HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Հայրիկ Մուրադյան. «Իմ խնդրանքն է բոլորին՝ հայ մնալ, հայ ապրել, երկրի հոգսերով մտահոգ մնալ… »

«Երգը մեր պատմությունն է, հիշողություն է երգը,- ասել է Հայրիկ Մուրադյանը,- Երգը փայլատակում է, պայքարում և մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում՝ լուսավոր միտք: Ահա, թե ինչ է երգը: Մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին: Երգերը դաստիարակության հզոր միջոց են. նրանց մեջ արտահայտված են և՛ աշխատասիրություն, և՛ անձնազոհություն, և՛ նվիրվածություն մեր ազգին, մեր հայրենիքին: Երգերի միջոցով այդ բոլորը կփոխանցվի մեր մատաղ սերնդին»:

Նրա ձայնը հնչում էր ամենուրեք՝ հեռուստատեսությամբ, ռադիոյով, նույնիսկ տարբեր ու, թվում է, թե երաժշտության հետ բացարձակ կապ չունեցող ուսումնական հաստատությունների դահլիճներում: Նրա շնորհիվ հենց այս վայրերից  հայ մաքրամաքուր և զուլալ հնչյունները հոսում, գնում էին դեպի երիտասարդություն՝ արթնացնելով նրանց՝ երկաթե դռների հետևում փակված հիշողությունն ու կապը սեփական արմատների հետ: Խորապես տպավորված Հայրիկ Մուրադյանով՝  նույն այդ հաստատությունների երիտասարդները հաճախ էին հանդիպումներ կազմակերպում  նրա հետ: Մտերմիկ ու սրտամոտ զրույցների ընթացքում նրա անկեղծ ու թովիչ երգի ազդեցությամբ հյուսվում էր սերը, նվիրումը հայրենի բնաշխարհի, ավանդականի ու հայ մարդու հանդեպ:  Սեր առ հայրենիք և ոչ առ գաղափարախոսություն,  սեր բնության ու մարդու հանդեպ:

Անդրանիկ Հովհաննիսյանը Հայրիկ Մուրադյանի սաներից է, ավելի ճիշտ՝ նրա զինվորներից մեկը: Այսօր նա էլ է շարունակում պահպանել ավանդական երգի ու պարի մաքրությունը, սովորեցնել ու փոխանցել այն առավել երիտասարդներին: Անդրանիկ Հովհաննիսյանը «Վան» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավարն է: Թեև անցել են տարիներ, այսօր էլ ուսուցչի մասին խոսելիս նա զարմանալիորեն հուզվում է ու խոստովանում, որ բազմաթիվ հարցազրույցների մեջ միայն նրա մասին խոսելիս է այդքան զգայուն դառնում:  Նրա պատմությունների մեջ բացահայտ տեսանելի է մեծ նվիրումն ու պատասխանատվությունը ուսուցչի, հավատն ու գնահատականը նրա արած գործի անփոխարինելիության հանդեպ:

«Իմ մանկության տարիներից լսել եմ նրան.- պատմում է  Ա. Հովհաննիսյանը,-  Գյուղում նոր-նոր էր մուտք գործել հեռուստացույցը: Եվ երբ այդ սարքի միջից Հայրիկը երգում էր, իմ սասունցի պապը ասես գերվեր նրա ձայնից: Իմ մեջ սասունցիների պայքարի, ֆիդայական ավանդական երգերից զատ սկսեցին տեղավորվել նաև Հայրիկի գեղեցիկ երգերը: Իսկ 1979թ. բախտ ունեցա նրա, իր վաղամեռիկ դստեր՝ Մարո Մուրադյանի և Հարություն Փանոսյանի հետ աշխատել. Պոլիտեխնիկական ինստիտուտում նրանց ջանքերով ստեղծվեց «Վան» ազգագրական երգի և պարի համույթը, որտեղ ներգրավվեցի նաև ես: Եվ այսպես Հայրիկը դարձավ նաև իմ հայրիկը»:

1905թ.  Վանի նահանգի Ջնուկ գյուղում (Շատախի գավառ) ծնված երգիչ, ազգագրագետ և բանահավաք Հայրիկ Մուրադյանը կրթությամբ պատմաբան էր և շատ արժեքավոր աշխատությունների հեղինակ: Սակայն ազգային երգարվեստում  նրա ներդրումն այնքան մեծ է, որ ժողովուրդը սիրել և ճանաչել է նրան որպես հին հայկական ժողովրդական երգերի բանահավաք և կատարող:

«Բնությունը շռայլորեն օժտել էր նրան նուրբ լսողությամբ, մեծ երաժշտականությամբ, թավշյա գեղեցիկ, ճկուն ձայնով և զարմանալի հիշողությամբ»,- գրել է երաժշտագետ, Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալինա Փահլևանյանը:

«Տանն ամեն մեկն իր ձևով է մոտենում իմ աշխարհ գալուն: - պատմել է Հ. Մուրադյանը,-  Երբ ինձ օրորոց են դնում, տատս անմիջապես մի չվան է բերում, դնում բարձիս տակ, ասում է. «Թող շալկատար դառնա, մեջքն ամուր լինի»: Մեզ մոտ այն ժամանակ ամեն ինչ շալակով էին կրում, շատերի նման մենք էլ սայլ չունեինք: Հայրս բերում է Նարեկը դնում բարձիս տակ «Թող գրագետ լինի»: Պապս էլ հանում է իր դաշույնը և ասում. «Թող ֆիդայի դառնա»»:

Հայրենի գյուղի գեղեցիկ ավանդույթները, հարազատ մարդիկ, երգն ու բառը մինչև կյանքի վերջ ուղեկցում են նրան իր հուշերում: Սիրելի մարդկանց մեծ մասը պիտի զոհվեր կամ անհետ կորչեր գաղթի ճանապարհին՝ փրկվածների կյանքում անջնջելի դրոշմելով իրենց տառապանքի, դառնության և կարոտի հետքերը:

«Մեր նախկին երգերի մեջ ամեն ինչ էլ կա. և՛ կարոտ կա, և՛ պայքար: Մեզ մոտ մի սովորություն կար՝ բակում միշտ վառվում էր ավանդական խարույկը, նրա շուրջ հավաքվում էին գյուղի մարդիկ: Մենք՝ փոքրիկներս, ծվարում էինք գետնին կամ նրանց ծնկների մեջ և լսում նրանց: Էդ մարդիկ խոսում էին օրվա անցքերի մասին, երկրում տիրող դրության մասին: Այնպիսի գեղեցիկ բաների մասին, որ իսկական, մարդուն արժանի խոսակցություն էր, և մենք նրանցից շատ բան էինք սովորում: Խարույկի շուրջ նաև ժողովուրդը երգում էր: Էդ երգերը ես սկսեցի սովորել»:- ասում է Հ. Մուրադյանը զրույցներից մեկում: 

«Հայրիկի անվան պատմությունն էլ է գեղեցիկ,- ասում է  Ա. Հովհաննիսյանը ,- երեխայի կնունքի արարողությունից առաջ  Մուրադ պապը գնում է Վարագա վանք՝ Խրիմյան Հայրիկի մոտ և ասում, որ ուզում է թոռանն իր անունով կոչել: «Որովհետև ես զգում եմ՝  նա քո նման երգասաց պիտի դառնա»: «Բայց չէ՞ որ փոքր է, այդ ինչպե՞ս կարողացար հասկանալ, որ երգասաց պիտի դառնա»,- հարցնում է կաթողիկոսը: Պապը պատասխանում է՝ «Իր լալու մեջ անգամ երգի հնչյուններ կան»: Չնայած՝ Մուրադ պապը երգիչ չի եղել»:

Տասը տարեկան էր, երբ վրա հասան Մեծ Եղեռնի ողբերգական իրադարձությունները: Նրանց ընտանիքը բազում զրկանքների, սովի և փորձությունների միջով փախչում է Սալմաստ, որոշ ժամանակ անց, երբ լուր են ստանում, որ ռուսական զորքերը գրավել են Վանը, շատ ընտանիքների նման հետ են վերադառնում: Հետո նորից Իրան, Իրաք՝ տառապանքով և սարսափելի դժվարություններով լի դեգերումներ անապատում այնքան, մինչև որ վերջապես հասնում են Հայաստան: Մուրադյանների 54 հոգանոց ընտանիքից միայն Հայրիկը, եղբայրը, մայրն ու հորեղբայրն են կարողանում փրկվել: Անդրանիկ Հովհաննիսյանը հիշեցնում է, որ այս ամենին գումարվում է նաև սովետական երկրի հիվանդությունը ՝ 1937թ. նա ևս հայտնի մի շարք մտավորականների նման հայտնվում է բանտում:

«Հայրիկը դժվար ժամանակաշրջանում այս ամենն իրականացրեց. կոմունիստական հասարակարգը, գաղափարական բռնապետությունը անհնար էր շրջանցել: Բայց նա այդ ամեն ինչը այնպես գեղեցիկ ու նուրբ էր ներկայացնում, որ նրա ամեն մի երգը, խոսքը դժվար էր չգնահատել: Հասարակ մի օրինակ բերեմ՝ «Գութանի երգը».  նա այնպես էր կատարում, որ ոչ ոք չէր կարողանում որևէ պիտակ կպցնել: Այն ընկալվում էր որպես աշխատասիրության գովք, մինչդեռ այդ երգի խորքում հողի կանչն էր, երկրի կարոտը, պատերազմի ցավը, ես կասեի, նույնիսկ՝ բողոք կա այդ երգում: Հայրիկը կարողանում էր բոլոր դժվարությունների միջով անցկացնելով՝ հնչեցնել հայ երգը և փոխանցել նոր սերնդին»:

Իմ հայրենյաց հոգի Վարդան,

Հոգիս հոգվույդ էղնի ղուրբան,

Որ տղմուտի ափերի քով

Վաթսուն հազար կտրիճներով,

Զարկիր, զարնվար, ինկար քաջ-քաջ՝

Պարսիկ սփռած ի ձախ, ի աջ…

Հ. Մուրադյանի երգացանկում ոչ միայն ժողովրդական, ծիսական, աշխատանքային երգեր և խաղիկներ էին, այլև պայքարի, պանդխտության, օրորոցային, ռազմական և հայրենասիրական երգեր:

Հայրիկ Մուրադյանը հիմնել և ղեկավարել է «Վան», «Զարթոնք», «Զվարթունք» ազգագրական խմբերը, որոնցում ընդգրկված երիտասարդներին նա մեծագույն սիրով և ոգևորությամբ սովորեցնում էր Վասպուրական աշխարհի երգերն ու պարերը: Նա «Ակունք»-ի ոգին էր ու խորհրդատուն: 1996թ. գործում էր Հայրիկ Մուրադյանի երգի և պարի մանկական «Ծիլեր» խումբը և այլն:

«Հայրիկի ամենասիրելի երգը «Բարի լուսո աստղ էրևաց» -ն էր՝ «Գութանի երգը»:- հիշում է «Վան» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Հովհաննիսյանը,-  Երգը սովորելու ժամանակ նա այնպես էր անում, որ մենք կարծես էդ վարուցանքի մեջ մտած լինեինք: Ոչ մեկս գութանի մաճն անգամ չբռնած՝ պետք է, այսպես ասած, վարեր: Հետո Հայրիկը մեզ Շամշադին տարավ, որտեղ հատուկ ցույց տվեց գութան. դա իրականում արձան էր, երևի աշխարհում գութանի միակ արձանը: Նա ասում էր, որ Աստծո կողմից մարդուն տրված ամենամեծ պարգևը երախտագիտությունն է: Մարդը  պետք է երախտապարտ լինի իր հողին, ջրին, իր երգին ու ժողովրդին: Նա ասում էր, որ դրանով դու կմոտենաս Աստծուն: Մենք ամեն օր պիտի երգեինք, սովորեինք, հիշեինք ու պատմեինք իրար այն, ինչ երգում ենք, այն, ինչ զարթնել էր մեր հոգում: Հայրիկը վերականգնեց մինչ այդ ժամանակավորապես կտրված կապը մեր միջև: Համերգներ, շփումներ  տարբեր գյուղերի բնակիչների, նրանց բանարվեստի հետ, նրանց ավանդույթների ու հոգևոր արժեքների: Մենք փառատոններ էինք կազմակերպում ու օրերով ճամփորդում՝ ազգային երգն ու պարը տարածելով տնից տուն, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք»:

«Մեր հին երգերից հայկականություն է բուրում, անուշ բուրմունք է տալիս։ Նրանց միջավայրում հայի ակունքներն են արթնանում։ Իմ խնդրանքն է բոլորին՝ հայ մնալ, հայ ապրել, երկրի հոգսերով մտահոգ մնալ։ Սիրելիներս, վատը կտեսնեք՝ լավ մնացեք, չարը կտեսնեք՝ բարի մնացեք, ծույլին կտեսնեք՝ աշխատասեր մնացեք, վախկոտը կտեսնեք՝ քաջարի մնացեք, ժանգը կտեսնեք՝ ոսկի մնացեք, ազգին մնացեք»։- այսպիսին էր Հայրիկ Մուրադյանի պատգամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter