
Փաստաբանների աշխատանքը խոչընդոտելու համար քրեական գործ չի հարուցվել
Բողոք գլխավոր դատախազին՝ ՀՔԾ անգործության դեմ
Փաստաբանների պալատի անդամներ Արա Ղարագյոզյանն ու Հայարփի Սարգսյանը պնդում են, որ փետրվարի 24-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց ոստիկանները խոչընդոտել են իրենց մասնագիտական գործունեությունը: Մասնավորապես, Արա Ղարագյոզյանին մեկ ժամ չի թույլատրվել տեսակցել իր վստահորդներին, որոնք բերման էին ենթարկվել Բաղրամյան պողոտայից՝ նախագահի նստավայրի մերձակայքից Վարդգես Գասպարիի կալանավորման դեմ բողոքի ակցիայի ժամանակ:
Փաստաբանի աշխատանքը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է (ՔՕ 332 հոդված): Երկու փաստաբանները դեպքից երկու օր անց հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: Սակայն այսօր ՀՔԾ-ից ստացել են պատասխան, որ իրենց ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ոստիկանության ներքին անվտանգության բաժին քննարկման:
Փաստաբան Ղարգյոզյանը շեշտեց, որ նման քննարկման կարիք ամենևին էլ չկա, «քանի որ մեր կողմից նշված հաղորդմանը կից ներկայացված տեսանյութից հստակ երևում է ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցավոր արարքը, իսկ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունն իրավասու չէ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու: Ոստիկանության նրքին անվտանգության վարչությունը վարչական մարին է և քննչական գործողություններ անելու իրավասություն չունի»,-ասաց փաստաբանը:
Փաստաբան Հայարփի Սարգսյանն էլ նշեց, որ Հատուկ քննչական ծառայությունը անգործություն է ցուցաբերում և չի ցանկանում իրականում օբյեկտիվ բազմակողմանի քննություն իրականցնել: «Նման կերպ անպատժելիությունը կխրախուսվի: Ոստիկաններն էլ կտեսնեն, որ իրենք կարող են փաստաբանի աշխատանքը խոչընդոտել ու պատասխանատվության չենթարկվել»,-նշեց Հայարփի Սարգսյանը՝ շեշտելով, որ այդ օրվա տեսաերիզում հստակ երևում է, թե որ ոստիկաններն են խոչընդոտում իրենց աշխատանքը:
Քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում է հանցագործության մասին հաղորդումների քննրակման կարգը. կամ հարուցվում է քրեական գործ կամ մերժվում քրեական գործի հարուցում կամ ուղարկվում ըստ ենթակայության: «Սակայն օրենքում նման կետ գոյություն չունի որ հաղորդում հանցագործության մասին պետք է ուղարկվի այնպիսի մարմնի որը, գործը քննելու իրավասություն չունի»,-«Հետքին» ասաց Արա Ղարագյոզյանը:
Այսօր փաստաբանները բողոք են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության անգործության և լիազորությունները ոչ պատշաճ իրականացնելու դեմ:
Մեկնաբանել