HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստան եկող տրանսֆերտները շարունակում են շեշտակի նվազել

Մարտին զուտ ներհոսքը 26%-ով կրճատվել է

Այս տարվա մարտին բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան կատարված մասնավոր տրանսֆերտները կազմել են մոտ 108 մլն դոլար։ Նույն ամսում Հայաստանից դեպի արտերկիր փոխանցվել է մոտ 70 մլն դոլար։ Արդյունքում երկրում մնացած տրանսֆերտների ծավալը՝ զուտ ներհոսքը, կազմել է ավելի քան 38 մլն դոլար։

Տրանսֆերտները մեծ ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսության վրա, քանի որ դրանք սովորաբար համեմատական են լինում երկրի բյուջեի ծավալի հետ։ Տնտեսության վրա ունեցած ազդեցությամբ այս դեպքում առավել կարևոր է հենց զուտ ներհոսքի ցուցանիշը։ Նախորդ տարվա մարտի համեմատ այն նվազել է մոտ 26%-ով։ Նվազումն առավել ակնհայտ է դառնում, երբ համեմատում ենք նաև 2014 թվականի մարտի ցուցանիշի հետ, ըստ որի ստացվում է, որ երկու տարում զուտ տրանսֆերտները կիսով չափ նվազել են։

Հիշեցնենք, որ տրանսֆերտների անկումը սկսվել է 2014-ի տարեվերջից, երբ նավթի համաշխարհային գների նվազման հետևանքով ռուսական ռուբլու դիրքերն ԱՄՆ դոլարի նկատմամբ թուլացան։ Դա անմիջապես ազդեց Հայաստան ուղարկվող տրանսֆերտների վրա, քանի որ դրանց գերակշիռ մասը ստացվում է Ռուսաստանից։ Այս տարվա մարտին կատարված զուտ տրանսֆերտների 63%-ի աղբյուրը Ռուսաստանն է։ Դրանք հիմնականում այն գումարներն են, որոնք այստեղի հարազատներին են փոխանցում Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած հայերը։ Իսկ 21,5%-ն ուղարկվել է ԱՄՆ-ից։ Տրանսֆերտների նվազումը խոսում է այն  մասին, որ այս տարվա մարտին Հայաստանում այդ գումարներով ապրող ընտանիքներն ավելի վատ՝ ավելի ոչ բարեկեցիկ են ապրել, քան  նախորդ տարվա նույն ամսում և շատ ավելի վատ, քան 2014-ի նույն ամսում։ Այդուամենայնիվ, մարտին մի փոքր ավելի լավ են ապրել, քան փետրվարին. նախորդ ամսվա համեմատ տրանսֆերտների զուտ ներհոսքը մարտին ավելացել է 9,3%-ով։

Տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ որպես կանոն՝ մարտին ավելի շատ գումար է փոխանցվում, քան փետրվարին։ Այսինքն՝ կապ ունի նաև ամիսն ու սեզոնը։ Դա է պատճառը, որ իրական աճը կամ նվազումը հասկանալու համար մեզ հարկավոր է համեմատել այս և նախորդ տարիների նույն ժամանակահատվածների ցուցանիշները։

Հինգ տարվա առաջին եռամսյակների կտրվածքով զուտ ներհոսքի ամենափոքր ծավալը գրանցվել է այս տարի

Այս տարվա առաջին եռամսյակում տրանսֆերտների ընդհանուր ներհոսքը կազմել է 273,2 մլն դոլար, արտահոսքը՝ 180,6 մլն դոլար, իսկ զուտ ներհոսքը՝ 92,6 մլն դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ընդհանուր ներհոսքը գրեթե չի փոփոխվել, արտահոսքն աճել է մոտ 9%-ով, իսկ զուտ ներհոսքը՝ կրճատվել 13,3%-ով։  

Ինչպես երևում է, վերջին հինգ տարվա առաջին եռամսյակների կտրվածքով զուտ ներհոսքի ամենափոքր ծավալը գրանցվել է այս տարի։  2014-ի առաջին եռամսյակի համեմատ, երբ տրանսֆերտների կտրուկ անկումը դեռ չէր սկսվել,  այն  նվազել է  մոտ 2,3 անգամ։

Ուշագրավ է, որ զուտ ներհոսքի նվազմանը զուգահեռ աճել է արտահոսքը։ Այսինքն՝ Հայաստանից դեպի արտերկիր մասնավոր տրանսֆորտների տեսքով սկսել են ավելի շատ գումար փոխանցել։ Արտահոսքի դեպքում ևս առյուծի բաժինը Ռուսաստանինն  է։ Այս տարվա առաջին  կիսամյակում Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել ընդհանուր առմամբ 86,4 մլն դոլար, դա 44%-ով գերազանցում է 2015-ի առաջին կիսամյակի  և մոտ 55%-ով՝ 2014-ի առաջին կիսամյակի ցուցանիշը։ Այսինքն՝ արտահոսքն աճել է դեպի Ռուսաստան ուղարկվող գումարի ավելացման հետևանքով։ Ստացվում է, որ Ռուսաստանից Հայաստան ուղարկվող փողը պակասել է, իսկ հակառակ ուղղությամբ՝ աճել։ Դա կարող է նշանակել, որ հայրենակիցները ուղարկվող գումարով փորձել են օգնել Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած իրենց հարազատներին, որոնք այնտեղ խնդիրների առաջ են կանգնել ռուբլու արժեզրկման հետևանքով։

Տրանսֆերտների նվազումը մի շարք բացասական հետևանքներ է թողնում ՀՀ տնտեսության վրա, քանի որ, որպես կանոն, հենց դրանք են ապահովում երկրում արտարժույթի ամենամեծ հոսքը։ Առաջին ազդեցությունը կրում են դրա հույսին ապրող ընտանիքները, որոնց գնողունակության մակարդակը կտրուկ ընկնում է։

Հիշեցնենք, որ 2015-ին արտերկրից Հայաստան կատարված ոչ առևտրային բնույթի մասնավոր տրանսֆերտները 2014-ի համեմատ կրճատվել են ավելի քան կես միլիարդ դոլարով պակասել են։

Տվյալները՝ ՀՀ կենտրոնական բանկի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter