
Թուրքիայի վարչապետ․ Հայաստանն Ադրբեջանի դեմ ագրեսիա է սանձազերծել
«Հայաստանն Ադրբեջանի դեմ ագրեսիա է սանձազերծել»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում բռնությունների ահագնացումը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ԼՂ-ում ստատուս քվոն հնարավոր չէ պահպանել, որ տեղի է ունեցել կրակի դադարեցման համաձայնության խախտում, իսկ այժմ լարվածություն է նկատվում նաև Նախիջևանում։ «Կարևոր է, որ միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զգուշացնեն Հայաստանին՝ զերծ մնալ ագրեսիայից։ Շատ կարևոր է, որ մենք միջոց գտնենք հաղթահարելու խնդիրները, որոնք առաջ են եկել ադրբեջանական տարածքի օկուպացիայի հետևանքով»,- ասաց Թուրքիայի վարչապետը։
Նա նաև հավելեց, որ հարևան երկրների հակամարտությունների լուծումը ազդում է Թուրքիայում իրավիճակի վրա, և Թուրքիան կարծում է, որ այս հակամարտությունների լուծումը պետք է «համապատասխանի միջազգային իրավունքի շրջանակներում համամարդկային մարտահրավերների հետ»։
Նկատենք, որ լրագրողներին չթույլատրեցին հարցեր ուղղել Դավութօղլուին դիտողությունների համար նախատեսված հինգ րոպեների ընթացքում, թեև ավանդաբար թույլատրվում է երկու հարց ուղղել բանախոսին։ Դավութօղլուի ելույթից հետո նրան հարցեր ուղղեցին եվրոպացի պատգամավորները, սակայն հայկական պատվիրակության անդամները չկարողացան օգտվել այդ հնարավորությունից և հերքել բոլորի համար ակնհայտ սուտն այն մասին, թե ով է իրականում հրահրել ագրեսիան։
Նշենք նաև, որ Դավութօղլուի ելույթից հետո ԵԽԽՎ-ում ահազանգ ստացվեց այն մասին, որ Եվրոպական խորհրդի շենքում առկա է պայթուցիկ։ Այս պահին թուրքական պատվիրակությունը խուճապի մեջ է շինության բոլոր հարկերում և հավանաբար կլքի Եվրոպական խորհուրդը՝ իր հետ տանելով Դավութօղլուին։
Օկսանա Մուսայելյան
Ստրասբուրգ
լուսանկարը՝ Reuters
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել