HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված խմբավորումը Երևանում գրավել է ոստիկանության ՊՊԾ գունդը (թարմացվող)

«Սասնա Ծռեր» խմբավորումը, որի կազմում վերջերս կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի «մարտական և քաղաքական պայքարի ընկերներն» են, հայտարարել է Հայաստանում զինված ապստամբություն սկսելու մասին:

«Տարիներ շարունակ Ժիրայր Սէֆիլյանը և նրա համախոհները փորձել են խաղաղ միջոցներով իրավիճակ փոխել Հայաստանում: Որպես արդյունք՝ Ժիրայր Սէֆիլյանին վերագրվեց զինված ապստամբություն կատարելու կեղծ մեղադրանք և նա հայտնվեց բանտում, իսկ նրա համախոհները մշտապես ենթարկվում են հալածանքի և բռնությունների»,- գրված է խմբավորման՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ:

Վաղ առավոտյան տարածած հաղորդագրությամբ խմբավորումը հայտնում է, որ արդեն գրավել է Երևանում գտնվող հիմնական ոստիկանական բազաներից մեկը Էրեբունի թաղամասում և մի քանի բաժիններ: Խմբավորման հիմնական պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն է: «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը սոցցանցի իր էջում գրել է, որ խմբավորման անունից կարող է հանդես գալ միայն Ժիրայր Սեֆիլյանը:

Ոստիկանության գնդում է ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը, որին պահանջել են բանակցել, որպեսզի իրենց մոտ տարվի Ժիրայր Սեֆիլյանը՝ բանակցությունները սկսելու համար:

Ավետիսյանը հայտնում է նաև ոստիկանության հետ զինված բախման մասին: Տուժածների առկայության մասին, սակայն, որևէ պաշտոնական տեղեկություն չկա:

Միաժամանակ, հայտարարությամբ հանդես է եկել Ազգային անվտանգության ծառայությունը՝ զինված ապստամբություն սկսելու մասին լուրերը անվանելով «ապատեղեկատվություն»:

«Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար»,- գրված է ԱԱԾ հաղորդագրության մեջ: 

Նշենք, որ այս պահին ոստիկանության ուժերի կողմից փակ է Էրեբունի վարչական շրջան տանող ճանապարհը: 

13:14 Ֆեյսբուքի օգտատեր Լուիզա Գրիգորյանը «Հետք»-ին է տրամադրել տեսանյութ, որը պատկերում է Էրեբունի վարչական շրջանում լուսաբացին` 05:30-ի սահմաններում հնչած կրակոցները:

13:44 ԱԱԾ-ն երկրորդ հաղորդագրությամբ հայտնում է 1 ոստիկանի մահվան և երկու ոստիկանների վիրավորվելու մասին:

13:50 «Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, որտեղ այս պահին մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանների։ Փաշինյանի փոխանցմամբ, այնտեղ են գտնվում ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը ու ևս 7-8 ոստիկաններ: Ոստիկանության աշխատակիցները զինաթափված են, «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչները զինված: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներից մեկը հրազենային վիրավորում ունի, արյուն է կորցրել: Մեկ ոստիկանի հնարավորություն է տրվել շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Փաշինյանի հաշվարկներով, ներսում կա մոտ 25 մարդ։ Նշենք, որ Վարուժան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իրենց տվյալներով ապստամբ երիտասարդներից մեկը՝ մեկը` Թաթուլ Սպարտակի Թամրազյանը, ծանր վիրավոր է:

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները Փաշինյանի փոխանցել են, որ պահանջում են, որպեսզի Հայաստանում լինի ժողովրդին ծառայող իշխանություն, և որ իրենք իշխանական նկրտումներ չունեն։ Նաև պահանջում են, որ այդտեղ բերեն Ժիրայր Սեֆիլյանին, որպեսզի իրենք կկատարեն միմիայն նրա ցուցումները և հրամանները։

16:00 «Երկիր մեդիա»-ն հաղորդում է, որ պարզ է դարձել զոհված ոստիկանի ինքնությունը: Վերջինս ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանն է:

Մեկնաբանություններ (2)

HG
They sound scarier than the current Republican party of the Armenian government.
HovoM
These traitors are Azerbaijani secret army, they will fail in the same way Azerbaijan lost the war to Armenia in 1994.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter