
Ֆրանսիացի ոստիկանները ձերբակալել են կովկասյան մեծ բանդայի անդամներին
Ինչպես տեղեկացնում են ֆրանսիական տարբեր պարբերականներ, ուրբաթ` լուսաբացին, ֆրանսիացի 300 ոստիկաններ Ֆրանսիայի հարավ-արեւելքում ձերբակալել են հայ եւ վրացի երկու տասնյակից ավելի հանցավոր մի խմբավորման անդամների, որոնք կասկածվում են հարյուրավոր խանութերում եւ առեւտրի կետերում կատարած գողությունների մեջ:
«Nouvelles d'Arménie»-ին տեղեկացնում է, որ քսաներեք կանայք եւ տղամարդիկ ձերբակալվել են առավոտյան ժամը վեցին միաժամանակ մի քանի քաղաքներում իրականացված «ռեյդի» արդյունքում: Ձերբակալվածների թվում է նաեւ մաֆիոզ խմբավորման ղեկավարը:
Նախնական տվյալներն թե ձերբակալվածների թվում ռուսներ եւ չեչեններ կային, չեն հաստատվել:
Ձերբակալվածները չեն դիմադրել: Կրակ չի բացվել, վիրավորներ չկան:
Քննիչներն ընդգծում են գործողության կարեւորությունը՝ նշելով, որ գողությունները թունավորում են մարդկանց կյանքը:
Ձերբակալված խումբը հիմնականում գողանում էր զարդեղեն, գումար, լուսանկարչական խցիկներ կամ տնային այլ տեխնիկա, ինչպես նաեւ համակարգիչներ, հագուստ եւ այլն:
Առավել հաճախ խումբը գործում էր գյուղական վայրերում: Նրանք գործում էին թե' գիշերը եւ թե' ցերեկը` առանց բռնության գոծադրման, բնակիչների բացակայության ժամանակ:
Իրացման նպատակով զարդեղենն ուղարկվել է Բելգիա, իսկ գողոնի մնացած մասը՝ Կովկաս:
Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներից մեկի վստահեցմամբ՝ խմբավորման ղեկավարներն արդեն իսկ խնդիրներ էին ունեցել արդարադատության հետ: Երկար տարիներ Ֆրանսիայում նրանք սկսել էին «օգնական ձեռքեր» հավաքագրել, հիմնականում՝ ապաստան խնդրողների:
Ներկայումս կասկածյալները քննվում են շրջանի տարբեր ոստիկանատներում:
Քանի որ քննիչները գործ ունեն կազմակերպված հանցագործության հետ, նրանց 96 ժամ է հատկացված գործը դատարան ներկայացնելու համար: Դժվարություններից մեկը կասկածյալների իրական ինքնությունը հաստատելն է, քանի որ նրանք օգտագործում են կեղծ փաստաթղթեր:
Մեկնաբանել