
ԵՄ և ԱՄՆ դեսպանները դատապարտել են ծաղրանկարների գողությունը
Օգոստոսի 7-ին՝ «Չ՛Արգելված» քաղաքական ծաղրանկարների ցուցահանդեսից հետո անհայտ անձինք կոտրել էին www.medialab.am-ի տնօրեն Մարիաննա Գրիգորյանի ավտոմեքենայի հետևի ապակին և գողացել ցուցահանդեսի ծաղրանկարները:
Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ գողության դեպքից անմիջապես հետո իր հետ կապվել են ԵՄ գրասենյակից և տեղեկացրել, որ ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովան ցանկանում է հանդիպել Medialab-ի թիմի հետ: Թեև ԵՄ դեսպանը այժմ Հայաստանում չէ, բայց խնդրել է իր անունից փոխանցել, որ նա ևս դատապարտում է ծաղրանկարների գողությունը:
Մարիաննա Գրիգորյանը ու գլխավոր ծաղրանկարիչ Վահե Ներսեսյանը երկու օր առաջ հանդիպել են Խալուպովայի հետ, ով հայտնել է, որ հետևելու են ծաղրանկարների գողության բացահայտման ընթացքին:
«Խալուպովան զարմացած էր, որ նման դեպք է տեղի ունեցել: Մեր ծաղրանկարներին ծանոթ էր և հայտնեց, որ դրանք համապատասխանում են Եվրոպայում հրատարակվող ծաղրանկարների ոճին, չափանիշներին և որ դրանցում անձնական որևէ վիրավորանք չկա: Նաև նշեցին, որ սատարում են մեր գործունեությունը և դատապարտում խոսքի և մամուլի հանդեպ կիրառվող ոտնձգությունները»,- նշեց Medialab-ի տնօրենը:
Երեկ՝ ԱՄՆ դեսպանատան կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը մեծ ուրախությամբ է ընդունել Medialab-ի կողմից արված իր ծաղրանկարը և հայնել իր աջակցությունը՝ Հայաստանում ծաղրանկարների զարգացմանն ուղղված նրանց քայլերին:
«Դեսպանը տեղի ունեցածի համար իր մտահոգությունը հայտնեց ու ասաց, որ մեզ արդեն ճանաչում են Վաշինգտոնում: Վաշինգտոնից զանգեր էր ստացել և նրանից հարցրել էին այդ ցուցահանդեսի, Medialab-ի մասին: Ասաց՝ ուզում եմ իմանաք, որ մենք սատարում ենք Ձեզ»,- հայտնեց Մարիաննա Գրիգորյանը:
Ցուցահանդեսից հետո կազմակերպիչները բազմաթիվ զանգեր և նամակներ են ստացել իրենց ընթերցողներից, ովքեր առաջարկել են, որպես աջակցություն, կրել գողացված ծաղրանկարներով շապիկներ:
Ծաղրանկարների գողությունից հետո Medialab-ի թիմը նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Ինչ՞ կարելի է գողանալ ծաղրանկարչի մեքենայից» անունով տեսանյութ է հրապարակել՝ մեկտեղելով գողացված ծաղրանկարները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել