
Վարկային կազմակերպությունների գործերը լավ են
2015 թվականի ընթացքում Հայաստանում գործող վարկային կազմակերպությունները (ՎԿ) ապահովել են ակտիվների, պարտավորությունների և ընդհանուր կապիտալի զգալի աճ: Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) 2015 թվականի Ֆինանսական կայունության մասին հաշվետվության տվյալները։
ՎԿ-ները, հիշեցնենք, ՀՀ ֆինանսական համակարգի երկրորդ խոշոր հատվածն են, որոնց ակտիվները, նախորդ տարվա տվյալներով, կազմել են ֆինանսական համակարգի ակտիվների 8%-ը: Համակարգում առյուծի բաժինը բանկերինն է։
Նախորդ տարի ՎԿ-ների ընդհանուր կապիտալի աճի տեմպը 5,9 տոկոսային կետով գերազանցել է ընդհանուր ակտիվների աճի տեմպը, ինչի արդյունքում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշն ավելացել է 2,1 տոկոսային կետով և կազմել 42, 8%:
Իսկ շահույթը՝ հաշվարկված ՖՀՄՍ-ի համաձայն, կազմել է 10,2 մլրդ դրամ։ Ընդ որում, տարվա ընթացքում շահույթով են աշխատել 24, իսկ վնասով՝ 8 վարկային կազմակերպություններ: Նախորդ տարվա համեմատ՝ ըստ ակտիվների (RoA) և ըստ կապիտալի (RoE) շահութաբերության ցուցանիշները նվազել են 0,5 և 1,8 տոկոսային կետով՝ կազմելով համապատասխանաբար 3,6% և 10,3%:
Աղբյուրը՝ ՀՀ կենտրոնական բանկ
Այսպիսով, 2015-ին ՎԿ-ների ակտիվներն աճել են 14,7%-ով, պարտավորությունները՝ 10,6%-ով, կապիտալը 20,6%-ով, իսկ զուտ շահույթը՝ 4,8%-ով։
Չաշխատող վարկերի կշիռն աճել է
2015 թվականին վարկային պորտֆելում չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռն աճել է 0,4 տոկոսային կետով և կազմել 6,6%: Չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռը համեմատաբար բարձր է սպառողական, գյուղատնտեսության և առևտրի վարկերում՝ համապատասխանաբար 18%, 11,1% և 10,2%:
Իսկ ինչ վերաբերում է վարկային պորտֆելի ծավալներին, ապա՝ ավելի վաղ ներկայացրել ենք, թե ՎԿ-ների, և թե բանկերի կողմից տրամադրվող վարկերի ծավալներն՝ ըստ տնտեսության ճյուղերի։ Իսկ ԿԲ-ի ներկայացրած նոր հաշվետվության մեջ առկա ցուցանիշները հնարավորություն են տալիս ավելի պատկերավոր հասկանալ, թե 2013 թվականից սկսած ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել ՎԿ-ների վարկային պորտֆելը։
ԿԲ-ն շեշտում է, որ ըստ տարբեր սթրես-սցենարների` վարկային կազմակերպությունները լիովին ունակ են կլանելու հնարավոր վնասները:
Հիշեցնենք, որ ըստ ԿԲ-ի՝ Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել կայունությունը։
Մեկնաբանել