HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

1in.am-ը պարտվեց նաև վերաքննիչ դատարանում

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը հունվարի 21-ին մերժել է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերության բողոքն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճռի: Վերջինս մասնակի բավարարել էր գրող, հրապարակախոս Արփի Ոսկանյանի հայցն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի՝ ստեղծագործության վերարտադրումը արգելելու և 200.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին:

Նշենք, որ Արփի Ոսկանյանի «Քաղաքական հանելուկ» վերնագրով բանաստեղծությունը տպագրվել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի 06.12.2012թ. համարում: «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն առանց հեղինակին զգուշացնելու, նույն ստեղծագործությունը հրապարակել է  իր 1in.am լրատվական կայքում` այն վերագրելով կոնկրետ անձի՝  արտատպված ստեղծագործության հետ օգտագործելով կոնկրետ անձի լուսանկար: 1in.am-ում ստեղծագործությունը վերնագրվել է «Թագավո՞ր, ծաղրածու՞, նախագահացու՞, թե՞ մսացու. համ բռնաբար, համ բարերար... այն ո՞վ է, այն ո՞վ»: Լրատվական կայքը Արփի Ոսկանյանի ստեղծագործության բառերի հիման վրա երաժշտության մրցույթ է հայտարարել՝ խոստանալով 1500 ԱՄՆ դոլար պարգևավճար:

Ա. Ոսկանյանի բանաստեղծությունը «Հայկական Ժամանակ»-ում տպագրվել էր հեղինակի թույլտվությամբ, իսկ 1in.am-ը առանց նրան հարցնելու, նրա հետ պայմանավորվելու կամ տեղյակ պահելու արտատպել է այն՝ փոխելով համատեքստը, խեղաթյուրելով իմաստը: Բացի այդ, թեև ստեղծագործության մեջ անուն նշված չէր, սակայն լրատվական կայքը տեղադրել է կոնկրետ անձի լուսանկար և հայտարարել է երաժտության մրցույթ:

Արփի Ոսկանյանը 1in.am լրատվական կայքի խմբագրությունից պահանջել է կայքից անհապաղ հեռացնել բանաստեղծությունը կամ վճարել ստեղծագործությունն օգտագործելու համար, սակայն պահանջները մնացել են չբավարարված: Նա նաև զրուցել է 1in.am-ի աշխատակիցների հետ, ովքեր հենց առաջին օրը հայտնել են, որ բացառվում է հեռացնել հանելուկը և վճարման մասին էլ խոսք լինել չի կարող, որովհետև իրենք իրավունք ունեն ազատ օգտագործել Ոսկանյանի ստեղծագործությունը՝ ազատ օգտագործման իրավունքի ուժով: Ասել են, որ իրենք հղում են արել «Հայկական ժամանակ»-ին և դա լրիվ բավարար է:

Առաջին ատյանի դատարանը քննության առնելով լրատվական կայքի կողմից վերնագրի փոփոխությունն ու տողերի միջև տարածության փոփոխությունը, կոնկրետ անձի լուսանկարի տեղադրումը, արձանագրել էր, որ տվյալ գործողություններով չի խախտվել Ա. Ոսկանյանի՝ որպես հեղինակի որևէ իրավունք:  Պատասխանող ընկերության 1in.am լրատվական կայքը ոչ միայն վկայակոչել է Ոսկանյանի կողմից հանելուկ-բանաստեղծության հեղինակ հանդիսանալու և «Հայկական ժամանակի» սկզբնաղբյուր լինելու հանգամանքները, այլ դրական և գովեստի խոսքերով է արձագանքել Հայցվոր-հեղինակի ստեղծագործությանը:

Անդրադառնալով 1in.am-ի կողմից Հայցվորի ստեղծագործության համար երաժշտական մրցույթ հայտարարելուն` դատարանն արձանագրել էր, որ այդ մասով առկա է հեղինակային իրավունքների խախտում: Մասնավորապես, Ա. Ոսկանյանը հանդիսանալով իր իսկ ստեղծագործության բացառիկ իրավատեր, ինքն է իրավասու իրականացնել դրա բացարձակ օգտագործման և տնօրինման գործառույթները, այդ թվում հայտարարել երաժշտական մրցույթ: Մինչդեռ, լրատվական կայքը ոչ միայն մեջ է բերել և իր լուծումը տվել հանելուկի վերաբերյալ, այլև իր գործողությունները տեղափոխել է հեղինակի բացարձակ իրավասության դաշտ՝ դրա հիման վրա հայտարարելով երաժշտական մրցույթ:

Հենց այդ պատճառաբանությամբ դատավոր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարինե Պետրոսյանի, Արփի Ոսկանյանի հայցը բավարարել էր մասնակի: «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ից հօգուտ Ոսկանյանի բռնագանձել էր 100.000 դրամ` որպես վնասի հատուցում:

«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն վճիռը բողոքարկել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան: Պատասխանողի կարծիքով դատարանը հօգուտ Ոսկանյանի որպես վնասի հատուցում 100,000 դրամի բռնագանձման հիմքում դրել է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի դ) ենթակետը, 22.1-րդ հոդվածը, որոնք կիրառելի չեն եղել այդ գործի շրջանակներում:

Ըստ նրանց՝ 22.1-րդ հոդվածով սահմանվում են լրատվական նյութի օգտագործման պայմանները, մինչդեռ հայցվորի կողմից ստեղծված հանելուկը չի կարող համարվել լրատվական նյութ։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում, այլ իրավական ակտերում և նախադեպային դատական պրակտիկայում բացակայում է «լրատվական նյութ» եզրույթի իրավական հասկացությունը, ուստի Պատասխանողը անհրաժեշտ է համարել դիմել  Է.Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ին, որի համաձայն՝ «լրատվություն» բառը բացատրվում է որպես լուր տալը, տեղեկացնելը։ Այնուհետև եզրակացրել են, որ խնդրո առարկա հանելուկը որևէ լուր չի տվել, ավելին, հարց է ուղղել հանելուկի տեսքով, ուստի չի հանդիսանում լրատվական նյութ և զուտ լրատվական կայքում ընդգրկված լինելն իրեն չի տալիս լրատվական նյութի հատկանիշներ։

Նրանց կարծիքով՝ նշված 22.1-րդ հոդվածն ուժի մեջ է մտել 09.11.2013թ., մինչդեռ հոդվածը կայքում հրապարակվել է դեռևս 06.12.2012թ.-ին, իսկ դատարանը վճռի մեջ ընդհանրապես չի անդրադարձել հանելուկի լրատվական նյութ հանդիսանալու կամ չհանդիսանալու հարցին և այն լրատվական նյութ համարելու դեպքում «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի 22.1-րդ հոդվածին հետադարձ ուժ տալուն։

«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացուցչի կարծիքով, պատասխանողը հանելուկի բառերով երաժշտական մրցույթ հայտարարելով որևէ օգուտ չի ստացել, ընդհակառակը դրամական պարգև է խոստացել, ինչն իրենից ծախս է ենթադրում։ Ինչ վերաբերում է հեղինակային իրավունքի օբյեկտը տնօրինելուն, ապա չի կարող փաստվել, որ պատասխանողը երաժշտական մրցույթ հայտարարելով որևէ կերպ կանխորոշել է հանելուկի, որպես հեղինակային իրավունքի օբյեկտի ճակատագիրը։ Ուստի դատարանին խնդրել էր մասնակի՝ հայցը բավարարած մասով, բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և այն փոփոխել՝ Արփի Ոսկանյանի հայցն ամբողջությամբ մերժել:

Վերաքննիչ դատարան (նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան, դատավորներ՝ Ն. Բարսեղյան, Ս. Միքայելյան) գտել է, որ բողոք բերած անձի հիմնավորումներով «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի դ) ենթակետի խախտումը չի կարող գնահատվել որպես գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ևս վնասի հատուցումը, որպես պաշտպանության եղանակ, նախատեսված է եղել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի դ) ենթակետով:

Ինչ վերաբերում է Պատասխանողի փաստարկներին, որ առաջին ատյանի դատարանը բանաստեղծությունը որակել է որպես լրատվական նյութ, մինչդեռ խնդրո առարկա հանելուկը որևէ լուր չի տվել, ավելին, հարց է ուղղել հանելուկի տեսքով, ուստի չի հանդիսանում լրատվական նյութ և զուտ լրատվական կայքում ընդգրկված լինելն իրեն չի տալիս լրատվական նյութի հատկանիշներ, վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը.

«…Լրատվության միջոցի ցանկացած նյութ հանդիսանում է լրատվական, որպիսի պայմաններում չնայած այն հանգամանքին, որ հայցվորի բանաստեղծությունն իր բնույթով լուր չէ, սակայն այն հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, տեղադրված է ինտերնետային կայքում, հետևաբար համարվում է լրատվական նյութ»:

Այնուհետև վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներում Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի վերաքննիչ բողոքը ենթակա չէ բավարարման:

Լուսանկարը՝ Արփի Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter