
Բերման են ենթարկում Խորենացի փողոցում գտնվող քաղաքացիներին
Այս պահին ոստիկանները բերման են ենթարկում Էրեբունի վարչական շրջանի Խորենացի փողոցում գտնվող մի շարք քաղաքացիների: Այս մասին Խորենացի փողոցից հայտնում է «Հետք»-ի լրագրողը:
Ոստիկանները մոտենում են Խորենացի փողոցի` ոստիկանական պատնեշի հարևանությամբ գտնվող պուրակում եղած քաղաքացիներին և կարճ խոսակցությունից հետո բերման են ենթարկում նրանց: Տարածքում գտնվելու 5 րոպեների ընթացքում լրագրողն ականատես է եղել մեկ երիտասարդ տղայի և մեկ տարեց տղամարդու բերման ենթարկելու դեպքերի:
Քիչ առաջ բերման է ենթարկվել նաև քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ում ձեռքից խլել են պաստառը: Ավելի ուշ բերման են ենթարկվել նաև Դավիթ Սանասարյանը, ինչպես նաև դերասանուհի Արսինե Խանջյանը:
Ծառայություն իրականացնող ոստիկանները հրաժարվում են ասել, թե ինչ հիմքով են բերման ենթարկում:
տեսանյութը` Դիանա Ղազարյանի
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին քիչ առաջ Խորենացի փողոցում մոտեցան ոստիկաններ: Պատգամավորը հեռացավ նրանց հետ, ապա որոշ ժամանակ անց վերադարձավ` փոխանցելով ոստիկանների տված պատասխանը իր հարցին, թե ինչու են քաղաքացիներին բերման ենթարկում:
«Ես ներսում կարճ զրույց ունեցա Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հետ, հետո էլ մոտեցավ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Աշոտ Կարապետյանը, հետո կարճ խոսեցի Վալերի Օսիպյանի հետ: Իմ հարցը հետևյալն էր. բացատրեք` ինչու եք բերման ենթարկում: Նրանք ասում են, որ ոստիկանությունը հայտարարել է, որ այս տարածքում ցույցը արգելվում է հանրային անվտանգությունը ապահովելու նպատակով, բայց ասում եմ` ո՞ւր է այստեղ ցույց: Ցույց պետք է լինի, որ արգելեն, ինչ-որ մեկը ցույց տեսնո՞ւմ է, ո՞նց են որոշում` այդ մարդը ցույցի է եկել, թե եկել է, ենթադրենք, խանութից առևտուր անի: Այսինքն` էս մոտավորությունը, էս ապօրինությունը, հենց էս է, էս իրավիճակն է, որ բերում է հետևանքներ, որովհետև երբ պետական մարմինները ապօրինություն են անում… ցանկացած ապօրինություն պետք է բացատրել: «Սասնա Ծռերն» էլ ասում է` իրենք որ ապօրինություններ են անում, իսկ ինչու մենք չենք կարող մեր ձևով հակադարձել, կամ ցանկացած ազդեցություն ծնում է հակազդեցությոն, սա շղթայական ռեակցիայով շարունավում է»:
տեսանյութը` Նարեկ Ալեքսանյանի
[gallery id=597]
լուսանկարները` Գագիկ Աղբալյանի
Քիչ առաջ ոստիկանությունը «Հետք»-ին տեղեկացրեց, որ քաղաքացիներին բերման են ենթարկում ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր պահելու կասկածանքով:
Մեկնաբանել