
Վթարված վերելակում տեխնիկական թերություն չի հայտնաբերվել. տուժածը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է
Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վթարված վերելակի քննությունը իրականացնող հանձնաժողովը, ուսումնասիրելով դժբախտ պատահարի տեղանքը, զրուցելով ականատեսների հետ, վերելակում տեխնիկական թերություն չի հայտնաբերել: ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների, ճոպանուղիների և կառուսելների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ դեպքի հենց հաջորդ օրը մասնագետները կատարել են տեխնիկական վիճակի գնահատում:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները, Լ. Հովհաննիսյանը նշում է, որ խափանվել էր ռելեի շղթան, ինչի արդյունքում վերելակը ներքև է շարժվել բաց դռներով: Տեղի ունեցածը, սակայն, Լ. Հովհաննիսյանը որակում է ոչ թե անսարքություն, այլ «խափանում»: Նրա խոսքով` վերելակը «իրավունք չուներ» բաց դռներով շարժվել, քանի որ ռելեի շղթան, որը պատասխանատու է դռների՝ փակ վիճակում աշխատանքի համար, անսարք չի եղել:
Ինչո՞ւ է այդ դեպքում խափանվել ռելեի շղթան, եթե անսարք չի եղել, բաժնի պետը հստակ ասել չկարողացավ, կարծում է՝ հնարավոր է և խոնավությունից, և մեքենայական սրահի և հորանի ոչ նորմալ ջերմային ռեժիմից։
«Ասել, որ այդ ռելեն անսարք է, միանշանակ հանձնաժողովը չի կարող և իրավունք էլ չունի, քանի որ նրանք վերելակը սարքին վիճակում ենք տեսել: Ոչ մի սխալ տեխնիկական սպասարկում, թերություն չենք տեսել, որը կբերեր այդ ռելեի շղթայի չգործելուն։ Այդ պատճառով չենք կարող ասել, որ վերելակի անսարքության պատճառ է հանդիսացել տեխնիկական ոչ պաշաճ ապահովումը»,- ասում է Լուսինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 09:50-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ էր ստացել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակի վերին հատվածի և 6-րդ հարկի հատակի միջակայքում արգելափակվել են 1954թ. ծնված Ռ.Դ.-ի ստորին վերջույթները։ Կինը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին կնոջ առողջական վիճակը դեռևս մնում է ծանր, սակայն դրական տեղաշարժ գրանցվել է։
«Նա դեռևս արհեստական շնչառության սարքի տակ է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, այս հանգամանքները իրենց մեջ պարունակում են կյանքին սպառնացող վտանգներ։ Բազմաթիվ կողեր է կոտրված և թոքի սալջարդ ունի, որոնք լուրջ վնասվածքներ են։ Սակայն որոշ դրական փոփոխություն կա նրա առողջական վիճակում, մասնավորապես՝ գիտակցությունը նորմալ է, ոտքի վիճակը լավ է»,-նշում է Միքայել Մանուկյանը:
Տնօրենի խոսքով` թոքերը բուժվելու և արհեստական շնչառության սարքը անջատելու դեպքում միայն հնարավոր է հիվանդի վիճակը գնահատել բավարար:
Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակի սպասարկումն իրականացնում է «Արգիշտի» համատիրությունը: Մեզ հետ զրույցում համատիրության նախագահ Շուշանիկ Քալանթարյանը հայտնեց, որ դեպքից հետո իրենց զգուշացրել են՝ հսկողությունը ուժեղացնել։ Շ. Քալանթարյանը կարծում է, որ բնակիչների հետ ևս պետք է աշխատանք տարվի, որպեսզի վերելակը «նորմալ շահագործեն»: Ըստ Քալանթարյանի՝ վերելակը նորմալ վիճակում է, սակայն դեռևս չեն միացնում՝ սպասելով քննության ավարտին։
Մեկնաբանել