
4-րդ նիստը հետաձգվեց թարգմանչի պատճառով. «ԱրմենՏել»-ի գործը ձգձգվում է
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «ԱրմենՏել»-ի գործով մեղադրյալ, ընկերության տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովի մասով դատաքննությունն այսօր նորից հետաձգվեց: Պատճառը կրկին թարգմանիչն էր: Այս անգամ էլ դատարանը դատական նիստի հետաձգումը հիմնավորեց այն հանգամանքով, որ գործով ընդգրկված ռուսերենի թարգմանչի հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացել է:
Հիշեցնենք, որ տարվա սկզբին թարգմանչի պատճառով 3 նիստ էր հետաձգվել:
Սաչկովի պաշտպան Նարինե Ռշտունին հաշվել է, որ այդպիսով Սաչկովի գործով ընթացող և 2016 թվականին նշանակված 29 դատական նիստերից կայացել է ընդամենը 10-ը: Փաստաբանի դիտարկմամբ՝ այս գործով նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը ջանք չի գործադրում, որ նիստերը պատշաճ կարգով կայանան, այլ հակառակը՝ նրա ջանքերն ուղղված են դրանց չկայացմանը: Ավելին, դատարանի կողմից ջանքեր չեն գործադրվում մնացած վկաներին բերման ենթարկելու և հարցաքննելու գործում, որպեսզի անցնեն ապացույցների հետազոտման փուլ:
Վլադիմիր Սաչկովի մյուս պաշտպանը՝ Արմեն Բաղդասարյանը, նախորդ նիստին միջնորդել է նաև դատարան ներկայացնել «ԱրմենՏել»-ի գործով մեկ այլ մեղադրյալին՝ Աշոտ Պողոսյանին և հարցաքննել: Հիշեցնենք, Աշոտ Պողոսյանի մասով գործն առանձին է քննվում դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթում: Նա ևս ձերբակալված է: Նիստ դեռևս չի կայացել, և այս միջնորդության վերաբերյալ դատարանը որոշում չի կայացրել:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի որոշ պաշտոնյաների և նույն կազմակերպության հետ անուղղակիորեն կապված անձանիցի կազմված խումբը ստեղծել է մի կապուղի, որի միջոցով արտերկրյա օպերատորներից ստացվող միջազգային զանգերը շրջանցել են ընկերության հաշվարկային համակարգը: Ընկերության հաշվարկային համակարգը շրջանցած կապուղին գործել է 2011-2013թթ-ին: Խմբի գործունեության արդյունքում վնաս է հասցվել թե ընկերությանը, թե, համապատասխանաբար, պետությանը՝ հարկերի մասով: Ըստ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի՝ ընկերությանը պատճառված վնասը կազմել է 1 մլրդ 783 մլն դրամ:
Լուսանկարում՝ ձախից՝ նիստերի ռուսերենի թարգմանիչն ու Վլադիմիր Սաչկովը
Մեկնաբանել