
Դավիթ Սանասարյանը դեռևս գտնվում է բժիշկների հսկողության ներքո
«Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը դեռևս ունի որոշ առողջական խնդիրներ: Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Ռոբերտ Ռևազյանը՝ Սանասարյանի երիկամներում ավազ է հայտնաբերվել, և նա դեռևս սուր գլխացավեր ունի:
Փաստաբանը իր պաշտպանյալի` մինչ օրս չընդատվող գլխացավերը կապում է հուլիսի 18-ին Ազատության հրապարակից ոստիկանական բաժանմունք տեղափոխելիս նրա նկատմամբ գործադրված խոշտանգումներին:
Ռևազյանի փոխանցմամբ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Սանասարյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, և այս օրերին նրան կայցելի իր կողմից հրավիրված բժիշկ:
«Անձը իրավունք ունի քրեակատարողական հիմնարկ հրավիրել իր բժշկին, և Սանասարյանը օգտվել է իր այդ իրավունքից: Այսօր կամ վաղը նրան կտեսակցի նեղ մասնագիտական բժիշկ՝ հատուկ զննություն կատարելու».- նշում է փաստաբանը:
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոի 2-ին՝ դատավարության ժամանակ, վատացել էր Սանասարյանի ինքնազգացողությունը, և դատարան էին ժամանել շտապ օգնության բժիշկները, ովքեր հորդորել էին՝ կատարել երիկամների շտապ հետազոտություն և բուժում:
Մեկնաբանել