
Կոտայքի պետգնումներում խոշոր խաղացողները. 33,6 մլն դրամ՝ Արամ Հարությունյանի ընկերությանը
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի ընկերությունները շարունակում են առանց մրցույթների գումարներ ստանալ պետական բյուջեից և ծրագրեր իրականացնել հայրենի մարզում և համայնքում:
Կոտայքի մարզի համայնքների առաջնահերթ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ 2015թ.-ին հատկացվել է 470 մլն դրամ: Այս գումարի առյուծի բաժինը՝ ավելի քան 202 մլն դրամն ուղղվել է մարզի ներհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, 167 մլնը՝ առողջապահական ոլորտին, 51 մլնը՝ դպրոցաշինությանը, իսկ մնացյալ փոքր մասն ուղղվել է ջրամատակարարման ոլորտի վերանորոգումներին:
Վերանորոգվել են Հրազդանի, Չարենցավանի, Բյուրեղավանի, Առինջի, Լեռնանիստի, Պռոշյանի, Եղվարդի և ծաղկաձորի ներհամայնքային ճանապարհները:
Ճանապարհաշինության կամ վերականգնման աշխատանքների պայմանագրեր կնքվել են երկու խոշոր խաղացողների հետ՝ «Բալահովիտ-1» ՍՊԸ-ի և «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ի հետ:
Կոտայքի մարզում պետական գնումներով՝ առանց մրցույթների ծրագրեր իրականացնող ընկերությունները և նրանց ստացած գումարները պետական բյուջեից:
«Բալահովիտ-1» ՍՊԸ-ի սեփականատերը Ռուբիկ Սերյոժայի Բաղդասարյանն է՝ գրանցված Կոտայքի մարզի Կապուտան գյուղում: Նա նաև ընկերության ղեկավարն է՝ տնօրենը: Ընկերությունը վերանորոգել է Հրազդանի, Չարենցավանի, Բյուրեղավանի, Առինջի ներհամայնքային ճանապարհները: Կոտայքի մարզպետարանի հետ կնքել է ավելի քան 140 մլն դրամի պայմանագիր: Վերանորոգել է նաև Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցի բացօթյա մարզադաշտը՝ 5 մլն դրամի հասնող գումարով:
«Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն իրականացրել է Եղվարդի և Պռոշյանի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում: 2015-ին «Նաիրիի ՃՇՇ»-ին 29 մլն դրամի հասնող գումարով նորոգել է Եղվարդի ներհամայնքային ճանապարհները: Իսկ 5 մլն դրամով վերանորոգել է Պռոշյանի ներհամայնքային ճանապարհները:
Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, «Նաիրիի ՃՇՇ» ԲԲԸ պետական ընկերությունը սեփականաշնորհելուց հետո Արամ Հարությունյանն այնտեղ խոշոր բաժնետեր է՝ 99,9 %: Արամ Հարությունյանն իր հայրենի գյուղի ճանապարհների համար առաջին անգամը չէ, որ գումար է ստանում: 2014թ.-ին էլ Եղվարդի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման համար 23 մլն դրամի պայմանագիր էր կնքել «Նաիրիի ՃՇՇ»-ի հետ:
Դպրոցաշինության ոլորտում խոշոր ծրագիրը եղել է Նոր Հաճնի թիվ 3 հիմնական դպրոցի հիմնանորոգումը, որի համար մարզպետարանը ավելի քան 23 մլն դրամի պետական գնման պայմանագիր է կնքել «Աշկար» ՍՊԸ-ի հետ: Այս ընկերության սեփականատերն էլ ՀՀԿ Ֆանտանի սկզբնական կազմակերպության նախագահ հռչակված (համաձայն ՀՀԿ կայքի) Տարոն Մարտունու Եփրեմյանն է՝ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղից:
Կոտայքի մարզումիրականացված ծրագրերը և դրանց արժեքը
Հիշեցնենք՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը քանի դեռ պաշտոնավարում էր Կոտայքում, 2014-ին մարզում խոշոր ծրագրերն իրականացրել էր իր ընկերություններով:
Հայաստանի կառավարության կողմից 2014 թվականին Կոտայքի մարզի համայնքների առաջնահերթ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ հատկացվել է շուրջ 731 մլն դրամ: Նախկին մարզպետը այդ գումարից շուրջ 240 մլն դրամը տրամադրել էր իր ընկերություններին:
Մեկնաբանել