
365 օրում «ՎիվաՍել»-ից յուրացվել է 500 միլիոն դրամի լիցքավորման քարտ
Կապանի 37-ամյա բնակիչ, երեք մանկահասակ երեխաների հայր Աշոտ Կույումջյանը մեկ տարի երկու ամիս գտնվում է կալանքի տակ: Մինչև ձերբակալվելն աշխատել է «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում («ՎիվաՍել») որպես ընկերության Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու:
Աշոտ Կույումջյանը մեղադրվում է 2010-2014 թվականներին 755 մլն դրամի լիցքավորման քարտ յուրացնելու մեջ: Ի դեպ, ըստ մեղադրանքի, 755 մլն-ից 500 միլիոնը յուրացվել է 2013-14-ին, այսինքն՝ մեկ տարում: Ստացվում է, որ 365 օրվա մեջ օրական պետք է յուրացվեր մոտ 1մլն 369.000 դրամի լիցքավորման քարտ: Այսինքն, մեկ տարվա ընթացքում պետք է օրական յուրացվեր շուրջ 1000 լիցքավորման քարտ:
Սա վերջին տարիներին Հայաստանում արձանագրված ամենախոշոր յուրացման մեղադրանքով գործն է: Սակայն, Աշոտ Կույումջյանը պնդում է, որ չի կատարել այն արարքը, որը վերագրել են իրեն: Գործը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում է: Ըստ մեղադրանքի՝ նրան սատարել է Սարգիս Արշակյանը, որը նույնպես ամբաստանյալի աթոռին է: Դատավոր Մեսրոպ Մակյանն անցել է դատաքննության փուլ, ու տուժող կողմ հանդիսացող «Ղ-Տելեկոմի» միջնորդությունը բավարարելով՝ անցկացնելու է դռնփակ նիստեր: Հիմնավորումը առևտրային գաղտնիքն է:
Կույումջյանի պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանն ու Կարեն Մեժլումյանը, սակայն, կարծում են, որ դռնփակ դատաքննության ընթացքում հանրությունը, լրագրողները չեն կարող կատարել հանրային վերահսկողի իրենց դերը:
Դեռ քրեական գործ չհարուցված՝ անձին բերման են ենթարկել
«Հետքը» զրուցեց Աշոտ Կույումջյանի մոր՝ Ռուզաննա Սաֆարյանի հետ, որը պատմեց, որ որդուն ձերբակալել են 2014թ. նոյեմբերի 22-ին Բագրատաշենի մաքսակետից Հայաստան վերադառնալիս: Պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ այդ ժամանակ դեռ քրեական գործ հարուցված չի եղել: Այն հարուցվել է մեկ օր անց:
Աշոտ Կույումջյանը հանդիպել է Ռալֆ Յիրիկյանին
Աշոտ Կույումջյանի մայրը պատմեց, որ երբ տղան 2014-ի հոկտեմբերին խնդիրներ է նկատել իր պահեստի մնացորդում, գնացել ու անձամբ հանդիպել է «Ղ-Տելեկոմ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, բայց տնօրենը հորդորել է նրան գնալ ու շարունակել աշխատել: Սակայն, մեկ ամիս անց Աշոտ Կույումջյանին ձերբակալել են, ապա՝ կալանավորել:
«Ես ապշած եմ, դա ֆանտաստիկ բան է: Ուրեմն մարդ պիտի մի տարվա մեջ օրական 1000 լիցքավորման քարտ վաճառեր»,- ասաց տիկին Ռուզաննան: Մայրը տարակուսած է, որ որդին մշտապես պատվոգրեր է ունեցել ղեկավարությունից որպես բարեխիղճ աշխատակից և հանկարծ մեկ օրում նրան դարձրել են մեղադրյալ:
«Հեսա էդ հարիֆի վզին փաթաթելու են»
Փաստաբան Կարեն Մեժլումյանն ասաց, որ դատարանի որոշմամբ արված գաղտնալսումներ կան, որոնք անգամ հրապարակվել են դատարանում: Փաստաբանի խոսքով՝ բջջային խոշոր ընկերության վարչության պետ, պետի տեղակալ խոսում են, թե «հեսա էդ հարիֆի վզին փաթաթելու են, խեղճի կինն էլ հղի ա, հեսա գնալու ա, նստի, անուն-ազգանուններ են ասում, թե ով ումից է գումար ստանալու»:
Տիկին Ռուզաննան ասում է, որ այդ գաղտնալսումները բավական են, որ Աշոտին բաց թողնեն: Սակայն, դրանք որևէ հետևանք չեն ունեցել, պարզապես մի քանի աշխատակից ազատվել է աշխատանքից: Ըստ Ռուզաննա Սաֆարյանի տվյալների՝ աշխատանքից ազատվել է նաև Ինգա Մալխասյանը, որը, ըստ տիկին Սաֆարյանի, հանդիսացել է Ռալֆ Յիրիկյանի աջ ձեռքը: Ի դեպ, նրան ևս գաղտնալսել են:
Կույումջյանի մայրը նամակ է գրել Ռալֆ Յիրիկյանին, որպեսզի իրեն ընդունի: «Ինձ չընդունեց, պատասխանեց նամակով՝ ասելով, որ եթե բան ունեք հայտնելու, որը կարող է օգնել Ձեր տղային, դիմեք քննչական: Եվ նամակը ուղարկել էր քննիչին: Մի քանի օրից քննիչը զանգահարեց ինձ, հրավիրում էր ինձ Երևան, որ Յիրիկյանին ասելիքս իրեն հայտնեմ»,- պատմեց Ռուզաննա Սաֆարյանը:
Կալանքը մնում է անփոփոխ, թեպետ խնամքին 3 երեխա կա
Փաստաբանները միջնորդել են դատարանին, որ Աշոտ Կույումջյանի կալանքը փոփոխվի գրավով, սակայն դատավորը մերժել է միջնորդությունը: Ըստ Ինեսսա Պետրոսյանի՝ շաբլոն ձևակերպմամբ: Առաջին ատյանի դատարանի որոշումները ուժի մեջ են թողել Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները:
![]() ![]() |
«Կինը հղի էր, երբ տղայիս ձերբակալեցին, շուտով պիտի ծննդաբերեր 3-րդ երեխային, դեկտեմբերին փոքրիկը դարձավ 1 տարեկան: Միջնեկ երեխան գիտի, թե հայրը արտասահմանում աշխատում է, միայն մեծը գիտի, թե որտեղ է հայրը: Սկզբում տեսակցություններ չկային, հետո թույլատրեցին: Մեծ սթրես էր մեզ համար: Այս ընթացքում մահացավ ամուսինս՝ Աշոտի հայրը»,-ասաց կալանքի տակ գտնվող Կույումջյանի մայրը:
Չորս տարի որևէ մնացորդ չի երևացել
Փաստաբանները ներկայացրեցին այն մեխանիզմը, որը աշխատում է բջջային օպերատորի քարտեր ստանալիս և դրանք վաճառքից հետո ակտիվացնելիս: Ըստ այդմ՝ եթե պատասխանատուն ստանում է քարտերը, պահեստ է ներմուծում, վաճառքով զբաղվում է այլ բաժին: Երբ ակտիվանում է քարտը, համակարգում դա երևում է: Կա նաև վիրտուալ պահեստ, որտեղ մոտ 500 աշխատակից կարող է մուտք ունենալ, 30 անձ վերահսկում է էլեկտրոնային պահեստը:
Ըստ գործի՝ Աշոտ Կույումջյանը ստորագրել է բեռնագրերը, բայց, իր վկայությամբ, չի ստացել լիցքավորման քարտերը: Գործով պարզված չէ նաև, թե ու՞մ է վաճառել դրանք, ինչպե՞ս, հնարավո՞ր է, արդյոք, օրական 1000 քարտ իրացնել և այլն: Ինեսսա Պետրոսյանը շեշտեց մի հանգամանք, որ յուրաքանչյուր ամսվա 5-րդ օրը պատասխանատուները հաշվետվություն են ուղարկում իրենց պահեստի մնացորդի մասին: «Ամբողջ խնդիրն այն է, որ մնացորդ չի եղել 4 տարի: Եվ միայն 2014-ի հոկտեմբերի 4-ին ինքը՝ Աշոտ Կույումջյանը, պատահական տեսել է, որ ահռելի չափի մնացորդ է երևում: Գնացել ու հայտնել է Ռալֆ Յիրիկյանին, որ խնդիր կա: Յիրիկյանն ասել է, թե գնա աշխատի, կստուգենք: Դրանից մեկ ամիս հետո հաղորդում է տվել հանցագործության մասին»,-ընդգծեց փաստաբանը:
Կարեն Մեժլումյանի կարծիքով՝ առաջին բանը, որ պետք է պահանջեր քննիչը, 4 տարիների Ռ-025 հաշվետվություններն էին, որոնք ցույց կտային մնացորդները: «Քննիչը մերժում էր այդ միջնորդությունը՝ ասելով, որ այդ միջնորդությամբ Կույումջյանին քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակ է հետապնդվում: Բողոքել ենք դատախազին, մերժվել է, ընկերությունն էլ չտրամադրեց»,- նշեց Կարեն Մեժլումյանը: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը:
Գլխավոր լուսանկարում՝ փաստաբաններ Կարեն Մեժլումյանը եւ Ինեսսա Պետրոսյանը
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել