HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Դինգա». հայկական արտադրության շաքարի դեղ՝ 13 կողմնակի ազդեցությամբ

Վերջերս մեզ էին դիմել 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մի քանի մարդ (ովքեր չցանկացան ներկայանալ), և հայտնել , որ իրենց տեղամասային պոլիկլինկաներում իրենց ֆրանսիական «Դիաբետոն ՄՌ»-ի փոխարեն առաջարկել են  հայկական «Արփիմեդ» ընկերության կողմից արտադրվող «Դինգա»  դեղը:  Վերջինից իրենք հրաժարվել են, քանի որ այն իրենց համար արդյունավետ չէ:

Շաքարային դիաբետ ունեցող մարդկանց տրվող դեղերն ընգրկված են պետության կողմից կենտրոնացված կարգով գնվող ու անվճար հատկացվող դեղերի ցանկում: Նախկինում մենք անդրադարձել ենք պետության կողմից  անվճար տրվող հնդկական դեղին («DiaZone MR»), որի միակ սպառողը Հայաստանն էր, ներկայացրել ենք մարդկանց բողոքներն ու դեղի կողմնակի երևույթները:  

Դրանից հետո՝ 2015թ. հունվարի 30-ին   Կառավարության որոշում ընդունվեց, որի  համաձայն՝ 2015-2019թթ. պետությունը գլիկլազիդ ազդող նյութ պարունակող շաքարի դեղը («Դիաբետոն» ՄՌ)  գնելու էր ֆրանսիական «Լես Լաբորատորիես Սերվիե» ընկերությունից՝ մեկ հաբի համար վճարելով՝ 0.06 եվրոյին համարժեք դրամ:

Սակայն այս որոշմանը զուգահեռ պետությունը 2015-2016թթ կարիքների համար  շարունակում էր ձեռք բերել նաև նույն հնդկական դեղերը` շրջանակային համաձայնագրերով և  ֆրանսիականից ավելի թանկ գնով. մեկ հաբը՝ 44.7 դրամ, ֆրանսիականը՝ 42,33 դրամ (ըստ վերընշված որոշման հավելվածի):

Այս դեղերի վերջին խմբաքանակը՝ մոտ 4000 տուփ, ներկրվել է 2015թ․ օգոստոսին։

 
«Արփիմեդ». ընկերության սեփականատերերն ու դեղի կողմնակի ազդեցությունները

Հայկական «Արփիմեդ» դեղագործական  ընկերությունը գործում է 2008թ.ից:  Ընկերության արտադրած մի շարք դեղերի վերաբերյալ դժգոհություններին մենք նախկինում անդրադաձել ենք (տես՝ «Կարբամազեպին», «Օլանզապին»):

«Արփիմեդ»-ի սեփականատերերի ցանկում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը, ով նաև Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետն է:
Մյուս սեփականատերը, ով նաև ընկերության տնօրենն է, Վաչագան Ղազարյանն է, Գագիկ Հարությունյանի համագյուղացին:

«Դինգա» դեղը Հայաստանի դեղերի պետական գրանցամատյանում գրանցված է մինչև 2018թ․ դեկտեմբերի 9-ը։

2016թ. ընթացքում «Դեղերի փորձագիտական կենտրոն»-ը բժիշկների կողմից  ստացել  է «Արփիմեդ» ընկերության «Դինգա»  2մգ+500մգ  դեղի վերաբերյալ 7 քարտ-հայտագիր:
Այդ հայտագրերում ներկայացված է եղել 13 կողմնակի ազդեցություն , որոնցից 5-ը որակվում են՝ որպես սպասելի գլիմեպիրիդ և մետֆորմին պարունակող դեղերի համար, 5-ը կարող են որակվել՝ որպես հիպոգլիկեմիայի ախտանշաններ:

Հայտագրերից  3-ում նշված է գլյուկոզայի բարձրացում՝ 12-13 մմոլ/լ  (նորմա՝ 3,5-5,5 մմոլ/լ), դրանցից 2-ում՝ դեղի ազդեցության բացակայություն:
Առողջապահության նախարարությունից նշում են, որ նշված վերջին երևույթները կարող են պայմանավորված լինել  ինչպես դեղի անարդյունավետությամբ, այնպես էլ՝ հիվանդի սննդակարգից և օգտագործելուց:

Խնդրում ենք մասնակցել հարցմանը, որը կօգնի հասկանալ դեղերի արդյունավետությունը 

2017թ. կարիքների համար պետությունը ձեռք է բերել 10 մլն 350 հազար դեղահատ «Գլիկլազիդ» («Diabeton MR»)  455մլն 400 000 ՀՀ դրամ արժողությամբ՝  մեկ հաբի համար վճարելով՝ 44 դրամ,  իսկ «Գլիմեպիրիդ/Մետֆորմին 2մգ/500մգ» («Դինգա»)՝ մոտ  7.5 մլն դեղահատ՝ 108 մլն 882 351 ՀՀ դրամ արժողությամբ (մեկ հաբը՝ 14.47 դրամ):

Մեկնաբանություններ (10)

Վարսենիկ
Դեղագետ չեմ և չեմ էլ հասկանում բոլոր դեղերից ։Բայց դինգաի մասին հենց նոր ինձ տեղեկություն տվեցին րդ ից, որ արդյունավետ ազդեցություն է ունեցել օգտագործողների մոտ։ ԵՒ հարցմում էին ինչպես կարող են ձեռք բերել։ Ըստ ինձ, եթե դեղը վատ ազդեցություն ունենար չեին հետաքրքրվի։
Հասմիկ
Բռավո Աննա:
Դավիթ
Աննա ջան, հեռախոսիդ համարը ասա գամ մի հատ, չէ բազմաթիվ անգամ ճակատդ համբուրեմ: Շատ տեղին ու դիպուկ է ասված: Բռռռաավոոո˜ Չէ... թշվառ չէ Հայաստանը, եթե կանայք այսպես են...
Կարինե
Արփմեդի անորակ դեղի շնորհիվ դեկտեմբերի վերջին Սպիտակի դժբախտ դեպքի գլխավոր պատխճառն էր.
Նելլի
Բայց ինչ չար ու նախանձ եք մարդիկ...Ոնց կարելի է վատաբանել` առանց հիմնավոր ապացույցների։ Հոդվածագիր _ դու և դուք` մեկնաբանողներ. երբևէ եղել եք այդ ձեռնարկությունում? Ինքներդ երբևէ բացասական արդյունք ստացել եք նրանց դեղերից, թե միայն հայավարի բամբասում եք?
Ջուլիետա
Հարգելի հոդվածագիր, իսկ Դուք կարող եք գոնե 1 դեղ ասել, որը չունի կողմնակաի ազդեցություններ, միթե Ձեր ասած Ամարիլ M-ի նույն կողմնակի ազդեցությունները չունի? Իհարկե ունի: Ու նման ազդեցությունները դիտվելու են այդ ազդող նյութերը պարունակող ցանկացած դեղի մոտ, անկախ նրանից թե ով է այդ ընկերության սեփականատերը: Հերիք է մի երկու գրոշով ծախվեք ու զրպարտեք հայկական արտադրության ամեն ինչ, այդ թվում և դեղերը:
Anna
4.Դուք ուրախ չե՞ք, որ սեփականատերերը հայեր են, արարում են, ստեղծագործում, ի վերջո ազգանվեր գործ կատարում: Ի՞նչ է, ամեն ինչ տանք օտարին ու հպատակվե՞նք (ծանոթացում. Արփիմեդը արտադրում է ավելի քան 160 անվանում դեղորայք, ունի ավելի քան 100 աշխատակից: Եվ այսօրվա շատ ներմուծված դեղեր, որ կրկնակի, եռակի անգամ մատչելի են դառնում, դա ինչ-որ տեղ նաև Արփիմեդի շնորհքն է:): 5. Մինչև ե՞րբ մենք պետք է օտարամոլ լինենք, ու մեկս մյուսին չվստահենք, մինչև ե՞րբ պետք է, ուրախանալու փոխարեն, շահից ելնելով, մեկս մյուսի ստեղծածը վատաբանենք: Հարգե ՛լի հոդվածագիր, ապրիլյան 4 օրյա պատերազմին ո՞վ էր կանգնած քո եղբայրների, հայրերի, պապերի կողքին, ներմուծողները՞...օտարները... և քանի ապրիլյան պատերազմներ ենք դեռ ունենալու... Մեր երկիրը կառուցո ՛ղը՝ մենք ենք, և այն գումարները, որ ծախսում ենք օտարի արտադրանքը գնելով, նրան փառաբանելով, դրանով իսկ վնասում ենք մեր երկրին, ժողովրդին, բանակին, զինվորին... Մինչև ասելը, թե ի ՞նչ է արել Հայաստանը քեզ համար, ասա թե ինչ ես արել դու ինքդ նրա համար ...
Anna
Հոդվածագիրը ընդհանրապես չի տիրապետում դեղագիտությանը և սիրողական բամբասանքներ է ներկայացրել... 1.Իսկ դուք գիտե՞ք, որ Դինգա դեղի ակտիվ նյութը այլ է, իսկ Դիաբետոն MR-ինը՝ այլ, և հնարավոր է մի դեղը մյուսով փոխարինելիս էֆեկտը թույլ լինի՝ կախված անհատականությունից, տվյալ դեղի նկատմամաբ օրգանիզմի զգայունությունից, ուղեկցող հիվանդություններից և այլ գործոններից: 2.Դինգա խմում է մեր հանրապետության դիաբետով հիվանդ անձանց մեծամասնությունը և այդ 7 հիվանդին մատնանշելը ուղղակի ծիծաղելի է... Հաշվե՞լ եք, թե դրանք հիվանդների քանի տոկոսն են կազմում: Եվ գիտե ՛ք, որ ձեր նշած կողմնակի երևույթները բնորոշ են մետֆորմին+ գլիմեպիրիդ կոմբինացիայով արտադրված ցանկացած արտադրողի արտադրանքին՝ լինի դա Դիգա, Ամարիլ M, թե այլ անվանում: 3. Նախքան Դինգան կհասնի մեր ազգաբնակչությանը, ԱՆ դեղերի փորձագիտական կենտրոնը մանրակրկիտ ուսումնասիրում է այդ դեղը և եթե նույնիսկ չնչին շեղումներ լինեն - Առողջապահության նախարարությունը թույլ չի տա արտադրել այդ դեղը:
Լիլիթ
Ես արդեն 2 տարի դինգա եմ խմում և շատ գոհ եմ, կողմնակի ոչ մի ազդեցություն չեմ նկատում և ինձ շատ լավ եմ զգում: Ընտանիքում օգտագործում ենք Արփիմեդի մյուս արտադրանքներից էլ, օր. վիտամին C, անտի քոլդ, ամուսինս ճնշման դեմ խմում է էնալապրիլ H, ամլոդիպին, երբեմն կապոտրիլ ....մենք շատ գոհ ոնք, շնորհակալություն մեր տեղական արտադրողին` նման որակյալ և մատչելի դեղեր մեր ազգաբնակչությանը մատակարարելու համար: Իսկ էտ ովքեր գոհ չեն եղել իբր, ինչու չեն ցանկացել ներակայանալ? ես դրանից հետևություն եմ անում, որ կեղծ է գրվածը, շինծու:
հայ
Եթե մի տեղ նշվում է Գագիկ Հարությունյանի անունը, ապա այդ դեղամիջոցը անկասկած վնասակար է և վտանգավոր։ Անկախ այն բանից, թե բժիշկները կամ դեղավաճառները ինչպիսի խորհուրդ կտան դիաբետ ունեցողներին, միանշանակ պետք է խուսափել «դինգա» կոչվածի օգտագործումից, քանի֊որ բացառվում է նշված անձանց կողմից որևե մարդասիրական կամ մարդանպաստ գործունեություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter