HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արտադրված է Հայաստանում. հինգ մարզերը, որոնց արդյունաբերությունն ամենավատթար վիճակում է

Մաս 1, Մաս 2, Մաս 3 , Մաս 4 , Մաս 5Մաս 6 

Հայաստանի Շիրակի մարզում 2015 թվականին արտադրվել է 38,7 մլրդ դրամի ապրանք (համադրելի գներով)։ Դա հանրապետության արդյունաբերության ամբողջ ծավալի 3%-ն էլ չի կազմում։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) ՝ մեկ տարում մարզի արդյունաբերությունը 21,1%-ով անկում է ապրել։ Արդյունաբերության ցուցանիշով Շիրակը յոթերորդն է հանրապետությունում։

Շիրակի, ինչպես նաև Գեղարքունիքի, Արգածոտնի, Վայոց Ձորի և առավել ևս՝ Տավուշի մարզերի ներկա արդյունաբերական վիճակի մասին գրելու քիչ բան կա։ Կարելի է անվերջ խոսել խնդիրների ու բացթողումների մասին, իսկ ձեռքբերումներ, ըստ երևույթին, չկան։ Տնտեսության մյուս ոլորտների նման՝ արդյունաբերությունը ևս այս մարզերում խարխլված կամ գրեթե զրոյական վիճակում է։ Բազմաթիվ են խնդիրները, չկան ներդրումներ, ինչի պատճառով չի օգտագործվում մարզերի ներուժը ու չկան արդիական տեխնոլոգիաներ, գործազրկության մակարդակը բարձր է և այլն։ Բացի Արագածոտնից, մնացած մարզերի դեպքում լրացուցիչ խնդիրներ է առաջացնում նաև մայրաքաղաքից ունեցած հեռավորությունը։ Ներուժն այս դեպքում մարզերի բնական ու աշխատանքային ռեսուրսներն են, աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները և այլն։

Այս հոդվածում հակիրճ կներկայացնենք  նշված մարզերի արդյունաբերության ներկա վիճակը։

 

Ըստ տարբեր աղբյուրների՝ 1988  թվականի կործանիչ երկրաշարժից հետո Շիրակի մարզի արդյունաբերական կազմակերպությունների և միջոցների միանգամից 70-80%-ը զրոյի են հավասարվել։ Մինչև այսօր մարզում բազմաթիվ են անօթևան ընտանիքները։ Այս տարիների ընթացքում Հայաստանի կառավարություններին չի հաջողվել վերացնել նշված  խնդիրը։ Այդ ֆոնին՝ արտադրական ձեռնարկությունների վերականգնման մասին  խոսելն ավելորդ է թվում։

Կարելի է ասել, որ Շիրակում  այսօր միայն  քիչ քանակությամբ սննդամթերք ու խմիչք է արտադրվում։ Որոշակի տեղաշարժ կա հագուստի արտադրության ոլորտում։ Վերջին 10 տարում Շիրակում արդյունաբերության ծավալները կրկնապատկվել են, բայց շարունակում են ցածր մնալ։ Աճը հիմնականում ապահովել է սննդամթերքի արտադրության ոլորտը։

Թե՛ այս մարզերի, թե՛ հանրապետության մնացած մարզերի արդյունաբերության զարգացման  համար շրջադարձային քայլեր ու փոփոխություններ են հարկավոր, սակայն տնտեսության պատասխանատուներն այսօր այդ մասին, կարծեք, չեն էլ մտածում։ Ընդհակառակը՝ խոսում են, որ 2015-ին արդյունաբերությունը Հայաստանում աճել է։ Մինչդեռ մարզերի օրինակները հստակ ցույց են տալիս, թե ինչ մտահոգիչ վիճակում է տնտեսության այս ոլորտը Հայաստանում։

Գեղարքունիքի «աճը»

Արդյունաբերության ծավալներով Շիրակին հաջորդում է Գեղարքունիքը։ Նախորդ տարի այս մարզում թողարկվել է 32,4 մլրդ դրամի արտադրանք։ Դրա կեսից ավելին ապահովել է հանքարդյունաբերության ոլորտը, 30%-ն էլ՝ սննդամթերքի արտադրությունը։

Հանքարդյունաբերության ծավալներն այս մարզում  կրկնապատկվել են մեկ տարում և արդյունքում ապահովել մարզի ամբողջ արդյունաբերության 42,7% աճը։ Իսկ մնացած ճյուղերում առաջընթաց չկա։ Վերջին տարիներին Գեղարքունիքի արդյունաբերության ծավալները ևս կրկնապատկվել են, բայց միայն նշված երկու ճյուղերի հաշվին։ Դա է պատճառը, որ չնայած գրանցված աճին՝ արդյունաբերությունն այս մարզում ևս գրեթե զրոյական դիրքերում է։

Մարզի տնտեսության հիմքն ու բնակչության հիմնական զբաղվածությունն այսօր գյուղատնտեսությունն է։

Արագածոտնի արդյունաբերությունը 18,6%-ով անկում է ապրել

Արագածոտնի մարզում 2015 թվականին արդյունաբերության ծավալները կազմել են 24,1 մլրդ դրամ։ Մեկ տարում ցուցանիշը նվազել է 18,6%-ով։ Մշակող արդյունաբերությունն ապահովում են հիմնականում սննդամթերքը, խմիչքը, որոշ չափով էլ՝ թանկարժեք իրերի արտադրությունը։ Այդ մարզում ևս տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։

Վարջին 10 տարում Արգածոտնում աճել են սննդամթերքի արտադրության ծավալները։ Բայց արդյունաբերության ոլորտում էական առաջընթացներ չկան։ Արագածոտնը շարունակում է դասվել հանրապետությունում ամենափոքր ծավալի արդյունաբերություն ունեցող մարզերի շարքում։

Վայոց Ձորը՝ խմիչքի փոքրածավալ արտադրության  հույսին

Վայոց Ձորի մարզում նախորդ տարի արդյունաբերությունը կազմել է ընդամենը 14,1 մլրդ դրամ։ Տարեկան անկումը՝ ավելի քան 10%: Այստեղ ևս տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը գյուղատնտեսությունն է:

Մարզի փոքր ծավալի արդյունաբերության կեսից ավեին խմիչքի արտադրությունն է, որը մեկ տարում ավելի քան 21%-ով կրճատվել է։ Իսկ սննդամթերքի արտադրությունը չի հասնում 2 մլրդ դրամի։

4,2 մլրդ դրամ էլ ապահովել է էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտը։

Մարզում տարիների ընթացքում որոշակիորեն ավելացել է խմիչքի արտադրությունը։ Խոսքը «Ջերմուկ» հանքային ջրերի և գինու արտադրության մասին է:

«Արտադրված չէ» Տավուշում

Տավուշի մարզում արդյունաբերության ծավալները 10 մլրդ դրամի էլ չեն հասնում։ Մարզի բնակչությունը անասնապահության և բուսաբուծության հույսին է ապրում։

Ամբողջ տարում այստեղ ընդամենը 3,5 մլրդ դրամի սննդամթերք է արտադրվել, 1,2 մլրդ դրամի խմիչք, 1  մլրդ դրամի էլ՝ ոչ հանքային արտադրատեսակներ։ Այդպիսով, Տավուշի մարզը արդյունաբերության ծավալներով ամենավերջինն է հանրապետությունում։

Եվ վերջում, որպես շարքի ամփոփում, մեկ ինֆոգրաֆիկայով ներկայացնում  ենք Հայաստանում նախորդ տարի գրանցված արդյունաբերության ծավալներն՝ ըստ մարզերի և Երևանի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter