HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա Ամուլսարից. մաս 2

մաս 1

Կպահպանի՞ արդյոք Ջերմուկը առողջարանային քաղաքի վարկանիշը Ամուլսարի գործարկումից հետո

Հարցին Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը պատասխանում է հարցով. «Իսկ ինչու՞ չպիտի պահպանի»: Քաղաքապետը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վտանգների ու շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության մասին տեղեկացված է այն չափով, որ չափով եղել են իրազեկումներ, հանրային քննարկումներ, բնապահպանների ահազանգեր, տարբեր ուսումնասիրություներ այդ թեմայով: Չորս տարի առաջ շատ ավելի էր անհանգստացած, քան հիմա՝ ասում է. «Եթե զգանք, որ վտանգ է սպառնալու Ջերմուկին՝ ոտքի կկանգնենք, իսկ հիմա դեռ սպասում ենք, մանավանդ որ բուն աշխատանքները դեռ սկսված էլ չեն եւ Գեոթիմն էլ իր ասելով, հնարավոր ամեն ինչ անում է ռիսկերի նվազեցման ուղղությամբ»:

2012թ-ից 2014թթ.-ին տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հիմնականում դեմ է արտահայտվել զբոսաշրջային քաղաքի հարեւանությամբ հանքավայրի շահագործման ծրագրին՝  հայտարարելով, որ իրենք ոսկի ունեն, դա ջերմուկ հանքային ջուրն է, եւ ուրիշ ոսկի իրենց պետք չէ: Նա միաժամանակ մտավախություն էր հայտնել, թե հանքարդյունաբերության պատճառով տուժելու է զբոսաշրջությունը: Երկու տարի անց՝ չժխտելով նախկինում արված հայտարությունները՝ քաղաքապետն այժմ խոսում է «եթե»-ներով:

Վարդան Հովհաննիսյան

«Եթե աշխատի հանքը, որ քաղաքից հեռու է 12 կմ, եթե չվնասի մեր քաղաքին, արտառոց փոփոխություններ չլինեն, չեմ կարծում, թե տուրիստներ չգան Ջերմուկ: Հետո, գիտե՞ք ինչ կա, ես բազմիցս լրագրողներին խնդրել եմ, որ դեռ ինչ-որ խնդիրներ չեղած, Ջերմուկի անունը մի հոլովեք, որովհետեւ դա տուրիստի վրա ազդում է: Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե խնդիրներ եղավ, առաջին կրողները մենք ենք լինելու: Բայց եթե հանքը վնասի Ջերմուկին, մենք ամբողջ քաղաքով դուրս ենք գալու հանքի դեմ,- պնդում է Վարդան Հովհաննիսյանը,- մենք բազմիցս հարցրել ենք Գեոթիմին, թե կա՞ աշխարհում մի վայր, որտեղ գոյատեւում են կողք կողքի հանքն ու քաղաքը, ասել են՝ կա: Եթե չենք տուժելու, եթե ընդհակառակը ավելի լավ է լինելու, նոր աշխատատեղեր են բացվելու, ներդրումներ են անելու, ինչո՞ւ չէ, մանավանդ որ ասում են` աշխարհում դրա օրինակը կա, որ առողջարանային քաղաքի կողքին հանք գործի»:

«Գեոթիմի» ներկայացուցիչներն իրենց ընդդիմախոսներին հակադրվելիս սովորաբար զուգահեռներ են անցկացնում Ամուլսարի եւ Կոլորադո նահանգում գտնվող Կրիպլ Կրիկ հանքավայրի միջեւ: Նշվում է հատկապես Կրիպլ Կրիկի ոսկու կորզման ֆաբրիկայում կիրառվող կույտային տարալվացման մեթոդի մասին: Նույն մեթոդը պատրաստվում է կիրառել նաեւ «Գեոթիմը»: Սակայն, ի տարբերություն Ամուլսարի, Կրիպլ Կրիկ հանքավայրում գրեթե ողջ ոսկին գտնվում է ազատ վիճակում եւ կարող է հեշտորեն տարալվացվել ցիանիդով, առանց հանքաքարի մանրացման: Կրիպլ Կրիկում սուլֆիդային հանքաքարեր գրեթե չկան՝ ի տարբերություն Ամուլսարի:

Կրիպլ Կրիկ հանքավայրից շուրջ 70 կմ հեռավորության վրա գտնվում է առողջարանային Կոլորադո-Սփրինգս(Colorado Springs) քաղաքը, որ հիմնադրվել է 1871թ-ին: Կոլորադո-Սփրինգսն աշխարհում հայտնի է` որպես առողջարանային եւ ձմեռային տուրիզմի կենտրոն: Այստեղ տուրիստական 50 ուղղությունների թվում հիշատակվում է նաեւ Կրիպլ Կրիկը` որպես հանքագործների քաղաք:

Ջերմուկ-Ամուլսարի եւ Կրիպլ Կրիկ-Կոլորադո Սփրինգսի համեմատության ծիրում Ջերմուկ առողջարանային քաղաքը տանուլ է տալիս, քանի որ հանքավայրից գտնվում է ոչ թե 70 կմ, այլ ընդամենը 12 կմ հեռավորության վրա:

Արդյո՞ք Ջերմուկում բողոքի ալիքի նվազման պատճառը «Գեոթիմի» ներդրումային ծրագրերն են

Ջերմուկում Ամուլսարի ծրագրի դեմ բողոքի ալիք բարձրացավ մոտ 4 տարի առաջ: «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացական նախաձեռնությունը նամակով դիմեց երկրի նախագահին, որտեղ մանրամասն ներկայացված էր ջերմուկցիների մտահոգությունները հանքի գործարկման պարագայում շրջակա միջավայրին եւ մարդկանց առողջությանը հասցվող հնարավոր վնասների մասին:

Տարատեսակ բողոքի ակցիաների, հանրային քննարկումների «շոշափելի» արդյունքն եղավ Ջերմուկի՝ 2016թ. մայիսին պաշտոնապես ազդակիր համայնքների շարքում դասվելը եւ «Գեոթիմի» կողմից մի քանի ներդրումային ծրագրերի իրականացումը: Մինչ այդ հանքարդյունաբերող կազմակերպությունը, որպես ազդակիր համայնքներ, դիտարկում էր միայն Սյունիքի մարզի Գորայք եւ Վայոց ձորի մարզի Սարավան, Գնդեվազ համայնքները:

«Գեոթիմի» կողմից Ջերմուկում իրականացված ներդրումային ծրագրերից են Արվեստի դպրոցի եւ Զատիկ մանկապարտեզի վերանորոգումը՝ համապատասխանաբար 52 եւ 45 մլն դրամ ներդրումով, 1,2 մլն դրամ հատկացվել է Ջերմուկի ավագ դպրոցի բացօթյա սպորտային հրապարակի կառուցմանը: 24 մլն դրամ «Գեոթիմը» հատկացրել է Ջերմուկի զարգացման հիմնադրամին եւ 15 մլն դրամ` բարեկարգման ծրագրերի իրականացման համար:

Ջերմուկի զարգացման հիմնադրամի ստեղծման գաղափարը Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին է: Հիմնադրամի ղեկավարը քաղաքապետի որդին է՝ Գեւորգ Հովհաննիսյանը: Քաղաքապետն ասում է, որ դա սիմվոլիկ աշխատավարձով պաշտոն է՝ ընդամենը 40 հազար դրամ են նախատեսել, իսկ տղայի նշանակումն էլ բացատրում է նույն հանգամանքով:

«Որոշեցինք այլ մարդ չընդունել աշխատանքի, որ ստիպված չլինեինք նաեւ բարձր աշխատավարձ նշանակելու եւ հիմնադրամ եկած գումարներն իր նպատակին կարողանայինք ծառայեցնել»,- նկատում է քաղաքապետը՝ ժխտելով տարածված լուրերը, թե ծրագրի դեմ պայքարից հետ նահանջը պայմանավորված է «Գեոթիմի» կողմից հիմնադրամ 40 մլն դրամ փոխանցումով ու սոցիալական ծրագրերի իրականացումով:

«Ջերմուկի բյուջեն միշտ դիֆիցիտային է,- բացատրում է քաղաքապետը,- 234 մլն դրամ է այս տարի, որից 68 մլն-ը դոտացիան է, աշխատավարձի ֆոնդը կազմում է 135,6 մլն: Մեր ծախսը խոշոր քաղաքների չափ է, բայց բյուջեն փոքր է: Որպես զբոսաշրջային եւ առողջարանային քաղաք` հարկ է, որ ներկայանալի լինենք ամեն առումով՝ սկսած լուսավորությունից, վերջացրած մաքրությունով, իսկ դրանք գումարներ են: Դրա համար ցանկացած ներդրումային ծրագիր ողջունելի է»:

