HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայողին Գերմանիա բուժման ուղարկելու փոխարեն «ուղարկել» են բանտ

Արմավիրի Մայիսյան գյուղի 27-ամյա բնակիչ, նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը մոտ 5 տարի փորձում է վերականգնել զինծառայության ժամանակ կորցրած առողջությունը: Սակայն, ինչպես Դավթի ծնողներն են պնդում,  Գերմանիայում բուժում ստանալու՝ ՊՆ-ի խոստումները մինչ օրս չեն իրականացել, փոխարենը 2015թ. օգոստոսից որդին հայտնվել է կալանավայրում: Առաջին կարգի հաշմանդամ Դավիթ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու մեջ (ՔՕ 259 հոդված) ու դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման:

Կեղծ զանգերի պատճառն իր վրա ուշադրություն սևեռելն է եղել

«Երբ տեսնում էր, որ իր բուժման հարցերը չէին լուծվում, անընդհատ ՊՆ-ում ասում էին՝ Գերմանիայում բուժումը 2 ամսից կլինի, 3 ամսից կստացվի, բայց տարիներ էին անցնում, ջղայնանում էր»,-ասում է Դավթի հայրը՝ Սերգեյ Հակոբյանը: Նրա պատմելով՝ որդին բարկությունից, անհուսությունից իր բջջային համարով զանգահարել է ոստիկանություն ու ասել, որ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում ռումբ կա: Օրեր անց նորից զանգել է ու հայտնել՝ ռումբ կա «Մուրացան» հոսպիտալում, ապա օրեր անց ոստիկանությանը հայտնել է, թե ռումբ կա  Բաղրամյան 26-ում: Մի քանի դրվագների համար պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սակայն 2015-ի դեկտեմբերի 17-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Դավիթ Հակոբյանին դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման, թեև կարող էր կիրառել նաև տուգանք ու ամիսների կալանք: Դատարանում Դավիթը հայտնել է, որ կեղծ զանգերով ցանկացել է իր վրա ուշադրություն սևեռել: Հիվանդ զինծառայողին ուշադրության արժանացնելու, նրա բուժումը արտերկրում կազմակերպելու փոխարեն Դավիթ Հակոբյանին «ուղարկում» են բանտ:

Դավիթ Հակոբյանին մերժում են պայմանական վաղաժամկետ ազատել

«Իմ տղայի առողջությունը գնալով վատանում է, ձախ կողմը թուլանում է, ձեռքն ու ոտքը հազիվ է շարժում, գոնե թողնեն գաղութից շուտ տուն գա, մենք նորից բուժումները, մասաժները շարունակենք»,- ասում է Սերգեյ Հակոբյանը: Դավթի ծնողները տեղեկացրին, սակայն, որ որդուն արդեն 3 անգամ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը ներկայացրել է պայմանական ազատման, սակայն անկախ հանձնաժողովը մերժել է պայմանական վաղաժամկետ ազատում կիրառել:

Ծնողներն են հոգում նաև Դավթի սննդի հարցը: Պատմում են, որ ամեն շաբաթ նրան ուտելիք են տանում «Արմավիր» ՔԿՀ, «քանի որ դիետիկ սնունդ պիտի տան, չեն տալիս»: Սերգեյի խոսքով, տղան բանտի սննդից վատանում է: «Մեր տանը 2 մահճակալ է մնացել, ամբողջը վաճառել ենք, որ Դավիթի առողջությունը վերականգնենք, հիմա ահավոր պարտքերի մեջ ենք, քանի որ Դավիթս գաղութում է»,-ասում է Սերգեյ Հակոբյանը:

Առաջին կարգի հաշմանդամության անժամկետ տրված քարտը

Դավթի մայրը նախկին նախարարի միջամտությամբ աշխատում է զորամասերից մեկում՝ լվացքատանը: 62 տարեկան կինը առավոտից երեկո 60 000 դրամով աշխատում է: Դավթի հայրը՝ 67-ամյա Սերգեյը, 3 ինֆարկտ է տարել, 30 000 դրամ թոշակ է ստանում: Ինքը՝ Դավիթը, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայող է, ստանում է 50 000 դրամ թոշակ: «Էստեղ էլ է Դավիթը տուժել, սխալ են հաշվարկել թոշակը, շատ պիտի լինի՝ մոտ 120 000 դրամ»,-ասում են նրա ծնողները:

Հակոբյաններին ՊՆ-ում ասել են՝ մի բողոքեք բժշկի դեմ, փոխարենը Դավիթին կուղարկենք Գերմանիա

Ամեն ինչ սկսվել է 2012թ., երբ Խաղաղապահ զորքերում ծառայության ժամանակ հերթական պարապմունքին Դավիթը ցավեր է զգացել որովայնի շրջանում: Վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են «Մուրացան» հոսպիտալ, որտեղ և վիրաբույժ Գագիկ Թունյանը վիրահատել է Դավիթ Հակոբյանին: Վիրահատությունն անհաջող է անցել: Ըստ էպիկրիզի՝ աղիքի խոցն է կարվել աղեոլորքից հետո:    

«Մեկի միջոցով իմացանք, որ էրեխուն արդեն վիրահատել են, իսկ մենք 2 օր Դավիթին փնտրում էինք: Երբ գտանք, արդեն շատ վատ էր: 1 օրվա մեջ, 8 ժամվա տարբերությամբ, 2 վիրահատություն էին արել: Ընկել էր կոմայի մեջ: 10 օր էդպես մնաց, արթնացավ, մեզ չճանաչեց, մենակ կմկմում էր: Հետո սկսեց կակազելով խոսել: Ձախակողմյան հատվածը պարալիզացվել էր: Էպիկրիզում գրեցին, որ վիրահատության ժամանակ ինսուլտ է ստացել: Ասում էին, որ անկողնային կմնա»,-պատմում է Դավթի հայրը՝ նշելով, որ մասնագետներ են հրավիրել, որոնք ասել են՝ ինսուլտ չկա, այլ կպել են նյարդերին, ասել են, որ դա հնարավոր է բուժել:

Էպիկրիզ

Դավիթ Հակոբյանի մայրը՝ Գայանե Կիրակոսյանը, 7 ամիս որդու հետ մնացել է հիվանդանոցում, հետո տեղափոխվել են «Կարմիր Խաչ», այնուհետև բուժում ստացել Ֆիզիոթերապիայի ինստիտուտում: Դավիթը մոտ 1 տարի սայլակով է տեղաշարժվել: «Վիրահատությունից հետո իր նորմայից 23 կգ պակասել էր... Իրենք հանցանք չեն գործե՞լ, որ իմ երեխային հաշմանդամ են սարքել»:

Հակոբյաններին ՊՆ-ում ասել են՝ մի բողոքեք բժշկի դեմ, փոխարենը Դավիթին կուղարկենք Գերմանիա: Ըստ Հակոբյանների պատմածի՝ վիրաբույժ Թունյանն ասել է՝ ամեն ինչ կանեմ Դավիթի համար, մենակ թե չդատվեմ: «Մեզ էլ, բնականաբար, Դավիթի բուժումն էր պետք: Սեյրան Օհանյանն էլ մեզ ասեց՝ ես բժշկին աշխատանքից հանել եմ»,-ընդգծեց Դավթի հայրը: 

Ծնողները պահանջել են որդու հագուստը, որից 2 կտոր են միայն ստացել՝ երկու ամիս հետո տվել են միայն վերնազգեստն ու կոշիկները: «Թե ինչ թաքցրեցին էդ շորերով՝ չգիտեմ, բայց որ մեր էրեխեն դարձավ հաշմանդամ, արդեն փաստ է: Վիրաբույժի մեղքով: Իմացանք, որ աղիքներն են բորբոքված եղել, բայց վիրահատել են որպես ստամոքսի խոց»,-շարունակեցին պայմանագրային զինծառայողի ծնողները:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես հիվանդանոցում անցկացրած բուժման փոխհատուցում երկու անգամ 500 000 դրամ է տվել Դավթի ծնողներին: Հակոբյանների խոսքով, նախկին նախարարն ասել է՝ քանի որ մեր մեղքով է եղել, կուղարկենք Գերմանիա: «Մեկ տարի էդպես տարան-բերեցին, հետո էլ ասացին, որ պետական բյուջեում այդքան գումար չկա, մենք չենք կարող ուղարկել»,-ասաց Սերգեյ Հակոբյանը:

Մայր ու որդի երկու անգամ եղել են Սեյրան Օհանյանի մոտ, նախարարի տեղակալների ու բուժվարչության պետի հետ հանդիպել: «Դավիթը հասկանում էր, որ տարիներն անցնում են, իսկ իրեն չեն ուղարկում բուժման, դա էլ իրեն հունից հանում էր»,-ասում է Դավթի հայրը:

Դավիթ Հակոբյանը ծառայել է Ղարաբաղում, «Մարտունի 2-ում»՝ գերազանց: «Իմ երեխային առողջ եմ տվել պետությանը, բանակին: Դիրքերում հիվանդացել է, 2 ամիս դիվերսիոն խմբերի դեմ են կռվել»,-ասաց Դավթի մայրը՝ տիկին Գայանեն:

Դավիթ Հակոբյանը ավարտել է «Բերկուտ» թիկնապահական քոլեջը, 2 ամիս թիկնապահ է աշխատել, ապա ծառայության անցել Խաղաղապահ զորքերում:

«Խաբելու հետևանքն է, որ իմ երեխան կալանավայրում է: Եթե ժամանակին էրեխուս չխաբեին, էս ամենը չէր լինի: Ո՛չ խուլիգան է եղել, ո՛չ հանցագործ. ի՞նչ գործ ունի բանտում»,-շեշտեց Դավթի հայրը:

Նախկին պայմանագրային զինծառայող, այսօր ազատազրկված Դավիթ Հակոբյանի մայրը դիմում է գրել նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպելու համար՝ ակնկալելով, որ միգուցե որդու առողջության հարցերը կկարողանա նրա օրոք լուծել:  

Մեկնաբանություններ (6)

նենե
Իսկ եթե հաշվեհամա՞ր բացվի իրենց համար։գոնե մենք ՀԱՅԵՐՈՎ այսպես կարողանանք մարդկանց օգնել։
ընթերցող
3 - ին: Ես նկատի եմ ունեցել ոչ միայն այս հոդվածն ու տողերը, այլեւ Զարուհու ընդարձակ հոդվածաշարանը, որտեղ դժնդակ ու ահավոր ճակատագրեր են ներկայացված: Այդ ամենը տխուր միտք է առաջացնում - Հայը ով է, եթե իր ցեղակցին (կամ, այլ մարդ արարածին) կարող է նման վիճակների մեջ դնել?
Զարուհի
Այն, ինչ նկատի է ունեցել ընթերցողը, պարզ է, իսկ, թե Դուք ինչ նկատի ունեք գրելով , պարզ չէ, քանի որ հոդվածում միմիայն տեղեկատվություն է և ծնողների խոսքերից մեջբերումներ:
Marlen
Զարուհի 1. ընթերցողը նկատի ուներ նյութում կրկնվող ձեր հուզական տողերը- հասկանալի է դժբախտ բան է տեղի ունեցել:
Զարուհի
Հարգելի ընթերցող, մեր խմբագրություն գալիս են քաղաքացիներ, որոնք լրատվամիջոցին դիմում են` որպես վերջին փրկօղակ: Այսինքն` որևէ օղակում չի լուծվել իրենց հարցը, մնացել է միայն այդ ամենի մասին բարձրաձայնելը: Խնդիրների մասին բարձրաձայնելով` մարդկանց ճակատագրերում որևէ դրական տեղաշարժ բերելու հավատն ու հույսն է, որ ստիմուլ է տալիս` շարունակելու հետևողականորեն լուսաբանել մարդկային պատմությունները: Շնորհակալություն գրելու համար...
ընթերցող
Հարգելի Զարուհի! Այսքան դառնաղի պատմություններին ու դժբախտ մարդկանց մոտիկից ծանոթ լինելու բեռն ինչպես եք տանում? Ամոթով խոստովանում եմ որ արդեն ակամա խուսափում եմ Ձեր հոդվածները կարդալուց ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter