HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ղարաբաղյան նոթեր. մայիսի 5

Պատերազմ կլինի, թե ոչ` ամենաշատ տրվող հարցն է այսօր։ Նորից կհարձակվե՞ն ադրբեջանցիները։ Կարծում եմ՝ նման հարցեր նաեւ Ադրբեջանում են տրվում այս օրերին։ Երկու կողմում էլ մտածում են հարձակման մասին։ Հայերը մտածում են, որ հենց հաղթանակի տոնի նախօրյակին հնարավոր է հարձակվի հակառակորդը։ Ադրբեջանցիներն էլ գիտեն, որ մայիսը հայերի համար հաղթանակների ամիս է, եւ նրանք էլ են սպասում, որ հայերը, հնարավոր է, հարձակվեն։ Եվ ահա այս վիճակում երկու կողմերի լրատվական դաշտերում երբեմն անհեթեթության հասնող հրապարակումներ են լինում՝ վահաբիստների եւ իսլամիստների կուտակումներից սկսած մինչեւ Ստեփանակերտի տարհանումը։ Ստեփանակերտից տարհանում չկա, դպրոցները եւ մանկապարտեզները բնականոն աշխատում են։ Գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ են, հիմնարկները աշխատում են։ Միակ տարբերությունն այն է, որ տղամարդիկ մեծամասամբ բացակայում են, նրանք առաջնագծում են։

***

Սրճարանի մատցողուհին հարցնում է՝

- Կռեվ ա ինիլու։

- Գիդում չըմ, - ասում եմ։

- Պա վեր օզում ըն էդ պոստերը մերունք յորոնին, կռեվ չի ինա՞ն - հարցնում է։

- Դե գյուդում չըմ, վեր յորոնինք, կրվա լի։

Մատուցողուհին մտքերի մեջ է ընկնում։ Եղբայրն ու որդին առաջնագծում են՝ տարբեր ուղղություններում։ Պատերազմը ինչքան մեծ բեռ է դնում կանանց վրա։ Ամեն ինչ ընկել է նրանց ուսերին։

***

Մի քանի օրվա մառախուղից եւ անձրեւներից հետո այսօր արեւոտ էր։ Առավոտյան, երբ գնացի մի հատվածում բազավորված զինվորների մոտ, նրանք գետակում լվացվում էին։ Նրանց բանակային օրերը լցվել են ծանր պատմություններով, որոնց մեջ թեժ մարտեր են, ընկերների կորուստներ, ակնդետ հակառակորդի ուղղությամբ նայելով անցնող ժամեր։ Տղերքն արդեն գիտեն՝ իրենցից ով է առաջինը շրշյունը լսում, ով ամենալավ տեսողությունն ունի։ Երեկ հյուսիային սահմանում, երբ ապրիլի 2-ին սկսած մարտերի մասին էինք զրուցում, լեյտենանտ Գոռ Ավագյանը ասաց՝ չէինք իմանում՝ հաջորդ վայրկյանին ինչ կլիներ, վայրկյանը այդ պահին կյանք էր տանում նաեւ։ Ու առանց նույնիսկ իրար հետ պայմանավորվելու, յուրաքանչյուրը գիտեր՝ ինչն է իր անելիքը։ Հենց այդ մարտերի ընթացքում են իրար ճանաչել, նրանք անցան պատերազմի միջով եւ միանագամից դարձան ուրիշ մարդիկ, դարձան պատերազմի սերունդ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։