
Պատգամավորը հորդորում է Ռուսաստանին խզել Ադրբեջանին զենք մատակարարելու պայմանագիրը
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ վերջին մի քանի օրերին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ակնհայտ ռազմական գործողությունները և դրանց ընթացքում հակառակորդի կողմից կիրառված ռուսական արտադրության բացառապես հարձակողական տիպի զինտեխնիկան ցույց տվեցին, որ Ռուսաստանի կողմից պարբերաբար Ադրբեջանին զինամթերքի մատակարարումը բիզնես չէ, ինչպես իրենք էին մեկնաբանում:
Պատգամավորի կարծիքով՝ պարզ դարձավ, որ այդ զենքի վաճառքով Ռուսաստանը խախտում է տարածաշրջանում ուժերի բալանսը, ինչը խաթարում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծելու գործընթացը:
«Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և պահանջել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, ՀԱՊԿ անդամ, ԵՏՄ անդամ և ի վերջո ԼՂՀ հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանից հավատարիմ մնալ ՀԱՊԿ պայմանագրի 1-ին հոդվածին և 1997 թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված բարեկամության պայմանագրի 3-րդ հոդվածին և խզել զենքի մատակարարման պայմանագիրը»,- հավելեց Խաչատուր Քոքոբելյանը:
Մեկնաբանել