Թշնամու ուղղաթիռն ապրիլի 2-ին խոցած շարքային Գեւորգ Մանուկյանի հայրական տանն եմ՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Հայրը՝ Հովհաննեսը, բակում շարած մեղվափեթակներն է ստուգում՝ թեպետ օրերը դեռ չեն տաքացել ու մեղվին բնության գիրկ ուղարկելու ժամանակը չէ:
«Մինչեւ Գեւորգիս գալը կհասցնեմ ձեռքովս քաշած մեղր ուղարկել,-Հովհաննես Մանուկյանը ժպտում է,-հուլիսին է զորացրվելու, տա Աստված վերջնական խաղաղություն հաստատվի, տղես էլ ողջ-առողջ տուն վերադառնա՝ ձեզ անպայման հրավիրելու եմ մեր տուն քեֆի»: Բակում էլի մարդիկ կան՝ Հովհաննեսի համագյուղացիներն են: Գեւորգի մայրն ինձ ուղեկցում է տուն, մինչեւ ամուսինը կվերջացնի զրույցը Արցախում ծառայող զավակ ունեցող համագյուղացիների հետ:
«Գեւորգս դեռ փոքրուց անընդհատ կկրկներ, թե տղեն պիտի անպայման Ղարաբաղ ծառայե ու անպայման «Եղնիկներ»: Ում մտքով կանցներ, թե ժերեբյովկի ժամանակ հենց էդ պիտի քաշե,-Գեւորգի մայրը՝ Ռիման հոգոց է քաշում, հետո անմիջապես էլ ժպտում,-ով էլ էդքան նույն բանը կրկներ՝ անպայման կկատարվեր, իրա փոքր քուրն էլ միշտ կըսեր՝ տղեն պիտի Ղարաբաղ ծառայե, թե չէ էլ ինչ տղա»:
Նախասրահի պահարանի դարակներում Գեւորգի լուսանկարներն են: Մայրն ասում է. «Տեղն այնպես ենք ընտրել, որ ամեն ել ու մուտ անելուց Գեւորգիս տեսնեմ, այսպես տպավորություն է, որ տանից չի բացակայում»: Հովհաննեսը դրսում ավարտելով զրույցը՝ միանում է մեզ: Դեմքը մտահոգ է, ձեռքին թղթի մի կտոր կա՝ վրան անուն-ազգանուն եւ հեռախոսի համար գրված:
«Մեր գյուղացիք կըսեն աչքդ լույս՝ տղեդ հերոս է, կշնորհավորեն, բայց լիաթոք չես կրնա ուրախանա, որովհետեւ հարեւանդ իրա ծառայող տղուց առ էսօր խաբար չունի: Էս որ եկել էին, հենց մեկը իրանք՝ ընդհանրապես տեղեկություն չունեն իրանց տղուց: Ընձի կըսեն՝ կրնա՞նք մե բանմ իմանանք, բայց ի՞նչ ձեւի պիտի իմանանք՝ ես էլ հլը չեմ պատկերացնե»,-ասում է Գեւորգի հայրը:
![]() |
![]() |
Ռիմա Մանուկյան | Հովհաննես Մանուկյան |
Հարազատ զավակի կատարած սխրագործության մասին տեղեկացել են համացանցից: Բարեկամի տղան Երեւանից զանգահարել է եւ ասել, որ «Հետքի» ինտերնետային կայքի օպերատորն է նկարել, Գեւորգն էլ բնավորության համաձայն երկար չի խոսել:
«Ինքը բնավորությամբ համեստ է, ավելի շատ գործով է ուզում ապացուցել, հակված չէ շատ խոսելու,-նկատում է մայրը,-փոքրուց էլ կազմակերպված, պարտաճանաչ երեխա էր՝ աշխատասեր, դպրոցում էլ շատ լավ էր սովորում: Երեւանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժինը տվեց գործերը, բայց որ բալերը չէր հերիքել՝ ընդունվավ փիլիսոփայության բաժին: Հենց էն օր, որ բուհեր ընդունված ուսանողների ցուցակները հրապարակել էին՝ իրան տարան բանակ»:
Գեւորգի հորեղբայրը, որ լրագրողի այցի լուրն իմանալով շտապել էր եղբոր տուն՝ Ռիմայի վերջին խոսքերի վրա սկսում է ծիծաղել: «Ընձի հետ խռովել էին, ինչ է թե Գեւորգիս ես էի տարել Արթիկ զինկոմ, հետո էլ Երեւան ու երեխեն ժերեբյովկով ընկել էր Ղարաբաղ,-պատմում է Մանուկ Մանուկյանը,-թարսի պես էլ հուլիսի 17-ին ծնունդս էր, բայց դե ում աչքին կերեւար, հետ եմ եկել տուն, հմի հետս ոչ կխոսան, ոչ ծնունդս կշնորհավորեն: Հետո մի քիչ խաղաղվան, օր իմացան պիտի մի վեց ամիս Մուղնիի ՀՕՊ-ում ուչեբկի էղնի՝ նոր տանին: Հմի ես վստահ կրնամ ըսեմ, որ էսօրվա օրով հենց էդտեղի իրա ստացած գիտելիքներն են պետք եկել»:
Ծառայության ընթացքում Գեւորգը 4 անգամ այցելել է ծնողներին: Մայրը տղայի հետ հեռախոսով վերջին անգամ զրուցել էր փետրվարի վերջին: Ասում է, որ սովորաբար Գեւորգն է զանգում երկու-երեք ամիսը մեկ անգամ: Տղան ծնողներին արգելել է գալ Արցախ՝ իրեն տեսնելու:
«Ես մինչեւ հմի Ղարաբաղը տեսած չկամ, չնայած տղես ընդեղ կծառայե,-նկատում է Հովհաննեսը,-մեզ արգելել է գնալ, չի ուզում նեղություն տալ, անգամ զգուշացրել է, որ գաք էլ՝ դուրս չեմ գա, դրա համար էլ ինչ գնացել է՝ ինքն է արձակուրդ եկել, մենք իրան չենք գնացել տեսել, չաստի տեղն էլ չիդենք»:
1996թ. մայիսի 17-ին ծնված Գեւորգը տան փոքրն է, իրենից մեծ երկու քույր ունի ամուսնացած: Սիրած աղջիկ, մոր տեղեկություններով, Գեւորգը չունի, թեպետ իմ հարցից հետո մի փոքր սկսում են կասկածել: Հորեղբայրը ծիծաղում է. «Ինքը ուզողներ շատ ունի, բայց այ հավանած որեւէ մեկն ունի, թե չէ՝ չիդենք, շատ փակ բերան տղա է»:
Մանուկն ասում է, որ գյուղից մոտ 30 երիտասարդ ծառայում են Արցախում, միայն 6 հոգի Գեւորգի դասարանից են, ունեն նաեւ պայմանագրային զինծառայողներ: Ամեն օր լարված լուրերի են սպասում հայ-ադրբեջանական սահմանից: «Անհանգիստ ենք, լարված ենք, բայց դե իրավունք չունենք հուսահատվելու, թեւաթափ էղնելու: Գյուղացին պիտի իր վար ու ցանքն անի, ստեղծի, որ համ թիկունքն ամուր լինի, համ բանակը՝ կուշտ,-նկատում է Հովհաննեսն ու ինչ-որ բան հիշելով՝ քթի տակ ժպտում,-չնայած երկու օր առաջ Ռիման շատ էր ջղայնացել, ընձի կսեր հենց հիմի ելնիս, կամավոր գրվիս, էրթաս Ղարաբաղ, տղես թշնամու բերան է, դու ինչի՞ ես տունը մնացել: Կըսեմ, այ կնիկ, էրթամ ընդեղ ի՞նչ էնեմ, զենքից էլ չեմ հասկնա, ես էլ ըստեղ իմ կռիվս կուտամ, օր ուժեղ թիկունք ունենանք»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել