HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ամերիկացի կամավորի համար անսովոր է, որ բոլորը ճանաչում են միմյանց և գիտեն «ով ում բարեկամն է»

«Ես ու կինս երկար տարիներ ծանրաբեռնված աշխատել ենք՝ տարվա մեջ ունենալով 2-3 շաբաթ արձակուրդ։ Տարօրինակ է հնչում, բայց արձակուրդները նույնպես արդեն ձանձրալի էին։ Մենք որոշեցինք անել կտրուկ քայլ, հետաքրքիր մի բան, որը նման չի լինի մեր առօրյա աշխատանքին»,- պատմում է ամերիկացի Ֆրեդ Լինդենը։

Ֆրեդ և Սյուզան Լինդենները դիմել  են «Խաղաղության կորպուս» կազմակերպությանը։ Շատ էին ուզում ծանոթանալ տարբեր մարդկանց և մշակույթների հետ։ Մեկ տարի սպասելուց հետո՝ 2010 թ.-ի մայիսին, նրանք արդեն Հայաստանում էին որպես կամավորներ։ Մինչ այդ նրանք երկար տարիներ ապրել են Սան Ֆրանցիսկոյում, վերջին տարիներին արդեն՝ Բոստոնում։ Ֆրեդը տարբեր տեղեր է աշխատել, աշխատանքի հիմնական ուղղվածությունը եղել են ժամանակակից տեխնոլոգիաները։

Կամավորության դիմումի մեջ Լինդենները միայն նշել էին նախընտրելի տարածաշրջանը՝ Արևելյան Եվրոպա՝ առանց կոնկրետ երկրի անվան։ Սակայն Ֆրեդի խոսքերով՝ նրանք ցանկանում էին, որ իրենց ուղարկեին հատկապես Հայաստան։ Նախկինում երբեք չէին եղել Հայաստանում, բայց շատ էին լսել ու կարդացել Հայաստանի պատմության, մշակույթի մասին։  Բացի այդ՝ ունեին մի քանի հայ ընկերներ և հետաքրքրված էին Հայաստանը տեսնելով։ Մինչ կամավորական աշխատանքներ սկսելը նրանք անցել են եռամսյա դասընթաց՝ սովորելով հայերեն, ծանոթանալով հայկական մշակույթին: Քանի որ Ֆրեդը հայերեն դեռ լավ չգիտի,  շարունակում է գնալ հայերենի դասերի։

«Երբ Հայաստան եկանք, անմիջապես հասկացանք, որ մարդիկ այստեղ շատ ջերմ են, հյուրընկալ»,- ասում է Ֆրեդը։

Կամավորական աշխատանքների երկու տարիները նրանք պետք է անցկացնեն Նոյեմբերյանում։ Ֆրեդը նշում է, որ սկզբից ցանկանում էին ապրել ավելի մեծ քաղաքում: Սակայն այժմ գոհ են, որ հենց Նոյեմբերյանում են։ Այն կարծես միջին է գյուղի և քաղաքի միջև։ Շատ հանգիստ է, բացի այդ՝ բոլորն արդեն ճանաչում են իրենց։ Սակայն այն հանգամանքը, որ այստեղ բոլորը գիտեն միմյանց մասին գրեթե ամեն ինչ՝ «ով ում բարեկամն է», անսովոր է Ֆրեդի համար: « Նման բան չես հանդիպի ԱՄՆ-ում։ Երբեմն ցանկություն է առաջանում լինել մի վայրում, որտեղ ոչ ոք քեզ չի ճանաչում»,- ասում է Ֆրեդը։

Նա ասում է, որ Նոյեմբերյանում դպրոցականները, կարիք ունեն լավ անգլերեն սովորելու։ Այժմ տեղի անգլերենի ուսուցիչների հետ միասին Սյուզանն անգլերենի դասեր է տալիս Նոյեմբերյանի թիվ 1, իսկ Ֆրեդը՝ թիվ 2  դպրոցում։ Բացի այդ՝ նրանք բացել են անգլերենի երկու խմբակ դպրոցականների և մեկ խմբակ ուսուցիչների համար։ Ֆրեդը խոստովանում է, որ արդեն հասցրել է մտերմանալ իր խմբակի երեխաների հետ։ Իր դասերը Ֆրեդը փորձում է անցկացնել տարբեր խաղերով, մրցույթներով, ինչպես նաև տեսանյութերով։ Սակայն նա նկատել է, որ հայ երեխաների մոտ օտար լեզվով խոսելու բարդույթ կա։ Նրանք անընդհատ վախենում են սխալվելուց, այդ պատճառով էլ հաճախ նախընտրում են լռել։ Ֆրեդը ցանկանում է կոտրել նրանց այդ կարծրատիպերը և օգնել նրանց, որպեսզի թեկուզ սխալ, բայց խոսեն անգլերեն, լինեն ավելի ակտիվ դասի ընթացքում։

«Դա ինձ տխրեցնում է, որովհետև ես գիտեմ, թե որքան կօգնի նրանց անգլերենի իմացությունը։ Անգլախոս երկրներում ոչ ոք չի խոսում փայլուն անգլերեն։ Բացի այդ՝ այստեղ (անգլախոս երկրներում) սովոր են լսել տարբեր առոգանությամբ մարդկանց։ Բոլորն էլ խոսում են սխալ նախադասություններով։ Ես ուզում եմ, որ երեխաները դա իմանան»,- ասում է Ֆրեդը:

Ֆրեդի համար դժվար է համեմատել ամերիկյան և հայկական դպրոցները, որովհետև Ամերիկայում ամեն ինչ կախված է դպրոցի տեսակից։ Եվ եթե դպրոցը նախատեսված է ապահովված խավի համար, ապա այստեղ աշակերտը լսում է ուսուցչին և միշտ ավելին է սպասում նրանից։ Ուսուցիչն իր հերթին միշտ պատրաստվում է դասից առաջ՝ ընտրելով նոր առաջադրանքներ, ծրագրավորում է իր անելիքը, այլ ոչ թե պարզապես վերցնում է դասագիրքն ու վերապատմում այն։ Ամերիկացի աշակերտների մեջ հանդիպում են նաև այնպիսիք, որոնք դասի չեն գնում, շատ անհարգալից են ուսուցչի նկտամամբ։  Ֆրեդի խոսքերով՝ հայ երեխաներից նույնիսկ այն վատ, չարաճճի երեխաները շատ լավն են։ Եթե անգամ նրանք դասը չլսեն, նրանք կարող են օգնել իրենց ուսուցչին, լինել բարեհամբույր, մասնակցել դպրոցական այլ միջոցառումներին։

Ծննդյան տոները Լինդենները պատրաստվում են  անցկացնել Իսպանիայում։ Բացի այդ՝ Ֆրեդը հույս ունի կամավորական աշխատանքից հետո համակարգչային գործ ստանալ ԱՄՆ-ում, իսկ բնակություն հաստատել Իսպանիայում։ Դա այն երկիրն է, որը միջին տեղ է զբաղեցնում իրենց ընտանիքների և ընկերների բնակավայրերից։ Բացի այդ՝ այնտեղ տաք է, իսկ Հայաստանում Ֆրեդն արդեն հասցրել է «ճաշակել» հայաստանյան ձմեռը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter