
Ղարաբաղյան նոթեր. հունիսի 7
Հասնում ենք հարավ-արեւելյան սահմանի զորամասերից մեկի հրամանատարական կետը։ Պետք է որոշենք, թե որ դիրքերն ենք գնալու։ Հրամանատարի տեղակալ Լ․ Բաղդասարյանն ասում է, որ պարգեւատրված զինվորներ ունեն, որոնց պարգեւները դեռ չեն հանձնել, եւ առաջարկում է գնալ այն դիրքը, որտեղ այս տարվա մարտի 8-ին հակառակորդը դիվերսիոն գործողություն է իրականացրել։ Պարգեւատրվող զինվորը դիվերսիան հետ մղողներից մեկն էր։
Մթության մեջ դիրքի ուղղությամբ եկող դիվերսանտներին ջերմադիտարկման սարքով են նկատել։ Հրամանատարը զինվորներին հրահանգել է չկրակել, թողնել՝ հակառակորդն առաջ գա դեպի մեր դիրքերը։ Սակայն ինչ-որ մի պահի դիրքից մոտ 200 մետր հեռավորության վրա դիվերսանտները կագնել են եւ մի քանի րոպեից հետո սկսել են հետ գնալ։ Հրամանատարն այդ ժամանակ հրամայել է կրակ բացել։ Հակառակորդը երկու զոհ է տվել, եւ մեկը վիրավորվել է։
Այդ գործողության ժամանակ աչքի է ընկել գնդացրային ջոկի հրամանատար Վլադիմիր Խեչոյանը։ Ու հիմա գնում ենք՝ ներկա լինելու Մարտական ծառայության մեդալը հանձնելու արարողությանը։
Ճանապարհին` դիրքերից մեկում, մեզ է սպասում գումարտակի հրամանատարը՝ Վարդան Կուջոյանը։ Մինչեւ կհասնենք պայմանավորված հատվածը, հրամանատարի տեղակալը՝ Լ․ Բաղդասարյանը, պատմում է գումարտակի հրամանատարի մասին։ Ասում է՝ 8 տարի երեխա չի ունեցել։ Ապրիլի սկզբին զույգ է ունեցել։ Երեխաների ծնվելու հաջորդ օրը սկսվել են ռազմական գործողությունները, եւ նա Երեւանից վերադարձել է սահման։
Երբ հասանք գումարտակի հրամանատարի հետ հանդիպման վայրը, Լ․ Բաղդասարյանն արդեն նրա մասին տարբեր պատմություններ էր ներկայացրել։ Ու ծանոթանալուց հետո, երբ հարցրի տարիքի մասին, ասաց՝ 2 ամիս, 6 օր, 8 ժամ։ Հետո նա ցույց տվեց դուստրերի լուսանկարը։
Վարդան Կուջոյանը ծառայության մեջ է 17 տարի, որից 13-ը՝ առաջնագծում։ Նա պատմում է իր զինվորների մասին, թե ով ինչ է արել՝ դիվերսիան հետ մղելու ժամանակ։ Ասում է՝ տղերքը իրենց պարտականություններն են կատարել, այդպես էլ պետք է լիներ։
![]() |
![]() |
Վլադիմիր Խեչոյանը պատմում է, որ դիվերսանտները տասը հոգի էին։ Ինքն այդ ժամանակ դիրքի ավագ հրաձիգն էր, գնդացրորդը։ Վլադիմիրը ավարտել է Մասիս քաղաքի գյուղատնտեսական քոլեջը։ Հարցնում եմ՝ ինչ է անելու զորացրվելուց հետո։ «Դեռ չգիտեմ, բայց ուզում եմ սովորել»,- ասում է Վլադիմիրը։
Զինվորները դիրքում անպայման ուզում են հյուրասիրել իրենց պատրաստած սուրճը։ Նրանք ձգում էին ժամանակը, ինչ-որ մի փուլի արդեն իրենք էին սկսում հարցեր տալ։
Գլխավոր լուսանկարում Վարդան Կուջոյանն է
Լուսանկարները՝ Անահիտ Հայրապետյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել