HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քանե՞ կլոխ պիտի վեր անիմ, վըր մի ցակատի փող աշխատիմ»,- վարսավիրության մասին ասում է դարբինը

Դարբին Արթուր Աբաղյանը, դարբնոց մտնելով, ասում է՝ ինչ ուզեք, կպատրաստեմ, բայց հարցեր մի տվեք: Կրակ է վառում, հետո փուքսը գործի դնում. «Հինչ ասիք, կսարքիմ, մինակ խոսիմ վեչ (ինչ ասեք կսարքեմ, միայն չխոսեմ)»:

Հադրութի Մեծ Թաղեր գյուղի դարբնոցը, որտեղ աշխատում է Արթուրը, կոկիկ մեծ սենյակի է նման: Անձրևից հետո կրակի ջերմությունը հաճելի է: Ձեռքերս մեկնում եմ, որ տաքանամ: Արթուրը գլուխ կախ իր գործն է անում: Երբ նկատում է, որ լուսանկարում են, ժպտում է, թե՝ մի նկարեք: Գրեթե չի խոսում մեզ հետ, առհասարակ զրույցը չի սոսնձվում: Անընդհատ հարցեր եմ տալիս, իսկ նա՝ հատուկենտ կցկտուր պատասխաններ: «Քիչ խոսողները շատ բան կունենան ասելու»,- դիմում եմ նրան: Ժպտում է, բայց չի պատասխանում: «Իի՜, ես շատ խոսող չըմ, մի պեն ասիս՝ շինիմ, բայց խոսիմ վեչ»,- շարունակում է դարբինը: Մուրճի հարվածները խլացնում են նրա պատասխանները: Երբ դարբնոցից դուրս ենք գալիս՝ սուրճ խմելու, Արթուրն սկսում է խոսել: Հետո հասկանում եմ, որ պատճառը ձայնագրիչն էր:

Ասում է՝ 20 տարեկան էր, որ սկսել է սովորել դարբնություն: Մի արհեստ պիտի ընտրեր, դրա վրա է կանգ առել: Դարբնություն սովորել է ինքնուրույն, վարպետ չի ունեցել: Որոշ ժամանակ իրենց տանն արհեստանոց ունեին, աշխատում էր եղբոր հետ: Հիմա մենակ է գործ անում ու արդեն ոչ տանը:

«Էդ չաքուչդ վըր էդքան թըխկցնում ըս, անջուկներդ ցավո՞ւմ չըն (մուրճդ որ այդքան թխկացնում ես, ականջներդ չե՞ն ցավում)»,- հարցնում է լուսանկարիչ Քնարը: Արթուրը ծիծաղում է, թե՝ «պա հինչ են անում»: Զրույցի մթնոլոտը քիչ-քիչ փոխվում է: Նայում եմ Արթուրի մարզակոշիկներին՝ Հայաստանի դրոշով, կատակում եմ՝ «ռամզահայրենասիրական» կոշիկներ ես հագել: Արթուրը թե՝ հա, մեր շենի խանութից եմ առել, 2500 դրամ է: Հետո նայում է մարզակոշիկներին: Սկսում ենք «զննել» դրանք, Արթուրը թե՝ «համոթ ա, է, մհենգ ալ կոշիկներս ըք նկարելու (ամոթ է, է, հիմա էլ կոշիկներս եք նկարելու)»:

Դարբինի կյանքն էլ տարեցտարի փոխվում է: Արհեստավորի գործը առաջ էր լավ, հիմա տեխնոլոգիան զարգացել է: Մի ժամանակ (դա, կարծես, վաղ անցյալի մասին է, բայց 10-15 տարի առաջվա մասին է խոսքը) Մեծ Թաղերում դարբիններ շատ կային, հիմա երեք-չորսը հազիվ կլինեն:

Զրույցի ընթացքում Արթուրը ձիու պայտի մեխեր էր պատրաստում: Ասում է՝ նախկինում գյուղում 100-ից ավելի ձի կար, հիմա երևի 4-5 հատ կլինի. «Մհենգ ձի չկա, լոխ մաշինավըն (հիմա ձի չկա, բոլորը մեքենայով են)»: Մի ձին պայտում է 3.000 դրամով: Հիմնականում մեխեր է պատրաստում, հողագործական գործիքներ, ցակատ: Ցակատի արժեքը 5.000 դրամ է:

Չնայած կյանքը փոխվել է, գյուղում մեքենաները շատացել են, դարբնությունը, Արթուրի ասելով, հարգի արհեստ է: 5 տարեկան որդի ունի: Ասում է՝ չգիտի, ընտրելո՞ւ է իր արհեստը, թե՞ չէ: Հարցում ենք՝ գյուղում ինչպես են իրեն դիմում, մականուն ունի՞, ասում է՝ չէ, իրեն գիտեն որպես դարբին Արթուր: Նախորդ ամիս առաջնագիծ էր գնացել: Սահմանի անհանգիստ վիճակը երկատում է մարդկանց՝ մի ոտքը սահմանին է լինում, մյուսը՝ գյուղում:

Դարբնությունից բացի՝ Արթուրը վարսավիրություն գիտի: Հարցնում ենք՝ եթե դարբնի գործը դժվար է, գուցե վարսավիրությամբ պիտի զբաղվեր: «Ես քանե՞ կլոխ պիտի վեր անիմ, վըր մի ցակատի փող աշխատիմ (քանի՞ գլխի մազ պիտի կտրեմ, որ մի ցակատի փող աշխատեմ)»,- պատասխանում է Արթուրը: Բոլորս ծիծաղում ենք:

Դարբինը, մեխերն արագ-արագ կռելով, մի կողմ է դնում: Գործ ավարտելուց հետո, երբ դուրս ենք գալիս արհեստանոցից, մուտքի մոտ է կանգնում, ցույց տալիս պատին փակցված հուշատախտակը գյուղի հայտնի դարբինների անուններով: Հարցին, թե կուզեր արդյոք, որ իր անունն էլ հայտնվեր նրանց շարքում, պատասխանում է՝ դեռ շուտ է:

Լուսանկարները՝ Քնար Բաբայանի, Վահե Սարուխանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter