
Գևորգը պարզ երազանքներ ուներ
Երեք օր առաջ Լոռու մարզի Աքորի գյուղում ստացան Ղարաբաղի հարավային սահմանի դիրքերում զոհված աքորեցի զինվորի՝ Գևորգ Գևորգյանի մահվան լուրը: Գևորգը ծառայության է մեկնել 2015թ.-ի հունվարի 20-ին: Երեկ կեսօրից հետո նրա դին զորամասից հանձնեցին ընտանիքին: Արցախի ազատամարտում Գևորգը Աքորիի առաջին զոհը չէր, գյուղն էլի 7 զոհ է տվել: Գևորգը 8-րդն է: Զոհվածներից Վահագն Վարդևանյանը Արցախի ազատամարտի հերոս է:
Աքորեցիները մեծ ցավով էին խոսում ծանր մանկություն ապրած Գևորգի մասին: «Խեղճ ու աղքատ ընտանիքից է: Ծնողները 6 երեխա ունեն, հազիվ են պահել նրանց: Գևորգի զոհվելուց 1,5 ժամ անց են ինձ հաղորդել լուրը: Ալավերդու զինկոմը տեղեկացրեց»,- պատմեց գյուղապետ Հրահատ Սիմոնյանը:
«Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 19-ին, ժամը 10:50-ի սահմաններում: Ճիշտն ասած, ես Գևորգի սպանվելուց 4 օր առաջ եղել եմ նրանց դիրքում: Անձամբ Գևորգի հետ զրուցել եմ: Առաջին տպավորությունս այն էր, որ ես խոսում եմ պարտաճանաչ և բանիմաց զինծառայողի հետ: Գևորգը գնդացրորդ էր, հենց առաջնագծում, հենց հակառակորդի անմիջական շփման պայմաններում: Նա սպանվել է դիպուկահարի կրակոցից: Անմիջապես մահացել է: Բուժակը, երբ հասել է դիրք, արդեն գիտակցություն չի ունեղել: Շատ լավ զինվոր էր: Լավ ծառայության համար նրան տվել են լրացուցիչ արձակուրդ», -պատմեց Գևորգի հրամանատարի տեղակալ՝ փոխգնդապետ Սևակ Հայրապետյանը:
Գևորգը վերջին անգամ արձակուրդ էր եկել մարտի 20-ին. «Մի հատ մոզի ունեին, ձմեռը պահել էին, որ կով դառնա: Հնարավորություն չունեին, ստիպված մոզին մորթեցին, որ համ Գևորգի զորամաս վերադառնալու ճանապարհածախս լինի, համ էլ՝ մի 5 օր էստեղ սննվի»,- պատմեց հարևաններից Ս. Թաթոյանը:
«Վեց երեխա ունեմ: Գևորգը միջնեկն էր, 36 հազար դրամ նպաստով ենք ապրում: Ես առավոտյան հեռուստացույցը միացրի, պատահաբար «Շանթով» իմացա լուրը: Միամիտ միացրի, համ գործ էի անում, համ՝ լուրերը լսում: Մեկ էլ ասեցին, որ Գևորգ Գարեգնի Գևորգյանը մահացու վիրավորվել է: Նա բանակում իրեն լավ էր զգում, գոհ էր ծառայությունից: Մենք էլ էինք գոհ: Գևորգս աշխատող տղա էր: Սովորող էր: Շատ էր ձգտում, որ գնա ծառայի: Երկուշաբթի իրիկունն ենք հետ խոսել: Ասավ, լավ եմ մամ ջան, լավ եմ»,- պատմեց մայրը՝ Իրինա Գևորգյանը:
«Շատ բան կա, որ որպես հայր՝ որդուս համար չեմ կարողացել անել, հիմա խառնված եմ, չեմ կարող ասել: Խիղճս տանջում է, որ Գևորգիս լավ չեմ կարողացել պահել»,- ասաց հայրը՝ Գարեգինը:
Գևորգի եղբայրը՝ Ժորան |
Գևորգի զոհվելուց ցնցված է նրա 15-ամյա եղբայրը՝ Ժորան. «Ես անպայման զինվորական ծառայության եմ մեկնելու հենց այն դիրքերը, որտեղ զոհվել է եղբայրս, ես շարունակելու եմ նրա գործը»,- հեկեկալով ասում էր Ժորան: Գևորգը զոհվելուց երկու օր առաջ էր հեռախոսել կրտսեր եղբոր հետ. «Ասաց, որ բանակից գամ, մեր սարերն ենք գնալու: Մեր Բգավոր սարն էր երազում, որտեղ անցել է մեր մանկությունը», -պատմեց եղբայրը:
«Շատ ծանր մանկություն է ունեցել: Գևորգը ուրիշի համար փողով գործեր էր անում, խոտ էր բարձում, փայտ էր կրում, տունը տաքացնելու համար անտառից շալակով փայտ էր բերում: Էդ ընտանիքի երեխաները ոչ մի անգամ փորներով մեկ հաց չեն կերել: Բարեսիրտ ու հարգանքով տղա էր»,- հիշեց հարևան Ռադիկ Թաթոյանը:
«Ամեն ինչով լսող էր: Մի քիչ կռվում էր, տաքարյուն էր: Ես ու Գևորգը շատ նեղություններ ենք իրար հետ կիսել: Երկու տարի եղբորս չեմ տեսել», -ասաց ավագ եղբայր Գրիգորը:
Գևորգը սովորում էր Ալավերդու ուսումնարանում, քանդակելու նկատմամբ սեր ուներ: «Հայրը իրեն օգնելու համար հանեց ուսումնարանից: Ասացի՝ մի հանի, շնորհք ունի: Հանեց, չլսեց»,- պատմեց Ալավերդու ուսումնարանի տնօրեն, աքորեցի Վարուժան Սիմոնյանը:
![]() |
Գևորգի ծնողները |
«Նա դպրոցում փոքրամարմին ու վճիտ աչքերով երեխա էր: Հոգին խորն էր: Ընկերներին օգնելու հարցում միշտ պատրաստակամ էր: Զարմացած եմ, թե այդ փոքրամարմին երեխան ինչպես է մարտնչել թշնամու դեմ: Բանակում հասակ առավ: Գևորգը դասարանում աննկատ էր ապրում: Մենք պետք է նրան նկատեինք: Եվ ընկերները միշտ նկատում էին նրան»,- հիշեց 5-10-րդ դասարաններում Գևորգի դասղեկը՝ Աքորու դպրոցի պատմության ուսուցչուհի Սիլվա Սիմոնյանը:
Ուսուցչուհու ասելով՝ այս պահին Ղարաբաղի առաջնագծում Աքորիից 33 զինվորներ են մարտնչում հակառակորդի դեմ: «Նրանցից 3-ը Ջաբրայելի դիրքերում Գևորգի հետ էին, Թալիշում և Մատաղիսում Աքորին նույնպես ունի զինվորներ: Ուզում եմ ասել, որ ապրիլի 1-ից Աքորին շատ լարված, հոգեկան խռովքի մեջ է»,- ասաց ուսուցչուհին:
![]() |
![]() |
Այսօր Աքորիում հողին կհանձնեն զինվոր Գևորգ Գևորգյանին, ով իր հետ տանելու է իր չապրած մանկությունն ու հայրենի Բգավոր սարի կարոտը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել