
«Մամայի «ֆուտլյարը» կա, բայց մաման չկա». 7 երեխաների մայրն ուզում է մեկ հարկի տակ հավաքել բոլորին
Մարինե Մարտիրոսյան
«Աղասիկ, նայի՝ էստեղից թուրքը կրակում ա մեզ վրա, էս էլ մեր տունն ա: Է՜, Աղասիկ, ուշադիր»,- 5-ամյա Արմանն ավազի վրա փայտով գծեր է քաշում, հետո փայտն ավելի կոշտ է հպում գետնին, գծերը դառնում են ավելի արտահայտիչ: Ես ու Աղասը նայում ենք այդ գծագրությանը, իսկ Արմանը՝ մեզ: Ես ձայն չեմ հանում, Արմանը շարունակում է. «Հասկանո՞ւմ ես, թուրքեր կան, որ մեզ վրա կրակում են, մեր տան վրա կրակում են, ես էլ ուզում եմ իրենց վրա կրակեմ»: Եթե այս խոսքերն անձամբ լսած չլինեի, գուցե մտածեի, որ չափազանցված են:
Երկաթյա «դոմիկի» բակում ենք: Արմանը մոտենում է տնակի կողքին դրված անսարք հեծանիվին: Ասում է՝ նկարի ինձ: Ես և՛ նկարում եմ, և՛ խոսում եմ նրա հետ: Հետո Աղասն է վազում դեպի մեզ, փայտը ձեռքին, ասում է՝ «Արման, զենք եմ գտել, նայի»: Ծիծաղում ենք:
Արմանն ասում է, այս Նոր տարուն Ձմեռ պապին նամակ էր գրել, զենք էր ուզել, բայց այդպես էլ չի ստացել նվերը: Մտածում է՝ գուցե նամակը տեղ չի հասել: «Ես ամենաշատը զենք եմ ուզում, ուզում եմ զինվոր դառնամ»,- ասում է տղան: «Ինչի՞»,- դարձյալ հարցնում եմ նրան: «Ո՞նց թե, որ թուրքին կրակեմ»,- սա ասելուց հետո նա ինձ տանում է «դոմիկի» մետաղացանցի մոտ: Ձեռքը պարզում է այնպես, որ թվում է՝ երկարելու է ու հասնի դիմացի տներին: «Այ, էն սարի վրա են թուրքերը, էստեղ էլ մենք ենք, իրենք որ կրակեն, մենք էլ պիտի կրակենք, լա՞վ»,- շրջվում ու ինձ է նայում, ես դեռ նայում եմ նրա մեկնած ձեռքի ուղղությամբ:
Արմանի ընտանիքը բնակվում է Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում: Երկաթյա տնակը վարձակալել են, ինչի համար ամսական վճարում են 10.000 դրամ: Տնակում, բացի էլեկտրական հոսանքից, կոմունալ հարմարություններ չունեն: Ջուրը բերում են հարևանի բակից՝ և՛ խմելու, և՛ լողանալու, և՛ լվացքի համար: Ընտանիքի մայրը՝ Հայկուշն, ասում է՝ տնակի մշտական «բնակիչներից են» կարիճներն ու մորմերը. «Մորմերը լցվում են անկողինները, բակում ամռանն օձեր են հայտնվում»:
Ամենահետաքրքրասերը՝ Աղասին
Տնակը կտրված է մայրաքաղաքային ռիթմից: Այն, կարծես, ամայի տարածքում աճած միակ ծառը լինի, թեև դրա շուրջ կան տներ: Տնակ տանող ճանապարհին խոսում ենք Հայկուշ Խաչատրյանի հետ: Նա 30 տարեկան է: Արդեն 7 երեխա ունի:
Հայկուշն ասում է՝ իր կյանքի պատմությունը բարդ է, գուցե շատերը չհասկանան: 14 տարեկանում փախցրել են: Առաջին ամուսնու հետ չէին զագսավորվել, համատեղ ապրել են 12 տարի, 5 երեխա ունի նրանից՝ Սոնան, Հրաչը, Հայկազը, Հայկը, Արմանը: Թե ինչու բաժանվեցին, լռում է, հետո նշում է, որ պատճառ ուներ, որը չի ուզում հրապարակային ասել:
35-ամյա Ֆելիքս Գրիգորյանը նրա երկրորդ ամուսինն է: Ամուսնացել են 2012 թ.-ին, շեշտում է, որ Ֆելիքսի հետ զագսավորվել են, ամուսնությունից երկու երեխա ունեն՝ Աղասին ու Արմենը: Հայկուշը Ֆելիքսի երկրորդ կինն է, նա առաջին ամուսնությունից երկու աղջիկ ունի:
Ամենակրտսերը՝ Արմենը
«Այ տենց բարդ պատմություն ա»,- ասում է Հայկուշը: 4 երեխաները չեն ապրում նրա հետ, քանի որ մնալու տեղ չունեն: Երեխաներին խնամում է առաջին ամուսնու մայրը: Ասում է՝ «իրենից այնքան գոհ ու շնորհակալ եմ»:
Տնակում խոնավ է, հատակը՝ խարխուլ: Ցախանոցի նմանվող սենյակում խառն իրեր են դրված: Խոհանոցը մի սեղանին դրված լվացած ափսեների կույտն է: Սենյակի մեջտեղում երեխաների «բաղնիքն է», այդտեղ է մայրը լողացնում նրանց: 1 տարեկան 4 ամսական Արմենը վազում է ջրի տարայի հետևից, վերցնում է ու շրջում սենյակում:
Հայկուշը հիմա աշխատանք չունի, բայց մինչև ամուսնությունն աշխատում էր: «Ես աշխատող եմ, գյուղատնտեսական գործեր էլ եմ արել, բայց հիմա էրեխեքիս նայող չկա, թե չէ կաշխատեմ»,- նշում է նա: Ամուսիններն ուզում են, որ երեխաները մանկապարտեզ գնան, բայց մոտ մանկապարտեզներում ասել են, որ տեղ չունեն: Արմանի համար 3 տարի առաջ է մայրը հերթագրվել, բայց մանկապարտեզից պատասխանել են, որ դեռ տեղ չունեն:
Տունը «թուրքերից պաշտպանող» Արմանը
Երեք երեխաների համար ստանում են 35.000 դրամ նպաստ: Դա ընտանիքի միակ կայուն եկամուտն է: «Ֆելիքսը մշտական աշխատանք չունի, օրը որտեղ պատահի աշխատում է: Հիմնականում շինարարության վրա է, էս մի քանի օրն էլ սվարկա է անում»,- բացատրում է Հայկուշը: Կնոջ պատմելով՝ ամուսինը 2003 թ.-ին բարձրությունից ընկել է, գլխի և ողնաշարի տրավմա է ստացել: Սկզբից 2-րդ, հետո՝ 3-րդ կարգի հաշմանդամություն են գրանցել, այնուհետ անվավեր են համարել կարգը՝ ասելով, որ արդեն բուժվել է: Չնայած դրան, մինչ օրս մեջքի շրջանում ցավեր ունի:
![]() |
![]() |
Մեր զրույցի ընթացքում ուրիշ շերտեր են բացվում: Ֆելիքսի ասելով՝ 2007-ին պայմանագրային ծառայության էր անցել զինված ուժերի զորամասերից մեկում: «Սպեցնազում եմ եղել, հաշվարկի հրամանատար, հետախույզ»,- ավելացնում է նա: Սակայն երկար չի ծառայել, որովհետև դատական պատմություն մեջ է ընկել: «Էնպիսի ընկերներ ունեի, որ գլխիս սարքեցին, մեծ պրոբլեմի մեջ ընկա, իրենք էլ ազատվեցին ծառայությունից: Իմ վրա գրեցին ամեն ինչ, ես ամեն ինչ գիտեի, բայց ոչ մի բան չեմ ասել»,- պատմում է Ֆելիքսը: Դատարանը 5 տարով ազատազրկել է նրան, սակայն 4 տարի եւ 7 ամիս հետո համաներմամբ ազատե է արձակվել: Բանտից դուրս գալուց հետո էլ ամուսնացել է Հայկուշի հետ:
Ազատազրկման մեջ անցկացրած տարիները Ֆելիքսի կյանքում այն սև կետն են, որը խանգարում է աշխատանքի ընդունվելու հարցում: Ֆելիքսն ասում է՝ դիմել է Արարատի զորամասերից մեկին, որ ծառայության ընդունեն, բայց նշված հանգամանքը խանգարում է: Ասում է, որ վերստին դիմելու է պաշտպանության նախարարություն, բայց մտածում է, որ մեկ է, կասեն «դատված ես» ու էլ չեն ընդունի: Տխուր ժպտում է. «Ես հոգնել եմ էս վիճակից, վատ ապրելուց»: Ընտանիքի հայրը շեշտում է, որ զինծառայությունը միակ հնարավորությունն է՝ կայուն եկամուտ ունենալու ու կյանքը բարվոք հուն տեղափոխելու համար:
Հայկուշն ասում է՝ իր կյանքի երազանքը 7 երեխաներին մի հարկի տակ հավաքելն է: «Հիմա ես ի՞նչ եմ իմ երեխաների համար: Ոնց որ մամա «ֆուտլյար» լինեմ, հա, կամ, իմ երեխաներն են, բայց ինձ հետ չեն ապրում»:
Տնակը փոքր է, Աղասն ու Արմանը, որ մի մահճակալում են քնում, արդեն բողոքում են:
Հայկուշի ծնողներն այս օրերին Արցախի առաջնագծում են: Կամավորներ են:
Լուսանկարները՝ Վահե Սարուխանյանի
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել