«Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն ու «Ռեսո»-ն այս տարի նվազեցրել են հարկերը, մյուս չորսը՝ ավելացրել
Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերություններն այս տարվա առաջին կիսամյակում միասին պետբյուջե են վճարել ավելի քան 1 մլրդ 88 մլն դրամի հարկ։ 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այս ոլորտից ստացվող հարկերի ծավալն աճել է մոտ 191 մլն դրամով կամ 21.3%-ով։ Նման եզրահանգման ենք գալիս՝ համադրելով պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալները։
Ապահովագրության ոլորտի խոշորագույն հարկատուն «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունն է։ Այս տարվա առաջին կիսամյակում այն վճարել է ավելի քան 283 մլն դրամի հարկ ու հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել 210-րդ տեղը։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, սակայն, ընկերության վճարած հարկերի ծավալը մոտ 29 մլն դրամով պակասել է։
Ըստ վճարած հարկերի՝ երկրորդ տեղում «Ինգո Արմենիա»-ն է (218-րդ տեղ)։ Եռյակը եզրափակում է «Նաիրի Ինշուրանս»-ը (245-րդ տեղ): Հաջորդում են «Արմենիա Ինշուրանս»-ը (438-րդ տեղ), «Սիլ Ինշուրանս»-ն (489-րդ տեղ) ու «Ռեսո»-ն (723-րդ տեղ)։
Ինչպես տեսնում ենք, հարկերի զգալի աճ է գրանցել «Նաիրի Ինշուրանս»-ը։ Հարկերն ավելացրել են նաև «Արմենիա Ինշուրանս»-ը, «Ինգո Արմենիա»-ն ու «Սիլ Ինշուրանս»-ը։ Բացի «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ից, նվազում է գրանցել նաև «Ռեսո»-ն։
Այսպիսով, ապահովագրության ոլորտից այս տարվա առաջին կիսամյակում ստացված հարկերի ընդհանուր ծավալն ավելացել է, որին նպաստել է ապահովագրական չորս ընկերությունների, առավելապես մեկի՝ «Նաիրի Ինշուրանս»-ի հարկերի աճը։ Իսկ երկուսի մասով, այդ թվում՝ ոլորտի ամենախոշոր հարկատուի, նվազում է գրանցվել։
Հիշեցնենք, որ այս տարվա առաջին եռամսյակի՝ հունվար-մարտի տվյալներով, պատկերն այլ էր։ Չնայած ապահովագրության ոլորտի երկու ամենախոշոր հարկատուները ևս «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն ու «Ինգո Արմենիա»-ն էին, սակայն մյուս չորս ընկերությունների դիրքերն այլ էր։ Եռյակը եզրափակում էր «Սիլ Ինշուրանս»-ը։ Իսկ ամենաքիչ ծավալի հարկեր վճարել էր «Նաիրի Ինշուրանս»-ը։ Այստեղից հետևություն, որ ընկերության հարկերի ծավալը աճը գրանցվել է տարվա երկրորդ եռամսյակում։
Առաջին կիսամյակում ապահովագրական ընկերությունների զբաղեցրած դիրքին (ըստ ընկերությունների հաշվետվությունների) ու այլ ցուցանիշների կանդրառանանք առաջիկայում։
Կարող եք ծանոթանալ նաև Հայաստանի խոշոր հարկատուների վերաբերյալ մեր նախորդ հրապարակումներին՝ «Որքան հարկ են վճարել բջջային օպերատորները կես տարում», «Հանքարդյունաբերության խոշոր հարկատուների պատկերը փոխվել է», «Հայաստանի խոշոր հարկատուները. ոմանց թռիչքն ու ոմանց վայրէջքը», «Ապրիլին գրանցված հարկերի աճի տեմպը մինչև հունիս նվազել է», «Սամվել Ալեքսանյան. «ոչ գործարարները»՝ հարկատուներ»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել