
Դպրոցների վերաբացումը ռիսկային է. ԱՆ-ն առաջարկում է համատեղ դիմակայել
Հայաստանում սուր շնչառական վարակներով դիմելիության կտրուկ նվազում է գրանցվում: Այսօր լրագրողներին այդ մասին հավաստիացրեց Հիվանդությունների վերհսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
Արձանագրված նվազումն է պատճառը, որ հունվարի 20-ից սկսած ստացիոնար բուժհաստատությունները դադարելու են անվճար սպասարկումը սուր շնչառական վարակներով դիմած քաղաքացիներին: Անվճար բուժօգնություն կստանան պետպատվերի շրջանակներում բուժվող սոցիալական խմբերը և երեխաները:
Ինչպես նշվեց հանդիպման ընթացքում՝ ստացիոնար բուժհիմնարկներում հունվարի մեկից մինչ այսօր բուժօգնություն են ստացել շուրջ 3000 քաղաքացիներ: Հիվանդանոցային բուժում ստացողների կեսից ավելին պետական պատվերի շահառուներ են եղել, մեծ մասը երեխաներ: Անվճար բուժօգնություն են ստացել և շարունակում են ստանալ սոցիալական խմբերին պատկանող անձինք, ինչպես նաև անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների ցանկով սահմանված քաղաքացիները:
Այն դեպքերում, երբ քաղաքացին վճարունակ չի լինի, բայց հոսպիտալացման կարիք կլինի, նախարարությունն առաջարկում է իրագործել կառավարության որոշմամբ սահմանված մեխանիզմը, որն իրավասություն է տալիս պետական պատվեր կատարող բուժհիմնարկների տնօրեններին, մարզպետարաններին, քաղաքապետարաններին՝ տվյալ հիմնարկի բյուջեի 5 տոկոսի շրջանակներում, առանց որևէ սոցիալական հիմք հաստատող փաստաթղթի, քաղաքացու բուժօգնությունն իրականացնել անվճար՝ պետպատվերի շրջանակներում: Հետագայում այդ գումարը փոխհատուցվում է առողջապահության նախարարության կողմից:
Ըստ Արտավազդ Վանյանի՝ գրիպի վիրուսի տարածման կտրուկ նվազման հետ մեկտեղ շարունակում է ռիսկային մնալ նախադպրոցական և դպրոցական հաստատությունների աշխատանքի վերսկսկումը:
«Քանի որ արձանագրվել է նվազում, մենք դպրոցները հետաձգելու առաջարկով հանդես չենք գալիս, բայց գիտեք, որ սա բավականին ռիսկային է: Համատեղ պետք է աշխատանք տանենք, որ դպրոցների վերաբացումից հետո չունենանք երկրորդ ալիքը: Մեր առաջարկով և խնդրանքով համապատասխան լիազոր մարմինները պահպանեն լիարժեք ջերմային ռեժիմը նախադպրոցական և դպրոցական կազմակերպություններում: Որտեղ խնդրահարույց կլինի, հարցը նախորոք բարձրացնել, խնդրին լուծում տալ»,- ասում է Վանյանը:
Նա ավելացնում է նաև , որ դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում ստեղծվելու է համաճարակաբանական ֆիլտր: Այն երեխաները, ում մոտ կնկատվի թեթևակի հարբուխ, գրիպանման երևույթներ, անմիջապես կմեկուսացվեն: Առողջապահության նախարարության առաջարկով ժամանակավորապես չի իրականացվի ֆիզիկական կուլտուրայի դասերը, չեն գործի բուֆետները:
Ըստ Վանյանի՝ H1N1 վիրուսի կանխարգելիչ գործողություններից մեկն էլ եղել է ռիսկային խմբերի՝ մանկատան երեխաների, ծերերի, հոգեբուժարաններում գտնվող անձանց և բուժաշխատողների շրջանում պատվաստումների իրականացումը:
Լրագրողներից մեկը Արտավազդ Վանյանին հիշեցրեց «Հետքի» հրապարակման մասին, ըստ որի՝ պատվաստանյութի դիմաց նախարարությունը կասկածելի պարտավորություններ է ստանձնել, ինչին Վանյանը պատասխանեց. «Եթե չեմ սխալվում մեր պատվաստանյութերից դեռ մոտ 400 դեղաչափ մնացել է, նման հրապարակումներն են, որ ռիսկի խմբերը, որոնք պետք է պատվաստվեին, մարդիկ նման հրապարակումը նայելով, կարդալով, դիտելով, հրաժարվում են պատվաստումից: Պատվաստանյութը, որ մենք պատվաստել ենք երեխաներին, մանկատներում, ծերերին, ոչ մի հետպատվաստումային բարդություն չի առաջացրել:
«Հետքի» հարցին, թե կա ուսումնասիրություն, ըստ որի պատվաստված անձանց շրջանում գրիպի վիրուսակիրներ չեն հայտնաբերվել, Արտավազդ Վայնանը պատասխանեց.
«Այո արել ենք, պատվաստված մարդը եթե նույնիսկ հիվանդանա, թեթևակի հարբուխանման նշաններ կարող են լինել: Բայց դա նաև կարող է պայմանավորված լինել ադենովիրուսով, ռինովիրուսով: Հնարավոր չէ, որ նա պատվաստվի և ծանր հիվանդության ընթացք ունենանք. նման բան չկա: Սա առաջին տարին չէ, որ մենք անում ենք, թվային, եթե ձեզ հետաքրքրում է որտեղ ինչքան, կարող եմ տրամադրել, խնդիր չկա»,-ասաց Արտավազդ Վանյանը:
Վանյանը նշեց նաև, որ որպես պատվաստանյութի որակի չափանիշ իրենք համարում են այն հանգամանքը, որ 10 հազար հոգու պատվաստելիս ընդամենը մեկ-երկու հոգու մոտ է ի հայտ գալիս տեղային կարմրություն, ինչն, ըստ Վանյանի, պատվաստանյութի բացարձակ բարձր որակի մասին է խոսում:
Մեկնաբանել