիդ Բարեթի մասին,- Նա այնքան խարիզմատիկ էր և տարօրինակության հասնող ինքնատիպ երաժիշտ-հեղինակ… իմ մտածելակերպի վրա թողած նրա ազդեցությունը չափազանց մեծ է: Խորապես ցավում եմ, որ չհասցրեցի ճանաչել նրան»:
Դեյվիդ Բոուին երկարատև դադարից հետո նորից «վերադարձավ» 2013թ.՝ «The Next Day» ալբոմով, որը բրիտանական չարթերում 1-ին, ամերիկյանում՝ 2-րդ հորիզոնականները նվաճեց: Այս ձայնագրությունը նա գաղտնի էր արել և դրա մասին հայտարարեց իր ծննդյան օրը՝ հունվարի 8-ին:
Վերև նայիր, ես դրախտում եմ
Բոուիի ազդեցությունը, հատկապես ռոք երաժշտության վրա, նրա արվեստը մեկնաբանողներն անգնահատելի են համարում: Ասում են, որ նա փոխել է ռոքի բնույթը՝ բազմաթիվ անգամ փոխելով նաև սեփական մոտեցումները երաժշտության հանդեպ: «Բոուին նորարար էր, բացառիկ արտիստ՝ այնպիսի մի աշխարհայացքով, որը կարողացավ փոխել հանրամատչելի երաժշտության դեմքը,- խոստովանել է ռոքի մեկ այլ լեգենդ՝ Ջիմի Փեյջը,- ես անչափ կկարոտեմ նրան»:
Իր կարիերայի ընթացքում վաճառված ձայնագրությունների թիվը հասել էր 140 միլիոնի: Մեծ Բրիտանիայում Բոուիի ինն ալբոմները պլատինե են ճանաչվել, 11 ալբոմ՝ ոսկե և 7-ը՝ արծաթե: Նույնիսկ անբուժելի հիվանդության հետ նա ապրում էր ստեղծագործելով , իսկ մահվանից երկու օր առաջ՝ դարձյալ ծննդյան օրը, հայտարարվեց նոր և վերջին ալբոմի մասին, որը կոչվում է «Blackstar»:
«Դա ավելին էր, քան ալբոմի թողարկում՝ նվիրված արտիստի 69-ամյակին,- գրում է «Hollywood Reporter»-ը,- դա աշխարհին ուղղված հրաժեշտի նշան էր, բոլոր նրանց, ում համար անհնարին էր լինել նրա կողքին այն պահին, երբ նա մահացավ Մանհեթընում: Բոուին գիտեր որ ժամն այդ մոտ էր»:
«Hollywood Reporter»-ը ուշադրություն է հրավիրում հետևյալ տողերին՝
«Look up here, I’m in heaven
I’ve got scars that can’t be seen…»
Նայիր վեր, ես դրախտում եմ,
Ունեմ սպիներ, որ չեն երևում…
Ալբոմում ընդգրկված « Lazarus» և «Blackstar» երգերը այս շաբաթվա ընթացքում բազմաթիվ դիտումներ ու մեկնաբանություններ են ունեցել: Բոուին այստեղ ևս հավատարիմ է մնացել իր փիլիսոփայությանը. մռայլ պատկերներով ուղեկցվող չափազանց ճնշող երաժշտությունն իսկապես ծանր տպավորություն է թողնում՝ մահվան զգացողությամբ: Մահվան մահճին գամված Բոուին տեսահոլովակում տանջվում է, կեղեքվում վիրակապերից ու իր վտանգավոր տեսքից, բայց նաև համառորեն պայքարում է, գրում է ինչ-որ բաներ, ինչը նշանակում է, որ նա ստեղծագործել է:
Անդրադառնալով Բոուիի երաժշտական ընգրկունությանը՝ «New York Times»-ը գրում է, որ նրա երգերը «առաջին հերթին աութսայդեր լինելու մասին էին, օտար, խորթ, էքսցենտրիկ լինելու, սեքսուալ արկածախնդիրների և աստղանավորդների մասին: Նրա երաժշտությունը միշտ անկայուն խառնուրդ է եղել ռոքի, կաբարեի, ջազի և իր անվանած «պլաստիկ սոուլի», բայց այն լցված էր իսկական հոգով…»:
Նա վաստակել էր իր հանդեպ հարգանքն ու հիացմունքը երաժշտական տարբեր ուղղություններից, որն ընդգրկում էր նաև բալադը, փանքը, հիփ-հոփը, փոփը և նույնիսկ դասականը: Կոմպոզիտոր Ֆիլիպ Գլասը Բոուիի ստեղծագործություններից երկուսի հիման վրա սիմֆոնիա է ստեղծել:
«Միակ բանը, որ ես երբևէ վերցրել եմ փառքից, եղել է ռեստորանում ավելի լավ սեղան զբաղեցնելը,- ասում էր Դեյվիդ Բոուին,- … իմ գործունեությամբ ես ցանկացել եմ ցույց տալ երաժշտության իսկական ուժը»:
Մեկնաբանել