HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ահազանգում է փաստաբանը. «Մարդու հետ գործ ունենք, նույնիսկ կենդանու հետ այդպես չեն վարվում»

Փաստաբանների պալատի անդամ Արմեն Մուխսիկարոյանն ահազանգել է «Հետքին», որ իր պաշտպանյալ, 48-ամյա Տիգրան Հարությունյանի կյանքը վտանգված է:

Փաստաբանի խոսքով, արդեն երեք ամիս է՝ Տիգրան Հարությունյանը գամված է սայլակին, գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժ.մասում, 11 խցում, միայնակ: Իսկ մարտ ամսին կլրանա մեկ տարին, ինչ Տիգրան Հարությունյանը կալանավորված է: Ըստ բժշկական փաստաթղթերի, նա ունի տուբերկուլոզ, շաքարային դիաբետ, օրական  ընդունում է 65 միավոր ինսուլին պարունակող դեղամիջոց Լանտուս տեսակի, ունի սրտի իշեմիկ հիվանդություն, հիպերտոնիա, Ֆլեգմոնան ճարպաբջջանքի սուր թարախային բորբոքում, Էպիլեպսիա՝ 20 տարեկանից, ուռուցքային գոյացություն կոկորդում:

Անցյալ հոկտեմբերին փաստաբանն է քրեակատարողական հիմնարկ շարժասայլակ տարել, որով կալանավորին նաև դատարան են տանում, բերում: Փաստաբանը Տիգրան Հարությունյանին վերջին անգամ տեսել է դեկտեմբերի 27-ին:

«Պատկերացնո՞ւմ եք մարդ ինչպես է հոգում բնական կարիքները, երբ արդեն երեք ամիս գամված է սայլակին: Իր անօգնական վիճակը կարելի է որակել որպես խոշտանգում, խոշտանգվում է, տանջանքների է ենթարկվում, սպասում է, երբ պիտի սիրտը կանգնի: Մարդու հետ գործ ունենք, նույնիսկ կենդանու հետ այդպես չեն վարվում: Իրեն պահում է այն միտքը, որ հնարավոր է դուրս գա, 1-2 շաբաթ մնա ընտանիքի հետ»,- ասաց Արմեն Մուխսիկարոյանը:

Հիվանդն իր փաստաբանին հայտնել է՝ կասկածում է, որ թոքախտը տարածվել է ողնաշարի վրա: Այսինքն, ունի ողնաշարի տուբերկուլյոզ: Փաստաբանի պնդմամբ, Տիգրանը համալիր հետազոտություն չի անցել, իսկ գործում առկա է 2007 թ-ի էպիկրիզ է, որտեղ քիչ թե շատ բարվոք վիճակում է եղել:

Կալանավորում՝ մի քանի ծանր հիվանդություններով

Չնայած ծանր հիվանդությունների առկայությանը, դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունն ու Տիգրան Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրել: Այս հիվանդություններն անգամ հիմք չեն դարձել վարույթը նրա մասով կասեցնելու համար: Փաստաբանը կալանքի որոշումը բողոքարկել է դատարանում, սակայն դեկտեմբերի 16-ին միջնորդությունը մերժվել է: Այժմ այն բողոքարկվում է Վերաքննիչ դատարանում: Տեղական ատյաններն սպառելուց հետո փաստաբանը բողոք կտանի ՄԻ Եվրոպական դատարան:

Դատավոր Լևոն Ավետիսյանը նշել է, որ, իբր, ամբաստանյալը կարող խուսափել պատժից կամ խոչընդոտել դատաքննությանը: «Ամբաստանյալը միայն անկախ կալանքի տակ լինելուց կամ չլնելուց կարող է խուսափել պատժից մահանալով, սակայն ցանկություն չունի մահանալ քրեակատարողական հիմնարկում»,- նշել է փաստաբանը:

Կալանքը պետք է կիրառվի որպես բացառիկ խափանման միջոց. գործնականում հակառակ պատկերն է

Խափանման միջոցներն ու դրանց կիրառումը ամրագրված է Քրեական դատավարության օրենսգրքում: 134 –րդ հոդվածը սահմանում է խափանման միջոցների ցանկը: Գոյություն ունի խափանման միջոցի 7 տեսակ. կալանավորումը, գրավը, ստորագրություն` չհեռանալու մասին, անձնական երաշխավորությունը, կազմակերպության երաշխավորություն, հսկողության հանձնելը, հրամանատարության հսկողության հանձնելը:

Կալանավորումը հարկադրանքի միջոցներից ամենախիստն է, որն ունի նաև բացառիկ անունը: Սակայն երկար ժամանակ է, ինչ մասնագետները բարձրաձայնում են, որ այն չի կիրառվում որպես բացառիկ խափանման միջոց: Հայաստանյան դատարաններում կալանքը որպես խափանման միջոց  շարունակվում է մնալ ամենակիրառելին:

Հայաստանի դատական տեղեկատվական համակարգի կայքում ամփոփված է 2015 թվականի առաջին կիսամյակի վիճակագրությունը: Ըստ այդմ, 6 ամսվա ընթացքում  դատարան է ստացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու 1253 միջնորդություն, որից բավարարվել է 1151-ը, մերժվել է ընդամենը 84-ը: Փոխարենը գրավի միջնորդություն ներկայացվել է 324 անգամ, բավարարվել է ընդամենը 56-ը, իսկ 255-ը մերժվել: Կալանքի ժամկետը երկարացնելու մասին 890 միջնորդություն է ստացվել դատարան, որոնցից 831-ը բավարավել է:

Իսկ արդյո՞ք դատարանն անձին կալանավորելիս անդրադառնում է հիմնավոր կասկածին, թե բավարարվում է դեկլարատիվ բնույթի հայտարարություններով, որ անձը կխուսափի քննությունից կամ կխոչընդոտի, կարող է ազդել գործով վկաների վրա և այլն:

Այս հարցերի հետ կապված ՀՀ Փաստաբանների պալատը կազմել է մինչդատական կալանքի նախադեպային որոշումների քարտեզ:

Ինչի՞ վրա է հիմնվում դատարանը կալանքը երկարացնելիս

Տիգրան Հարությունյանը տառապում է նաև Էպիլեպսիայով

Տիգրան Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել իրացնելու նպատակով անհայտ անձից մարիխուանա ձեռք է բերելու համար, որը, ըստ մեղադրանքի, 15.000 դրամով վաճառել է իր բնակարանի դիմաց: Մայիսից սկսվել է դատաքննությունը, սակայն մինչ օրս դատավճիռ չկա:

Տիգրան Հարությունյանը Էպիլեպսիա հիվանդությամբ տառապում է 20 տարեկանից, սակայն նախաքննության ժամանակ չի նշանակվել դատահոգեբանական փորձաքննություն պարզելու արդյո՞ք ի վիճակի է ցուցմունքներ տալու, կամ որքանով են արժանահավատ նրա ցուցմունքները: «Դատախազն ասաց՝ մենք որտեղից իմանայինք որ Հարությունյանն ունի հոգեկան հիվանդություն: Սակայն գործում կա էպիկրիզ, որտեղ գրված է էպիլեպսիայի մասին»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:  

Տիգրան Հարությունյանի մոտ հայտնաբերվել է նաև հեպատիտ C

Հոկտեմբերի 26-ին Տիգրան Հարությունյանը սուր ցավեր է ունեցել բանտում, շտապօգնություն է կանչվել: Շտապօգնություն ՊՈԱԿ-ից փաստաբանը ստացել է պատասխան, որ հետազոտությամբ պարզվել է, որ կալանավորը հիվանդ է նաև հեպատիտ C-ով: Ըստ փաստաբանի, կարելի է միանշանակ եզրակացնել, որ հեպատիտով նա վարակվել է քրեակատարողական հիմնարկում:

Հեպատիտ C կամ C լյարդաբորբ, վարակիչ հիվանդություն է, որը գլխավորապես ախտահարում է լյարդը։ Հաճախ հեպատիտ C-ն ընթանում է առանց ախտանիշերի, սակայն խրոնիկական ընթացքը կարող է սպիական փոփոխություններ առաջացնել լյարդում և տարիներ անց՝ լյարդի ցիռոզի պատճառ դառնալ։ Հեպատիտ C-ն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով՝ թմրանյութերի ներերակային օգտագործման, վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով։

Կանչի թերթիկը

Փաստաբան Մուխսիկարոյանը նշում է, որ օրեր առաջ տեղեկացրել է ՔԿՎ ղեկավարությանը հեպատիտ C-ի մասին, կից ներկայացրել է նաև կանչի թերթիկը:

«Հետքը» փորձեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից պարզաբանում ստանալ: Հանրային կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ այս պահին ՔԿՎ-ում չկա որևէ փաստաթուղթ, որ վկայի, թե Տիգրան Հարությունյանն ունի հեպատիտ C:

Հարցին, թե ինչու կալանավորը չի տեղափոխվում «Դատապարտյալների հիվանդանոց», ՔԿՎ-ից տեղեկացրեցին, որ նույն բուժումը նա ստանում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժ.մասում:

Առաջին լուսանկարում Տիգրան Հարությունյանն է

Մեկնաբանություններ (8)

Արմեն Մուխսիկարոյան
Գործով պաշտպանն եm. Ուզում եմ կիսվել մի շատ կարևոր հանգամանքի մասով: Արդեն երկրոր դատական նիստն է, որ պաշտպանյալիս տանջահար են անում մինչև դատարան բերելը, դատաքննությունից առաջ շտապ օգնություն են կանչում: Շտապ օգնության կողմից Տիգրանին ներարկվում է ցավազրկող՝ շատ հնարավոր է նաև հոգեմետ դեղեր: Եւ այպես Տիգրանը մասնակցում է դատաքննությանը: Կատարել եմ հարցում շտապ օգնություն, երբ ստանամ դեղամիջոցների անունները, լրացուցիչ կտեղեկացնեմ: Իմ կարծիքը մնում է անփոփոխ, կալանքը, միայնակ պահելը, հոգեմետ դեղամիջոցների ներարկումը կատարվում է մեկ նպատակով՝ տիգրանը պետք է նույությամբ կրնի նախաքննությամբ տրված ցուցմունքները:
Զարուհի
Հարգելի Գագիկ,հոդվածում նշված է, որ Տիգրան Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել իրացնելու նպատակով անհայտ անձից մարիխուանա ձեռք է բերելու համար, որը, ըստ մեղադրանքի, տասնհինգ հազար դրամով վաճառել է իր բնակարանի դիմաց: Անցյալ մայիսից սկսվել է դատաքննությունը, սակայն մինչ օրս դատավճիռ չկա:
Արմեն Մուխսիկարոյան
Հոդվածը, հոդված, բայց ընթերցողներին խնդրում եմ ուշադրություն դարձնել հետևյալ /նախաքննությամբ/ իբր պարզված հետևյալ հանգամանքի վրա: 11 մարտի 2015թ-ին Տ. Հարությունյանը գտնվել է Աբովյանի տուբերկուլոզի դիսպանսր հիվանդանոցում: Այդ հիվանդանոցից դուրս գալը ավելի դժվար է քան բերդից: Հիվանդանոցը հսկվում է ոստիկանության ծառայության կողմից, հասարակության հետ շփումը բացառվում է: Ամբողջ հիվանդանոցի անձնակազմը կարող է վկայել, որ Տ. Հարությունյանը չի բացակայել հիվանդանոցից: Այսինքն ունի ալբի, սակայն Աբովայանից իբր գիշերով եկել է Երևան և վաճառել է թմրամջոց: Երեք դրվագով իրեղեն ապացույցներ չկան: Առանց փորձագենի եզրակացության անհնար է որակել այդ կանաչանման զանգվածը թմրամիջոց է, թե ոչ: Այս ամենը քննչական մարմնին չի հետաքրքրել, հետաքրքրել է միայն ինքնախոստովանությունը: Իսկ դա ունենալը դժվար չէր, կապված հիվանդի իճակի հետ: Տեսնենք՝ դատարանը ինչպես կվարվի:
Արմեն Մուխսիկարոյան
Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը (վերնագիրը խմբ. 26.05.08 ՀՕ-76-Ն, փոփ., լրաց. 07.12.11 ՀՕ-323-Ն) 1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով: Բայց հաշվի առեք, որ տուբերկուլոզի դիսպանսերում բուժման ընթացքում վաճառել է կանեփ:
Գուրգեն
Հարգելի Մուղսիկարոյան Ինչ պատժաչափ է նախատեսում ձեր պաշտպանյալին վերագրվող հոդվածով?
Զարուհի
Կներեք, որ Ձեր անունը սխալ եմ գրել, հարգելի Գևորգ, իսկ մեղադրանքի հետ կապված,իրոք, այդպես է, նա մեղադրանքի ամփոփ մասը կա նաև datalex.am կայքում: Զրուցել եմ նաև Տիգրան Հարությունյանի եղբոր հետ: Նրա խոսքով նույնպես, եղբայրը ծանր վիճակում է գտնվում:
Գեւորգ
Հարգելի Զարուհի ,,Գեւորգ,, եմ ոչ թե ,,Գագիկ,, սակայն դա կարեւոր չէ: Ես իհարկե վերը կարդացի մեղադրանքը, սակայն շատ տարակուսեցի որ միայն դրա համար կարող են մարդ արարածին այդ ձեւով ոչնչացնել: Չե որ շատ երկրներում մարիխուանայի օգտագործումը նույնիսկ թույլատրված է արդեն (ինչպես Մեքսիկայում է կարծեմ:) Այս խելքով ու վարքով ենք հայերս ցանկանում քաղաքակիրթ ազգերի շարքը դասվել!
Գեւորգ
Սա արդեն որերորդ աներեւակայելի դեպքն է? Մարդ ենք մենք թե պոտենցիալ մարդակեր? Նույնիսկ գիշատիչն իր զոհին տանջամահ չի անում: Ես չգիտեմ ինչի համար է նա մեղադրվում, սակայն ինչ էլ որ արած լինի, արդեն կիսամեռ մարդու հետ (աստծու ստեղծած!) այդպես չեն վարվում: Ահ ունեցեք, բութ գործիք մի դարձեք, դուք զավակներ ունեք, մտածեք որ նույնը նրանց հետ կարող է պատահել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։