«10 տարի հետո Ջերմուկը առողջարանից կվերածվի հանքագործների քաղաքի»

Ջերմուկցի Արմեն Վարդանյանի համոզմամբ հանքի շահագործման հետ կապված ջերմուկցիները քիչ են տեղեկացված: Ջերմուկի հետագա զարգացումը, որպես առողջարանային քաղաքի, քիչ հավանական է համարում:

«10 տարի հետո Ջերմուկը առողջարանից կվերածվի հանքագործների քաղաքի: «Գեոթիմն» արդեն իսկ վարձել է «Ջերմուկ աշխարհ» առողջարանը, որ իր աշխատողներն այնտեղ ապրեն՝ մոտ 1000 հոգի, ու դրանք դրսից եկածներն են լինելու: Պատկերացնու՞մ եք ինչի է վերածվելու էս քաղաքը, էլ ո՞վ կգա էստեղ հանգստանալու»,- մտահոգվում է Արմեն Վարդանյանը:

Հանքի շահագործումը Ջերմուկի 57-ամյա բնակիչը համարում է քաղաքակիրթ ցեղասպանություն: Նա եւ իր ընկերները չեն հավատում «Գեոթիմի» «պատասխանատու հանքարդյունաբերություն» կարգախոսին:

«Ուզում ենք, որ հանքը շահագործողները ապահովագրեն թե՛ մեզ, թե՛  շենք-շինությունները,- շեշտում է Արմեն Վարդանյանը,- ես վստահ չեմ, թե մեր քաղաքի բնակիչները լիարժեք գիտակցում են հանքի վնասակարությունը: Էդ հանքը «Գեոթիմը» կշահագործի, ոսկին կհանեն, որոշները կհարստանան, իսկ մեզ բաժին կթողնեն հիվանդությունները»:

Արմենին չի հուսադրում նաեւ Lydian International LTD-ի գործադիր փոխնախագահ Դիդիե Ֆոլենի հավաստիացումները, թե հանքի շահագործումից հետո պոչամբար չի լիելու: Դիդիե Ֆոլենի պնդմամբ` կույտային տարալվացման հարթակը պոչամբար չէ: Ժամանակակից հարթակը, որ պատրաստվում են կիրառել Ամուլսարի դեպքում, նախագծվել է 20 տարի առաջ եւ հնարավորություն կտա խուսափել այն խնդիրներից, որոնք կարող են առաջանալ պոչամբարի դեպքում:

Արմեն Վարդանյանը համարում է, որ գերադասելի կլիներ պոչամբարը, քան ցիանային մշակման այն եղանակը, որ առաջարկում է «Գեոթիմը»:

«Իրենք ցնցուղի ձեւով են օգտագործելու ցիանային շիթը՝ բաց եղանակով, իսկ դա նշանակում է, որ քամին էլ իր հերթին այն տարածելու է օդում: Մարդկանց շնչառական ուղիների, թոքերի հիվանդություններ են զարգանալու: Գուցե սկզբնական շրջանում չզգանք, բայց մեկ է՝ վտանգը մեծ է, ապագա սերունդն է վտանգի տակ, որեւէ մեկ չի մտածու՞մ մեր հղիների մասին: Իրենք ասում են պոչամբարը վտանգավոր է՝ իրենց մեթոդն անվտանգ, բայց երաշխիքներ չկան»:

Ոսկու կորզման ցիանային եղանակի վտանգները

Ցիանիդային եղանակով ոսկու կորզումն աշխարհում շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը, թեեւ մշտապես գրվում ու խոսվում է այս եղանակի վտանգավորության մասին: Խնդրի մասին մշտապես ահազանգում են բնապահպանները:

լուսանկարը` redskynews.com

1992 թ-ին ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Սամիտվիլ քաղաքի մերձակայքում ցիանիդային հեղուկի արտահոսքի պատճառով Ալամոս գետի շուրջ 27 կմ հատվածի աղտոտումից ոչնչացավ ողջ ձկնատեսակը: Բնապահպանական վնասը գնահատվեց 150  մլն դոլար:

1998 թ-ին Ղրղզստանում (նախկին Կիրգիզիա) Կումտոր հանքավայր 20 տոննա ցիանիդային հեղուկ տեղափոխող մեքենան կամուրջից ընկավ գետը՝ թունավորելով Բարսկոնե գետը եւ Իսսիկ-Կուլ լիճը: 2011թ.-ին Ղազախստանում Սեկիսովկա գյուղի մոտ գտնվող ոսկու հանքի պոչամբարում տեղի ունեցած վթարի հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատվեց 1 մլրդ տենգե:

 2000 թ-ի հունվարի 30-ին Ռումինիայի Բայա Մարե քաղաքի մոտ շահագործվող ոսկու հանքավայրի պոչամբարի պատնեշի փլուզման հետեւանքով 100 տոննա ցիանիդային թափոնը լցվեց նախ Սոմեշ գետը, հետո հասավ Հունգարիայի մեծությամբ երկրորդ Տիսա գետը, այնուհետեւ թունավոր թափոններն հասան մինչեւ Դանուբ՝  թունավորելով 3 գետերի շուրջ 400 կմ հատվածը: Հանքավայրը շահագործող ավստրիալական Esmeralda Exploration կազմակերպությունը հայտարարեց, որ մեղավորը տեղացած մեծ քանակությամբ ձյունն էր, որն էլ նպաստել էր պատնեշի փլուզմանը:

լուսանկարների աղբյուրները` 1 ,2, 34, 5, 6, 7

Ցիանիդը ոչնչացրեց Տիսա գետի ջրային ֆլորայի եւ ֆաունայի 80 տոկոսը, 2,5 մլն մարդ զրկվեց մաքուր ջուր խմելու հնարավորությունից: Գետերում ոչնչացված ձկնատեսակը կազմեց 1240 տոննա: Սա համարվեց բնապահպանական աղետներից ամենամեծը Չերնոբիլի ատոմային աղետից հետո: Մինչեւ օրս հազարավոր ռումինացիներ պահանջում են փակել հանքավայրը, չնայած այն մեծ շահույթ է բերում երկրին:  

Բնապահպանական «Երկրի բարեկամներ» կազմակերպությունը եւ Գրինփիսը (Greenpeace) հայտարարեցին, որ սա եւս մեկ առիթ է արգելելու աշխարհում ոսկու կորզումը ցիանային եղանակով: Երեք փորձ է եղել Ռումինիայի խորհրդարանում ցիանային եղանակով ոսկու կորզման արգելքի վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման, սակայն ոչ մեկը հաջողությամբ չի պսակվել: Մետալ-ռոք ոճային կատարումներով հայտնի գերմանական Rammstein-ին երգ նվիրեց ցիանիդի կործանարար ազդեցությունն իրենց վրա զգացած տարածաշրջանների ձկնորսներին: Երգը կոչվեց «Դանուբի երեխաները» (Donaukinder):

Այդ նույն տարում՝ 2000 թ.-ին, խոշոր վթարներ գրանցվեցին Շվեյցարիայի (Գալիվարի), Չինաստանի (Գուանկչի), Պերուի (Կայամարկա), Նոր Գվինեայի (Տոլուկումա), Չինաստանի (Սիչուան) եւ Ռումինիայի (Բորսա) հանքավայրերում: Չինաստանի Գուանկչի հանքավայրում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվեց 29 մարդ եւ ավերվեց 100-ից ավելի տուն: Աշխարհում, 1975թ-ից սկսած, հանքավայրերում արձանագրված վթարների 75 տոկոսի դեպքում պատճառն եղել են պոչամբարների փլուզումները:

ՄԱԿ-ի էկոլոգիական ծրագրի համաձայն` աշխարհում 3500 պոչամբար մինչեւ օրս ակտիվորեն օգտագործում են եւ մի քանի հազար պոչամբար էլ կոնսերվացված են, սակայն նրանք բոլորն էլ իրենցից պոտենցիալ վտանգ են ներկայացնում:

Եվ ամենաթարմ օրինակը…

2015թ-ի նոյմեբերի 5-ին Բրազիլիայի պատմության մեջ գրանցվեց բնապահպանական աղետներից վատթարագույնը: Երկու պոչամբարի պատվարների փլուզման հետեւանքով միլիոնավոր խորանարդ մետր հանքաթափոններ լցվեցին երկրի գլխավոր՝ Ռիո Դոսե գետը, խաթարվեց Մինաս-Ժեյրաս նահանգի մի քանի բնակավայրերի բնականոն կյանքը, առնվազն 17 մարդ զոհվեց, հարյուրավորներն էլ տեղահանվեցին:

Գրինփիսն(Greenpeace) անդրադառնալով խնդրին՝ հայտարարեց, որ նախանշված չի եղել գործողությունների ոչ մի ծրագիր, եւ հանքին կից գտնվող համայնքները պատրաստ չեն եղել դիմակայելու նման աղետի: Պոչամբարները շահագործող ընկերությունները տուգանվել են 1 մլրդ բրազիլական ռեալի չափով (261 մլն ԱՄՆ դոլար), սակայն դա չի ծածկում աղետի պատճառած իրական վնասները:

Արդյո՞ք անդառնալի են ցիանիդի՝ բնությանը հասցրած վնասները

2006 թ-ին «Barrick Gold»(Բերիք) կորպորացիան ձեռք բերեց Դոմինիկյան հանրապետությունում 1999թ.-ին գործունեությունը դադարեցրած Պուեբլո Վիեխո (Pueblo Viejo) հանքավայրը: Կազմակերպությունը փորձում էր մինչեւ 2012թ-ը վերացնել հանքարդյունաբերության պատճառով շրջակա միջավայրին հասցված լուրջ բնապահպանական վնասները, քանի որ նախկին շահագործողը դադարեցրել էր գործողությունները հանքում՝ առանց պատշաճ բնապահպանական վերականգնման՝ կտակելով հաջորդներին ծանր մետաղներով աղտոտված հողն ու ջուրը:  «Barrick Gold» կորպորացիան դարձավ հանքավայրի բաժնետոմսերի 60% մասնաբաժնի տերը, 40%-ի բաժնետերը Գոլդքորփ (Goldcorp) հոլդինգն էր: Երկուսը միասին կազմում են Պուեբլո Վիեխոյի Դոմինիկյան Կորպորացիան(ՊՎԴԿ):

Մինչև Բերիք կորպորացիայի ձեռնարկած ջրամաքրման աշխատանքները Մարգարիտա գետում ջրածնային ցուցիչը՝ pH, գնահատվել էր 2.5, որը նշանակում է, թե ջուրը շատ բարձր թթվայնություն ունի: Գետը կորցրել էր իր բնական գույնը՝ դառնալով մուգ կարմիր՝ մեծ քանակությամբ մետաղների մնացորդների առկայության պատճառով: Ջրամաքրման աշխատանքներից հետո գետը ներկայում վերադարձել  է իր բնական վիճակին, իսկ այն տեղում, որտեղ զտված ջուրը թափվում է գետը՝ ջրածնային ցուցիչը հասել է 7.0-8.5:

Այն պահից, երբ ՊՎԴԿ-ն սկսեց տնօրինել հանքավայրը՝ վերականգնվել է 3500 հեկտար տարածությամբ բուսականություն, կառուցվել է ջրի զտման գործարան և վերանգնվել 180 հազար խորանարդ մետր աղտոտված հող: ՊՎԴԿ-ն նաեւ 75 միլիոն դոլար էր տրամադրել պատմական տարածքների մաքրման նպատակով: Ցիանիդի հետագա օգտագործումը Պուեբլո Վիեխոյում՝ նախորդ փորձը հաշվի առնելով, նախագծվեց այնպես, որ համապատասխանի Ցիանիդի կառավարման միջազգային կանոնադրությանը: Ընկերություններն այս կանոնադրությունն ընդունելով՝ համաձայնվում են, որ անկախ աուդիտորական կազմակերպությունները վերահսկեն իրենց գործունեությունը և ընդունում են օրենսգրքով նախատեսված բոլոր պահանջները:

 

 

Պուեբլո Վիեխո հանքավայրում 4 միլիարդ դոլարի ներդրում է արվել, որը Դոմինիկյան Հանրապետության պատմության մեջ համարվում է ամենամեծ օտարերկրյա ներդրումը: Հանքավայրը գտնվում է մայրաքաղաք Սանտա Դոմինգոյից 100 կմ հյուսիս-արեւմուտք:

 Ցիանադային եղանակով ոսկու կորզման դեմ հանդես եկող երկրները սակավաթիվ են

2010թ-ին Եվրոպական խորհրդարանը դեմ քվեարկեց ցիանիդային եղանակով ոսկու կորզմանը, սակայն Եվրոպական հանձնաժողովը որոշեց ԵՄ անդամ պետությունների հայեցողությանը թողնել խնդրի լուծումը: Նշված մեթոդից առայժ հրաժարվել են Ֆրանսիան, Գերմանիան եւ Չեխիան: Ցիանային եղանակով ոսկու կորզում հանքարդյունաբերության մեջ չի կիրառվում Կոստա Ռիկայում, Արգենտինայի երկու մարզերում, ԱՄՆ-ի Մոնտանա եւ Վիսկոզի նահանգներում: Թուրքիայում Բերգամ քաղաքի մոտ արգելված է այս եղանակով ոսկու արդյունահանումը, քանի որ այն կարող է վնասել բնակիչների առողջությանը:

Ֆիլիպիններում գտնվող Մինդորո (Mindoro) երկրամասի գործադիր իշխանությունը երկար քննարկումներից հետո 2002թ-ին 25 տարով արգելք դրեց կոբալտի եւ նիկելի արդյունահանման վրա: 1998թ-ին ամերիկյան Մոնտանա նահանգի բնակիչների նախաձեռնությամբ արգելվեց ոսկու կորզումը ցիանիդային եղանակով նոր շահագործվող եւ շահագործման ընթացքի մեջ գտնվող հանքավայրերում:Սակայն հանքարդյունաբերող ընկերությունների ճնշող մեծամասնությունը չի շտապում հրաժարվել այս մեթոդից:

Ոսկու հմայքն ու ցիանիդի վտանգավոր «խաղերը»

Ցիանիդը մարդու առողջությանը վնաս է միայն մեծ չափաբաժնի դեպքում՝ առաջացնում է շնչահեղձություն եւ բուժօգնության բացակայության դեպքում հանգեցնում մահվան: Ցիանիդի փոքր չափաբաժինը մարդու օրգանիզմը կարողանում է ինքնուրույն չեզոքացնել: Օդի եւ արեւի ճառագայթների ազդեցության տակ ցիանիդն արագ է քայքայվում, սակայն ջրային ֆլորան եւ ֆաունան շատ զգայուն են այդ թույնի նկատմամբ՝ հատկապես ձկները: Ցիանիդի հանդեպ զգայուն են նաեւ թռչունները:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունն իր բազմաթիվ հրապարակումներից մեկում անդրադառնալով հանքավայրերը շահագործող կազմակերպությունների շրջակա միջավայրին հասցվող վնասների դեպքում կրելիք պատասխանատվությանը՝ նշում է, որ Հայաստանի Հանրապետությունում կա օրենսդրական մեծ բաց:

Հայաստանում հանքարդյունաբերող կազմակերպություններն ամբողջովին ազատված են պոչանքների, լցակույտերի եւ մակաբացման ապարների տեղադրման համար գանձվող վճարներից, որոնք, եթե հարկվեին նույնիսկ ամենացածր դրույքաչափով՝ կազմելու էին տարեկան 100 միլիոն եվրո: Սա շատ ավելին է, քան նրանց կողմից ներկայումս վճարվող տարեկան բոլոր հարկերն ու այլ վճարները: 

ՀՀ-ում չի գործում շատ այլ երկրներում կիրառվող պետական հատուկ դրամագլուխ հասկացությունը, որտեղ կուտակվում են շատ լուրջ գումարներ ընդերքօգտագործման եկամուտներից՝ շրջակա միջավայրի պահպանության եւ հնարավոր բնապահպանական վնասի փոխհատուցման համար:

Ըստ աշխարհագրագետ Լեւոն Գալստյանի, եթե Ամուլսարի հանքավայրի ոսկու պաշարները ցիանիդով վերամշակելու արդյունքում առաջացող 100 մլն տոննա թափոնները դասակարգվեն որպես վտանգավոր եւ հարկվեն, ապա Lydian-ը պարտավորված կլինի միայն դրանց տեղադրման համար վճարել հետեւյալ բնապահպանական վճարները.

2-րդ դասի վտանգավորության դեպքում 5,7 մլրդ

3-րդ դասի վտանգավորության դեպքում 1,1 մլրդ

4-րդ դասի վտանգավորության դեպքում 357 մլն

Լեւոն Գալստյանի պնդմամբ` ներկայումս գործող օրենսդրությամբ այդ պարտավորվածությունը զրո դրամ է:

Շարունակելի

Մեկնաբանություններ (1)

Անահիտ Շիրինյան
Հարգելի Քաղաքապետ Վ. Հովհանիսսյան, Որպես մասնագետ (ջրաբան, միջավայրային գիտությունների դոկտոր) և հանքահանման-հանքարդյունաբերության ոլորտից տեղյակ անձ, խնդրում եմ Ձեզ չհավատալ Ամուլսարը շահագործել ցանկացողների ստերին: Հաջողություն՝ ճիշտ որոշում կայացնելուն, Անահիտ Շիրինյան ԱՄՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter